Հայաստան

Նոյեմբերի 9-ի Պարտությունն Ու Օգոստոսի 8-ի Ձեռքբերումը

Հայաստանյան ներքաղաքական դաշտում առաջ բերվող ընդդիմադիրների կարծիքը, որ օգոստոսի 8-ի համաձայնագիրը նշանակում է Հայաստանի տարածքի մասնատում, ինքնիշխանության կորուստ և այլն, վերաբերում է նոյեմբերի 9-ին։ Հենց նոյեմբերի 9-ն էր Ադրբեջանը մեզ դեմ տալիս ու միջանցք պահանջում, որն էլ պիտի հսկեին ռուսները։ Եթե նոյեմբերի 9-ը տեղի ունենար, ապա վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանը կորցնում էր իր ինքնիշխանությունը։

Ռոբերտ Ղևոնդյան

1inTV-ն զրուցել է Անվտանգային քաղաքականության հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ՀՀ արտգործ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ։ Հարցազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը մի շարք պարզաբանումներ էր տվել օգոստոսի 8-ի համաձայնագրի վերաբերյալ՝ ներառյալ այն, որ դեռևս չկա պայմանագրի ստորագրում, այլ համաձայնագրի նախաստորագրում, բայց խաղաղությունն արդեն փաստ է, ինչպես նաև խոսել էր ճանապարհների ապաշրջափակման, բեռների անխոչընդոտ, փոխադարձ համաձայնության անցման մասին և այլն։

Փորձագետը չհամաձայնեց Արարատ Միրզոյանի կարծիքին, որ խաղաղությունն արդեն հաստատված է ու փաստ է։ Նա իր կարծիքը հիմնավորեց նրանով, որ ստորագրված պայմանագիրն ինքն իրենով ոչինչ է, եթե գործողություններով հաստատում դեռ չի գտել։ Խաղաղության հաստատման մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ արդեն գոնե մեկ անգամ բեռ տեղափոխվի Հայաստանի ու Ադրբեջանի տարածքով, մարդիկ գնան գան, հասկանանք, թե տեխնիկապես այդ ամենն ինչպես է աշխատում։ Այդ պարագայում հնարավոր կլինի ասել, որ խաղաղությունը կա, բայց հիմա դեռևս վաղ է խոսել դրա մասին։ Ղևոնդյանը նշեց, որ իրավական, փաստաթղթային մակարդակում Հայաստանը, որպես այդ համաձայնագրի համահեղինակ, իհարկե նաև Ադրբեջանի ու ԱՄՆ-ի  հետ, բավական բարելավել է իր դիրքերը։ Դիվանագիտական մակարդակում տեղի ունեցողը  համապատասխանում է Հայաստանի շահերին։ Բայց փորձագետը պնդեց, որ միայն փաստաթղթի ստորագրումը դեռևս բավարար չէ։ Զուտ այդ առումով համեմատության համար նա օրինակ բերեց 2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը՝ նշելով, որ այնտեղ ևս Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ պարտավորություններ էին վերցրել, բայց ի՞նչ եղավ։ Պայմանագրի ստորագրումից հետո երկու տարվա ընթացքում Հայաստանի ու  Ադրբեջանի միջև երեք խոշոր ու այլ մանր ռազմական բախումներ են տեղի ունեցել, դեռ չասած Արցախի հարցը։ Այսինքն կարևորը արդեն կատարված փաստն է, ոչ թե զուտ պայմանագիրը։

Ղևոնդյանը նշեց, որ հայաստանյան ներքաղաքական դաշտում առաջ բերվող ընդդիմադիրների կարծիքը, որ օգոստոսի 8-ի համաձայնագիրը նշանակում է Հայաստանի տարածքի մասնատում, ինքնիշխանության կորուստ և այլն, վերաբերում է նոյեմբերի 9-ին։ Հենց նոյեմբերի 9-ն էր Ադրբեջանը մեզ դեմ տալիս ու միջանցք պահանջում, որն էլ պիտի հսկեին ռուսները։ Եթե նոյեմբերի 9-ը տեղի ունենար, ապա վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանը կորցնում էր իր ինքնիշխանությունը։ Առհասարակ Հայաստանը իր ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առաջ կանգնելու է առաջին հերթին այն ժամանակ, երբ ու եթե Ռուսաստանը փորձի վերականգնել Խորհրդային Միությունը։ Եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանն առաջինն է այնտեղ մտցվելու որպես «Թաթարստան» և ունենալու այն «առավելությունները», որ նշում են ընդդիմադիր գործիչները։ Նոյեմբերի 9-ին Հայաստանը պարտված էր, իսկ օգոստոսի 8-ին՝ Հայաստանը առնվազն համահավասար կողմ է։ Սա պարզ ու հասկանալի փաստ է։

Ռոբերտ Ղևոնդյանը նաև խոսեց ՀՀ ներքաղաքական իրավիճակի մասին՝ նշելով, որ 2026-ի ընտրություններին ներկայիս իշխանությունները հավանաբար կրկին Ազգային Ժողովում մեծամասնություն կունենան։ Դրան զուգահեռ, Ազգային Ժողով կփորձեն մտնել այնպիսի ուժեր, որոնք սկզբունքորեն դեմ չեն օգոստոսի 8-ի համաձայնագրին և կարող են մրցակցել իշխանության հետ խաղաղության դաշտում։ Փորձագետը քիչ հավանական համարեց, որ պայմանագրերի չեղարկում և պատերազմ պահանջող ուժերը կարողանան առհասարակ անցողիկ քվե ստանալ։ Նրանց փոխարեն կարող են ԱԺ անցնել այն ուժերը, որոնք ռուսական կողմնորոշում ունեն, բայց հայ-ադրբեջանական համաձայնագրի չեղակում չեն առաջարկում։ Ու քանի որ ռուսամետների քանակն ավելի շատ է, քան պատերազմ ցանկացողների, ապա տեղի կունենա նաև ձայների փոշիացում, ինչը կերևա առաջին հերթին պատերազմ ցանկացող ուժերի վրա։

Փորձագետը խոսեց նաև Արցախի ու արցախցիների մասին՝ նշելով, որ Արցախը ոչ մի տեղ չի անհետացել ու վերացել և ոչ էլ արցախցիներն են վերացել։ Աշխարհում նաև գործում է ինքնորոշման իրավունքը, դա չի չեղարկվել։ Բացի Ադրրբեջանից, ուր Արցախի հայերին ամենայն հավանականությամբ կբանտարկեն, արցախցիների իրավունքների, ինքնորոշման իրավունքի պայքար կարող է ընթանալ։ Եվ պիտի ընթանա։ Բայց Արցախի հայերը պիտի հասկանան մեկ բան․ Արցախը պետք է պահանջել Ադրբեջանից, ոչ թե Հայաստանից։ Ադրբեջանն է օկուպացրել Արցախը, Ադրբեջանն է հայաթափել այն, ոչ թե Հայաստանը։ Հայաստանը չունի և մոտ ապագայում հազիվ թե բավարար չափով ռեսուրսներ ունենա Արցախ ազատագրելու համար։ Դա ևս պարզ ու հասկանալի է։

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *