Բայց եթե առաջնորդվելու լինենք առաջին նախագահի մասին վերն ասվածի տրամաբանությամբ, ապա Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ էր մի ամբողջ ժողովրդի փոխարեն միանձնյա եւ ճակատագրական որոշում ընդունել եւ համաձայնել այն առաջարկությանը, որի իրացման դեպքում. -ԼՂ շուրջ բոլոր տարածքները, բացի Լաչինի «միջանցքային հատվածի» վերադարձվելու էին Ադրբեջանին։
Վահրամ Աթանեսյան
Լրատվամիջոցներից մեկն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին գրել է. «Մարդը 98-ին հասկացավ, որ չի կարող ճակատագրական ու միանձնյա որոշում կայացնել մի ողջ ժողովրդի փոխարեն եւ չարաշահել պետության կառավարչի՝ իրեն ժամանակավորապես վստահված պաշտոնը»: Հեղինակն այսպիսով հակադարձում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով առաջին նախագահի հրաժարականը որակել է պատասխանատվությունից «փախուստ»: Փաշինյանի հասցեին ընդդիմության գլխավոր մեղադրանքն այն է, որ մերժել է ԼՂ կարգավորման «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը, հայտարարել, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ», ինչն էլ դարձել է պատերազմի, պարտության, Արցախի կորոստյան պատճառ»:
Բայց եթե առաջնորդվելու լինենք առաջին նախագահի մասին վերն ասվածի տրամաբանությամբ, ապա Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ էր մի ամբողջ ժողովրդի փոխարեն միանձնյա եւ ճակատագրական որոշում ընդունել եւ համաձայնել այն առաջարկությանը, որի իրացման դեպքում. -ԼՂ շուրջ բոլոր տարածքները, բացի Լաչինի «միջանցքային հատվածի» վերադարձվելու էին Ադրբեջանին -ադրբեջանցիները վերդառնալու էին Շուշի, Խոջալու, Ստեփանակերտ եւ այլ բնակավայրեր -Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չէր որոշվելու -ԼՂ-ում եւ Սյունիքում տեղաբաշխվելու էին Ռուսաստանի «խաղաղապահ ուժեր» -բացվելու էր Ադրբեջան-Նախիջեւան ցամաքային անարգել հաղորդակցությունը:
Խնդիրն այն չէ, որ «առաջարկությունների մերժումը» բերել է պատերազմի: Սկզբունքորեն կարող ենք ասել, որ պատերազմը ԼՂ կարգավորման փուլային տարբերակը մերժելու ուղղակի հետեւանք է, բայց մնանք նույն հարթության վրա. «Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ էր վերոնշյալ պայմաններով միանձնա որոշում կայացնել եւ գնալ Ադրբեջանի հետ կարգավորման»: Առարկությունը հայտնի է. «Թող դիմեր ժողովրդին, բացատրեր իրավիճակը, հիմնավորեր, որ այլընտրանքը կործանիչ պատերազմն է»: Բայց ժողովրդին կոչով չի դիմել նաեւ առաջին նախագահը, իսկ երբ 2017-ին զգուշացնում էր, որ մեր ժողովրդին նոր պատերազմ, նոր զոհաբերություններ են սպասում, քաղաքական դաշտի բացարձակ մեծամասնությունը նրան ծաղրում էր, թե թուրքերի հետ «քիրվայություն է քարոզում»: Տեր-Պետրոսյանի հրաժարականը հիմնավորելով ժողովրդի փոխարեն որոշում չընդունելու նրա քաղաքական պարկեշտությամբ, հոդվածագիրը փաստացի արդարացնում է Նիկոլ Փաշինյանին, ով նույնիսկ պատերազմից մեկ շաբաթ առաջ չէր կարող Հայաստանի եւ Արցախի հանրությանը համոզել, որ «հողերը չտալու» այլընտրանքը լայնածվալ պատերազմն է:
