Հայ-թուրքական հարաբերությունները, որ նաև հետևանք ու պատճառ են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այս պահին նաև մեծ ազդեցություն ունեն ողջ տարածաշրջանի քաղաքականության ձևավորման հարցում։
Շահան Գանտահարյան
1inTV-ն զրուցել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունները։
Շահան Գանտահարյանն այն կարծիքն է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունները միագիծ չեն և միայն հայկական ու թուրքական կողմի գործիքները չեն, դրանք շատ ավելի լայն ու ընդգրկուն են ու այդ հարաբերությունների որակական փոփոխությունը կախված է ոչ միայն հայկական ու թուրքական կողմերի ցանկությունից ու կամքից, այլև մի շարք այլ աշխարհաքաղաքական իրադարձություններից։ Մոտ ժամանակներս ակնկալվում է թուրքական կողմից այցը Երևան՝ Սեյդար Քըլրչի գլխավորությամբ, հավանաբար դա տեղի կունենա Մարգարայի կամրջով։ Մարգարայի կամրջի օգտագործումը կլինի երրորդ դեպքը այն բանից հետո, երբ առաջին անգամ այդ կամուրջն օգտագործվել էր Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո հումանիտար օգնություն ուղարկելու ժամանակ, իսկ երկրորդ անգամ հումանիտար օգնությունն ուղարկվել էր Սիրիա։
Գանտահարյանն ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերություններում սպասվող փոփոխությունները միանգամից չեն լինելու, այլ ավելի շատ փուլային փոփոխությունների տեսք կունենան։ Ընդ որում սխալ կլինի միակողմանիորեն ասել, որ շատ լավ կամ շատ վատ է լինելու։ Հարկավոր է ավելի սառը և սթափ դատել։ Հայ-թուրքական հարաբերությունները, որ նաև հետևանք ու պատճառ են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այս պահին նաև մեծ ազդեցություն ունեն ողջ տարածաշրջանի քաղաքականության ձևավորման հարցում։ Թուրքական կողմը բարյացկամությամբ է խոսում և՛ հայ-թուրքական, և՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին։ Դա էլ իր հերթին ազդում է Բաքվի տրամադրությունների վրա։ Առհասարակ վերջին շրջանում Թուրքիայի ակտիվ տարածաշրջանային քաղաքականության մեջ նկատելի է Անկարայի աճող ազդեցությունը Բաքվի վրա, ինչը երևում է ոչ միայ հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում, այլ Ադրբեջանի հակառուսական քաղաքականության դրսևորմամբ։ Գաղտնիք չէ, որ Անկարան է ղեկավարում Բաքվի արտաքին քաղաքականության, մասնավորապես ռուսական գիծը և Ալիևը սովորաբար անում է այն, ինչ «խորհուրդ են տալիս» Անկարայում։
Շահան Գանտահարյանը նաև խոսեց Թուրքիայի՝ Մերձավոր Արևելքում քաղաքականության մասին՝ մասնավորապես ընգծելով նրա գործողությունները Սիրիայում և Իսրայելի ուղղությամբ։ Անկարան սիրիական հարցը ցանկանում է լուծել բավական արագ ու արդեն իսկ որոշ տարածքներ վերցրել է՝ դրանով իր սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հարցը լուծելով։ Բայց պետք չէ մոռանալ նաև այն, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները նաև ենթակա են Իսրայել-Ադրբեջան հարաբերություններին։ Մի կողմից Բաքուն հրաշալի հարաբերություններ ունի Իսրայելի հետ, մյուս կողմից թուրքա-իսրայելական հարաբերությունները գնալով սրվում են, թեև դեռ ոչ մի կտրուկ քայլ չի արվել։ Դեռևս պայմանագրեր չեն չեղարկվել, միմյանց դեմ կտրուկ բանաձևեր չեն ընդունվել։
Գանտահարյանի գնահատմամբ տարածաշրջանում՝ և՛ Հարավային Կովկասում, և՛ Մերձավոր Արևելքում ընդհանուր քաղաքական կոորդինատորը շարունակում է մնալ ԱՄՆ-ն։ Վաշինգտոնի կողմից է հիմնականում որոշվում գործողությունների այն ցանկը և ուղղությունը, որը կատարելու դերը տրված է Թուրքիային։
Շահան Գանտահարյանը նաև իր դիտարկումներն արեց տարածաշրջանի ընդահնուր ազդեցության մասին հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հետագա հնարավորությունների վրա՝ ըդգծելով այն հնարավոր ռիսկերն ու առավելությունները, որոնք ընկած են այդ հարաբերությունների նորմալացման հիմքում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
