«Սեղանին դրված է համաձայնագիր, դա նորացված նախագիծ է, որ ներկայացրել է Սթիվ Ուիթկոֆը (Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականը): Այն պետք է ընդունել: Բանակը կատարել է փոխանակման գործարքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Այժմ որոշումը Նաթանյահուի ձեռքում է: Գազա քաղաքի գրոհի ժամանակ պատանդների կյանքը կհայտնվի սպառնալիքի տակ»,- հայտարարել է գեներալ-լեյտենանտ Զամիրը:
Վահրամ Աթանեսյան
Մի քանի օր առաջ, երբ ֆեյսբուքյան գրառում էի արել, որ մեր «ազգ-բանակ» քարոզչությանը Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են հակադրել իրենց իրական ազգ-բանակը, եւ Հայաստանի երեք միլիոն հայությունը կմնա աղետի դեմ բացարձակապես միայնակ, «բազմագիտակ» մի հայուհի առարկել էր. «Բա Իսրայելը թշնամիներով շրջապատված չէ՞»: Այս կարգի «հիմնավորումների» պատասխանը պետք է որ հստակ լիներ Իրանի դեմ տասներկուօրյա պատերազմից, երբ ակնհայտ էր, որ Նաթանյահուն առանց Թրամփի «օրհնության» ոչ մի քայլ չի ձեռնարկում, որ իսրայելական բանակի հզորությունը պայմանավորված է Միացյալ Նահանգների ուղղակի, անմիջական աջակցությամբ, բայց այդ մասին չէ «երգը»:
Իսրայելական Channel 13 հեռուստաալիքը հայտնում է, որ Հայֆայի ռազմածովային ուժերի հենակայան այցի ընթացքում Իսրայելի Պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը վարչապետ Նաթանյահուին կոչ է արել «անհապաղ ընդունել» հրադադարի հաստատման եւ պատանդների ու պահվող անձանց մասին համաձայնագիրը: «Սեղանին դրված է համաձայնագիր, դա նորացված նախագիծ է, որ ներկայացրել է Սթիվ Ուիթկոֆը (Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականը): Այն պետք է ընդունել: Բանակը կատարել է փոխանակման գործարքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Այժմ որոշումը Նաթանյահուի ձեռքում է: Գազա քաղաքի գրոհի ժամանակ պատանդների կյանքը կհայտնվի սպառնալիքի տակ»,- հայտարարել է գեներալ-լեյտենանտ Զամիրը: Ավելի վաղ նա իր տեսակետը ներկայացրել է ռազմա-քաղաքական կաբինետի նիստում: Բայց եթե մինչ այժմ նրա եւ Նաթանյահուի միջեւ տարաձայնությունների մասին միայն ենթադրություններ էին արվում, ապա այսօր դա արդեն հրապարակայնացված է. բանակի ԳՇ պետն Իսրայելի հանրությանը նախազգուշացրել է, որ Գազա քաղաքի գրոհը կարող է այնտեղ պահվող իսրայելցի պատանդների կյանք արժենալ, եւ վճռական որոշում պետք է վարչապետ Նաթանյահուն կայացնի: Ընդ որում, խոսքը կենդանի մնացած ոչ ավելի, քան քսան իսրայելցու կյանքը խնայելու մասին է, եւ գեներալ-լեյտենանտ Զամիրը քաջ գիտի, որ նրանց հայրենադարձության դիմաց Իսրայելը պետք է հարյուրավոր պաղեստինցիների բանտերից ազատ արձակի: Սա դեռ խնդրի ռազմա-մարդասիրական կողմն է:
ՀԱՄԱՍ-ի հետ Նաթանյահուի գործարքը քաղաքական ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ՝ կարեւորը դա է: Բայց անգամ այս իրավիճակում Իսրայելի բանակի ԳՇ պետը հրապարակայնացնում է, որ Նաթանյահուն «անհապաղ պետք է ընդունի Ուիթկոֆի նախագիծը»: Ակամայից հիշվում է տարածված տեղեկությունը, որ Ադրբեջանի հարձակումից մի քանի օր հետո Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետը վարչապետին առաջարկել է «պատերազմը կանգնեցնել»: Նախ, պատերազմի նման ընթացքը ԳՇ կողմից պետք է կանխատեսվեր եթե ոչ տարիներ, ապա գոնե ամիսներ առաջ: Երկրորդ, ի՞նչն էր խանգարում, որ ԳՇ պետը պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին հայտարարեր բաց: Իսրայելում այդպես է: Այդպես եղավ Ուկրաինայում, երբ զորքերի գլխավոր հրամանատար Զալյուժնին հրաժարական տվեց:
