Հայաստան

Բաքվի Համար Պատերազմն Այլևս Ձեռնտու Չէ

Մենք լավ օրից չէ, որ գնացինք Վաշինգտոն և օգնություն խնդրեցինք։ Եթե Ռուսաստանը իրոք մեզ որպես դաշնակից դիտարկեր ու Հայաստանը վերածեր ֆորպոստի, ուժեղացներ Հայաստանը տնտեսական ու ռազմական առումով, այստեղ որակյալ զենք տեղադրեր, ընդ որում մեծ քանակի, ապա Ալիևը երբեք չէր համաձայնի այդպես խոսել ոչ հայերի հետ, ոչ էլ առավել ևս Ռուսաստանի։ Արցախում էլ Ռուսաստանը կունենար այն ազդեցությունը, որ ցանկանում էր, բայց ադրբեջանցիները պարզապես վռնդեցին նրանց։

Դավիթ Ստեփանյան

FactorTV-ն զրուցել է ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Ստեփանյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է օգոստոսի 8-ին կնքված համաձայնագիրը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել դրա շուրջ եղած որոշ մեկնաբանությունների։

Դավիթ Ստեփանյանը կարևորել է այդ համաձայնագրի ստորագրումը, հատկապես անդրադարձել այն բանին, որ ԱՄՆ-ն ըստ էության Հայաստանը դիտում է որպես տեխնոլոգիական կենտրոն, բայց իրեն մտահոգում է այն, որ այդ համաձայնագիրն ու դրանում հնչած կետերը առայժմ դեկլարատիվ մակարդակ ունեն և ցանկալի է օր առաջ ավելի հստակեցնել հնարավոր ամեն ինչ, միաժամանակ նշելով, որ ինքը չի կիսում իշխանական այն էյֆորիան, որ արդեն խաղաղություն հաստատվել է ու վերջ։ Ադրբեջանը պարզապես հիմա ենթարկվում է ամերիկյան խաղաղության օրակարգին ու ամերիկյան գործողությունների հետևանքով այնպես է դառնում, որ Ադրբեջանին ևս արդեն ձեռնտու չէ Հայաստանի վրա հարձակվելը։

Քաղաքագետը նշեց, որ Հայաստանի խորհրդարանական ընդդիմության կարծիքի հետ համաձայն չէ, որ օգոստոսի 8-ը շատ  ավելի վատն է, քան նոյեմբերի 9-ը։ Նոյեմբերի 9-ով Հայաստանը պարտված էր, բայց միևնույն է կապիտուլացված չէր։ Հիմա պետք չէ ու չի կարելի օոգոստոսի 8-ը, որ անհամեմատ ավելի լավ պայմաններ է առաջարկում, նույնացնել նոյեմբերի 9-ի հետ։ Նոյեմբերի 9-ը առաջարկում էր, որ Հայաստանը իր տարածքը որպես միջանցք կտա Ադրբեջանին, մնացածն էլ կհսկի Սյունիքը։ Օգոստոսի 8-ը կարելի էր համեմատել նոյեմբերի 9-ի հետ, եթե այնտեղ իրականություն դառնար այն, ինչ մի պահ նշել էր Թուրքիայում ԱՄՆ դեսպանը՝ 99 տարով ամերիկյան ինչ որ մասնավոր մարմնի վարձակալության տալու հետ կապված։ Հայկական կողմը մերժեց այդ վարձակալության պայմանագիրը, ուստի ստորագրված համաձայնագրում հստակ արձանագրված է, որ ամեն ինչ հիմնված է տարածքային ամբողջականության սկսզբունքի վրա։ Կարևոր է այն, որ ապաշրջափակման շարունակությունը և սահմանազատումը շարունակվելու է, ընդ որում Սյունիքից։

Քաղաքագետը մի պահ վերհիշեց 2021թ․ երբ ադրբեջանցիները կարողանում էին հայհոյանքներով ու փայտերով գալ ու ըստ էության տարածք օկուպացնել մեր սահմանների ներսում ու տարածված էր այն կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը չկրակելու հրաման է տվել։ Այդ օրերին մենք պարզապես աղերսում էինք ռուսներին, որ գան ու մեզ փրկեն, Փաշինյանն էլ ողջ սահմանագիծը լցրել էր ռուսական ռազմաբազաներով, որ իբրև թե պիտի մեզ փրկեն, իսկ իրականում դրանք շարունակում էին թուրքերի գործը և Հայաստանը որոշել էին մաս մաս Փարուխացնեն։ Այն հարցին,թե ի վերջո այդ ի՞նչ պատահեց, որ Փաշինյանը մարսում է այդ ռազմաբազաների դուրս բերումը Հայաստանից, Հայաստանի մոտեցումը Արևմուտքին և այլն, Դավիթ Ստեփանյանն ասաց, որ պատահեց Ուկրաինան և Պուտինի սխալ հաշվարկները։ ՌԴ նախագահի սխալ հաշվարկները, հատկապես ուկրաինական պատերազմում հասցրին այն կետին, որ նրանց ճարտարապետությունը միանգամից փլվեց Հարավային Կովկասում։ Սա է ամբողջը, այլ ինչ որ դավադրություններ չկան։ Պուտինի պլանն այն էր, որ մի քանի օրում գրավեն Կիևը, հետո հերթով նախկին ԽՍՀՄ երկրների առաջնորդներին կանչեն ու ասեն, որ դուք այսինչ բանը այսպես կանեք ու հերթով կմտնեք Միութենական պետություն, բայց Արևմտյան ջանքերով Ուկրաինան տապալեց ռուսական ծրագիրը։ Այդ հատուկ գործողությունը, որ մի քանի օր պիտի տևեր, ձգվում է արդեն երեք տարուց ավել ու Աստված գիտե, թե դեռ ինչքան կտևի՝ Ռուսաստանի համար իմիջային, նյութատեխնիկական ու տնտեսական, մարդկային լրջագույն բեռ դառնալով։ Հենց դա կործանեց ռուսական պլաններն այստեղ։ Մենք լավ օրից չէ, որ գնացինք Վաշինգտոն և օգնություն խնդրեցինք։ Եթե Ռուսաստանը իրոք մեզ որպես դաշնակից դիտարկեր ու Հայաստանը վերածեր ֆորպոստի, ուժեղացներ Հայաստանը տնտեսական ու ռազմական առումով, այստեղ որակյալ զենք տեղադրեր, ընդ որում մեծ քանակի, ապա Ալիևը երբեք չէր համաձայնի այդպես խոսել ոչ հայերի հետ, ոչ էլ առավել ևս Ռուսաստանի։ Արցախում էլ Ռուսաստանը կունենար այն ազդեցությունը, որ ցանկանում էր, բայց ադրբեջանցիները պազրապես վռնդեցին նրանց։ Ու հիմա զարմանալու բան այլևս չկա, որ ամեն ինչ այսպես ստացվեց։ Ռուսները իրենք իրենց ձախողեցին ու ԱՄՆ-ն էլ զբաղեցրեց այն դատարկ տեղը, որ թողեցին ռուսները։ 

Քաղաքագետը միաժամանակ հավելեց, որ նոյեմբերի 9-ը իրականություն չի դարձել ու այլևս չի դառնալու, նույնիսկ եթե Հայաստանում ռուսամետ ուժեր, դիցուք Ռոբերտ Քոչարյանը իշխանության գան։ Նոյեմբերի 9-ը ոչ միայն հայերով, այլև ադրբեջանցիներով է պայմանավորված, իսկ նրանք համաձայն չեն նոյմեբերի 9-ին ու ռուսներն այսօր այլևս ի զորու չեն որևէ մեկին որևէ բան ստիպել։ Այո, հնարավոր է տեսական առումով, որ Հայաստանում նաև ռուսամետ ուժեր գան իշխանության, բայց իրականում շատ փոքր է այդ հնարավորությունը, հաշվի առնելով, որ 2026-ի ընտրություններին ընդառաջ ոչ միայն իշխանությունն է ուժեղացնում իր դիրքերը, այլև առաջացել է նոր ընդդիմադիր շարժում՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, որը պայքարելու է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ նրանց ձայները ստանալու համար։

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *