Ովքեր նրան մղել են իմ հասցեին զազրախոսության, նույնպես պատգամավորական այդ ցուցակում են: Եւ եթե ժամանակին հասցրել են ՀՀՇ թեւի տակ ներկայանալ որպես Ստեփանակերտում «միակ» կամ «երկվորյակ տղամարդ», դրանից իրենց կշիռը չի փոխվում:
Վահրամ Աթանեսյան
Մեր Խոսքը՝
Վերջին ժամանակներում ապատեղեկատվությունն ու բամբասանքը տարածվում են ահռելի ծավալով։ Եթե սրանից մոտ տասը կամ տասնհինգ տարի առաջ այդ ամենով հիմնականում զբաղվում էր դեղին մամուլը, որն էլ փորձում էր կեղծ սենսացիաներով կամ անհեթեթ դետեկտիվներով բաժանորդ գրավել, քանի որ գումարը երբեք չի հերիքել, ապա ներկայումս ապատեղեկատվությունն ու բամբասանքը դարձել է ամենօրյա գործիք, ընդ որում արդեն ոչ մի սահման չճանաչող։ Եթե 2012 թվականին կարելի էր ապատեղեկատվությունը համարել հանրային դաշտ նետված հիմար պարծենկոտություն կամ նույնիսկ անմեղ մի սուտ, ինչ որ գիտաֆանտաստիկ թեմայով, ապա այսօր, այն ոչ միայն գրեթե ազգային անվտանգության մակարդակի սպառնալիք է, այլև անգրագետ ու կեղտոտ, քանի որ ոչ միայն անմեղ ստի փոխարեն զբաղված է մարդկանց զրպարտելով, այլև դա արվում է անգրագետ և անմակարդակ ձևով։ Ամեն օր տասնյակ մարդիկ են համացանցում տարբեր զրպարտությունների թիրախ դառնում։
Առաջարկում ենք ընթերցել Արցախի նախկին պատգամավոր, լրագրող, Մեր Ուղինի թղթակից Վահրամ Աթանեսյանի գրառումն այդ թեմայով, ում հասցեին ևս տարածվել են չստուգված ու կեղծ պատմություններ։
Մեր Ուղին
Վասն Անգիտության
Արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը «գծերից դուրս է թռել» կամ նրան սխալ մատնագիր են փոխանցել: Նա զարմացած է, թե ինչպես է տողերիս հեղինակը «խմբագրել «Ազատ Արցախ» թերթը, եթե հիմա Արցախը համարում եմ Ազարբայջան»: Սույն պարոնը եւ նրա խորհրդատուների այս հավաստիացումը վկայում է, որ նրանք ոչ միայն Արցախի խնդրից, այլեւ պատմությունից են բացարձակապես անտեղյակ: Այլապես կիմանային, որ ես երբեք «Ազատ Արցախ» թերթի խմբագիր չեմ եղել:
Լրագրողական գործունեությունս սկսել եմ «Խորհրդային Ղարաբաղ» թերթում, որ հետո վերանվանվել է «Արցախ», որտեղ աշխատել եմ մինչեւ 1994 թվականը: Եղել եմ բանակային «Մարտիկ» եւ ԱԺԿ «Հայրենիք» պաշտոնաթերթի խմբագիր, աշխատել եմ ԼՂՀ Լրատվության եւ մամուլի դեպարտամենտում, երկու տարի Ստեփանակերտում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից, աշխատակցել եմ «Ազգ» եւ «Հրապարակ» թերթերին եւ գրածս ոչ մի տողի համար չեմ ափսոսում:
Քաղաքականությունից հեռանալու պատճառների մասին ասել եմ հրապարակային հարցազրույցներում, եւ ոչ ոք չի առարկել, բերված փաստերը չի հերքել: Էդգար Ղազարյանը, որքան գիտեմ, առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Ֆերդինանդ Ղազարյանի որդին է, տանը հաստատ ունի ԳԽ մասին պատմող պաշտոնական տեղեկատու-գիրքը: Խորհուրդ եմ տալիս թերթի այն, կարդա պատգամավորների անվանական ցուցակը եւ համոզվի, որ Վահրամ Աթանեսյանը Գերագույն խորհրդի պատգամավոր է, այսինքն, քաղաքական եւ անհատական վաստակի առումով հավասար է Ֆերդինանդ Ղազարյանին, ոչ թե Էդգարին: Իսկ ովքեր նրան մղել են իմ հասցեին զազրախոսության, նույնպես պատգամավորական այդ ցուցակում են: Եւ եթե ժամանակին հասցրել են ՀՀՇ թեւի տակ ներկայանալ որպես Ստեփանակերտում «միակ» կամ «երկվորյակ տղամարդ», դրանից իրենց կշիռը չի փոխվում:
Վահրամ Աթանեսյան
