Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Բաբայանի մերձավոր շրջապատից լուրեր էին տարածվում, որ «շուտով մահափորձի գործի փուչիկը պայթելու է, բոլորը համոզվելու են, որ Բաբայանին ասպարեզից հեռացրել են քաղաքական դրդապատճառներով»:

Վահրամ Աթանեսյան

Մաս 65-րդ

Արայիկ Հարությունյանի ձեւավորած իշխանության քաղաքական նորույթն Անվտանգության խորհրդի աշխատակազմի աննախադեպ ընդլայնումն էր: Մինչ այդ այդ մարմինը գործում էր որպես զուտ խորհրդակցական կառույց, իսկ ԱԽ քարտուղարին սահմանադրությամբ վերապահված էին բացառապես արարողակարգային լիազորություններ: Քաղաքական շրջանակներում տպավորություն կար, որ Ստեփանակերտում «ստեղծվում է երկիշխանություն», եւ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը «ձգտում է ուժային կառույցների նկատմամբ վերահսկողություն հաստատել, ինչպես նաեւ ուղղակի մասնակցել սոցիալ-տնտեսական քաղաքականության մշակմանը»: 

Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Սամվել Բաբայանի նշանակումից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ նա դիմել է գլխավոր դատախազություն, որպեսզի վերաբացվի երկու տասնամյակ առաջ իր դեմ հարուցված քրեական գործը՝ կապված Արկադի Ղուկասյանի նկատմամբ իրականացված մահափորձի հետ: Իշխանության եւ իրավապահ համակարգի հետ անմիջական կապ ունեցող աղբյուրների ներկայացմամբ՝ Բաբայանի դիմումի հիման վրա գլխավոր դատախազությունը վերահարցաքննել է մի խումբ անձանց, որ քսան տարի առաջ նախաքննությանը եւ դատարանին խոստովանական ցուցմունքներ էին տվել Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձը Սամվել Բաբայանի «հրահանգով իրակացնելու» մասին: Ըստ որոշ տեղեկությունների, նրանցից ոմանք հրաժարվել են այդ ցուցմունքներից եւ վկայել, որ «քննիչները ժամանակին դրանք կորզել են ֆիզիկական եւ բարոյական ճնշումների միջոցով»: 

Բաբայանի մերձավոր շրջապատից լուրեր էին տարածվում, որ «շուտով մահափորձի գործի փուչիկը պայթելու է, բոլորը համոզվելու են, որ Բաբայանին ասպարեզից հեռացրել են քաղաքական դրդապատճառներով»: Այդ հողի վրա, ինչպես իրավիճակին քաջածանոթ անձինք են վկայում, կտրուկ լարվեցին Արայիկ Հարությունյանի եւ Արկադի Ղուկասյանի հարաբերությունները: Նա համարում էր, որ Բաբայանն առանց Հարությունյանի հովանավորության «չի կարող նման աղմկոտ հարց բարձրացնել»: 

Ո՞վ եւ ինչու՞ էր Պաշտպանության բանակի նախկին հրամանատարին մղում «բոլորին մերկացնող» գործընթաց սկսել, արդյոք դա միայն անձնական «վրեժխնդրության», թե՞ ավելի հեռու գնացող նպատակ էր հետապնդում՝ մնում է ենթադրություններ անել: Այդ փուլում Սամվել Բաբայանը խորհրդարանականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ նախագահից «լրացուցիչ լիազորություններ է ստացել»: Նման ֆորմալ հրամանագիր առայսօր հայտնի չէ: 

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *