Միջազգային

ՆԱՏՕ-ի Վերջի Սկիզբը

Ռուսաստանի հնարավոր պատասխան հարձակումների հեռանկարը կարող է ուժեղացնել ընդդիմությունը, հատկապես եթե ԱՄՆ-ը ցուցադրվի որպես ոչ վստահելի դաշնակից։ Դա, իր հերթին, կստիպի ուկրաինացիներին մտածել՝ արդյո՞ք պետք է խաղաղություն կնքել առանց արտաքին օգնության։

The Atlantic

Ռուսաստանը ուղարկել է անօդաչուների մի ամբողջ խումբ դեպի Լեհաստան։ ՆԱՏՕ-ի դաշինքի ճգնաժամը, որը մարդիկ երկու կողմերում էլ՝ Ատլանտիկայից այս ու այն կողմ, կամ ժխտում էին, կամ փորձում հետաձգել, այժմ արդեն վրա հասավ․ սա այն պահն է, երբ աշխարհը կիմանա, թե արդյո՞ք ԱՄՆ-ը հավատարիմ կմնա՞ իր դաշնակիցներին պաշտպանելու պարտավորությանը։

Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավի հենց սկզբից ԱՄՆ-ի պարտավորությունների հանդեպ՝ Եվրոպայի անվտանգությունն ապահովելու հարցում, նրա վերաբերմունքը լավագույն դեպքում երկիմաստ էր։ Դաշնակիցները փորձում էին խաբել Թրամփին՝ խաղալով նրա մեծամտության վրա, նրան «հայրիկ» անվանելով, առանց դիմադրության համաձայնելով մաքսատուրքերի պատժիչ քայլերին և ընդհանրապես ընդունելով նվաստացուցիչ ենթարկվածություն՝ թեկուզ ժամանակ շահելու հույսով։ Դաշնակիցները նույնիսկ երազում էին, որ ԱՄՆ-ը կտրամադրի անվտանգության ինչ-որ ձև, եթե եվրոպական զորքեր մտցվեն Ուկրաինա։ Սակայն Վլադիմիր Պուտինը երբեք չէր հանդուրժի եվրոպական զորքերի տեղակայումը այնտեղ, այնպես որ այդ պատրանքը կարող էր գոյատևել անվերջ։

Ամերիկայի նվիրվածության որևէ իրական փորձությունը Եվրոպայի անվտանգությանը թվում էր ապագայի խնդիր, և անցումային անկայուն շրջանում կարելի էր պահպանել թրանսատլանտյան համաձայնության ճակատը այնքան ժամանակ, մինչև Եվրոպան կդառնա բավարար ուժեղ՝ սեփական ոտքի վրա կանգնելու համար, կամ մինչև Թրամփը կհեռանա քաղաքական ասպարեզից։ Սա ձեռնտու էր և՛ ամերիկացիներին, և՛ եվրոպացիներին։ Թրամփին հարկ չէր ձեռնարկել վիճահարույց քայլ՝ բացահայտ հրաժարվելու դաշնակիցներից, նույնիսկ երբ փաստացի լքում էր նրանց, իսկ եվրոպացիներին ևս հարկ չէր բախվել իրականության հետ, որ ԱՄՆ-ը այլևս չի պաշտպանելու իրենց՝ դրա բոլոր հետևանքներով՝ կապված անվտանգության և ռազմական ծախսերի հետ։

Մյուս կողմից, Պուտինն ուներ բոլոր հիմքերը հնարավորինս արագ առաջ մղելու իրադարձությունները։ Միակ զարմանալի բանն այն է, որ նրա հարձակումը Լեհաստանի վրա ավելի շուտ տեղի չունեցավ։

Ի սկզբանե նման հարձակումը Պուտինի համար միշտ էլ իրական տարբերակ էր։ Մեր օրերում մարդիկ մեծ ուշադրություն չեն դարձնում «չեզոքության օրենքներին», բայց դարեր շարունակ՝ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, ընդունված էր, որ եթե մի երկրի կառավարությունը ուղիղ մատակարարում էր զենք և ռազմական նյութեր մեկ այլ երկրին, որը պատերազմում է երրորդի հետ, դա իրավական առումով դառնում էր պատերազմի մասնակից և, հետևաբար, օրինական թիրախ։ Բացառություն էր միայն զենքի մասնավոր վաճառքը․ դրա շնորհիվ էլ Միացյալ Նահանգները կարողացավ մատակարարել զենք Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային այն ժամանակ, երբ Վաշինգտոնը դեռ չեզոք էր Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։

Սակայն ուղղակի պետական մատակարարումներն ու զենքի վաճառքը կառավարությունների միջև համարվում էին չեզոքության խախտում, ինչը երրորդ կողմին տալիս էր իրավունք, եթե ցանկանար, պատերազմ սկսել մատակարարողի դեմ կամ ուժ կիրառել մատակարարումները դադարեցնելու համար։ Չեզոքության օրենքները տարբերություն չէին դնում ագրեսորի և զոհի միջև, քանի որ այդ տարբերությունները միշտ չէ հստակ սահմանված էին։ Եթե Պուտինը ցանկացած պահի որոշեր ռմբակոծել Ուկրաինայի մատակարարման գծերը Լեհաստանի, Ռումինիայի կամ Սլովակիայի տարածքից, նա դրա լիակատար իրավունքն ուներ։

Այդ դեպքում ինչո՞ւ նա դա չարեց։

Պատերազմի վաղ փուլերում, հավանաբար, նա այդ հնարավորությունը չուներ․ ռուսական հրթիռները սկզբում անգամ չէին կարողանում կանոնավոր կերպով հարվածել Կիևին։ Բայց ավելի լուրջ զսպող գործոնը գրեթե անկասկած ՆԱՏՕ-ի ներգրավման հեռանկարն էր, և դրա հետ միասին՝ Միացյալ Նահանգների։ Սա միշտ էլ մղձավանջային սցենար էր Պուտինի համար, հատկապես այն բանից հետո, երբ ռուսական զորքերը չկարողացան հասնել արագ հաղթանակի և խրվեցին Ուկրաինայում՝ դառնալով խոցելի։ Եթե ՆԱՏՕ-ն որևէ պահի վերջին երեք տարիների ընթացքում ներգրավվեր պատերազմի մեջ, ռուսական զորքերը Ուկրաինայում դատապարտված կլինեին։ Միացյալ Նահանգները, միայն նավերից և սուզանավերից արձակվող հրթիռներով, կարող էր ոչնչացնել Ռուսաստանի ամենակարևոր մատակարարման գիծը և նահանջի ուղին։

Ուկրաինայում ծուղակի մեջ հայտնված ռուսական զորքերը կդառնային ՆԱՏՕ-ի հրթիռների և ինքնաթիռների հեշտ թիրախ։ Պուտինը կանգնելու էր ընտրության առաջ․ կամ ՆԱՏՕ-ի դեմ լայնածավալ պատերազմ, որը չէր կարող հաղթել — միջուկային պատերազմ, որը՝ անկախ արդյունքից, կկործաներ Ռուսաստանը, կամ էլ կապիտուլյացիա։

Եվ այնուամենայնիվ, հենց սկզբից, միակ մարդիկ, ովքեր ամերիկյան միջամտությունից ավելի էին վախենում, քան Պուտինը, հենց ամերիկացիներն էին։ Հիշեք Բայդենի վարչակազմի արձագանքը պատերազմի յուրաքանչյուր փուլում։

Ամերիկյան հետախուզությունը մանրամասն տեղեկություններ էր ստացել Ռուսաստանի ներխուժման ծրագրերի մասին, ներառյալ ժամկետները, ոչ ուշ, քան 2021 թվականի նոյեմբերի սկզբին։ Այդ պահից մինչև պատերազմի սկիզբը՝ 2022-ի փետրվարին, Բայդենի վարչակազմը նախազգուշացնում էր Պուտինին նման քայլի անթույլատրելիության մասին, սպառնում էր պատժամիջոցներով ներխուժման դեպքում, ապա բավականին արդյունավետորեն տրամադրում էր հետախուզական տվյալները դաշնակիցներին և լրատվամիջոցներին։ Բայդենի վարչակազմը որևէ քայլ չձեռնարկեց, որը կարող էր ազդարարել ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի հնարավոր միջամտությունը։ Միացյալ Նահանգները  նավեր չտեղափոխեց Սև ծով, թեև դրանք միջազգային ջրեր էին և նրանք լիովին իրավունք ունեին դա անել։ Նրանք չտեղակայեցին ամերիկյան կամ նատօ-ական զորքեր Եվրոպայում, առավել ևս չուղարկեցին զորքեր Ուկրաինա։ Ընդհակառակը, Բայդենի վարչակազմը փորձում էր ամեն ինչ անել այնպես, որ ոչ մի կերպ չերևար պատրաստակամություն՝ ռազմական գործողություններով պատասխանելու այն ներխուժմանը, որի մասին նախապես նախազգուշացրել էին ողջ աշխարհին։

Կարելի է միայն ենթադրել, թե ինչպես էր Պուտինը մեկնաբանում այդ ազդանշանները։ Նրա սկզբնական պլանը կայանում էր նրանում, որ Ուկրաինայի դեմ գործեր այնքան արագ, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն կանգնեին փաստի առաջ՝ առանց արձագանքելու հնարավորության։ Բայց ամերիկացիները, նախապես իմանալով Պուտինի ծրագրերի մասին, ոչինչ չարեցին՝ բացի պատժամիջոցներից, որոնց Պուտինը պատրաստ էր դիմանալ։ Ապա այդ ամենին հետևեց Ռուսաստանի կործանարար ներխուժումը։ Մինչև 190 000 ռուս զինվոր — փաստացի Պուտինի ամբողջ մարտունակ բանակը տվյալ պահին — բառացիորեն խրվել էին ցեխի մեջ՝ հայտնվելով թակարդում Ուկրաինայի տարածքում և ենթարկվելով զարմանալիորեն տոկուն ուկրաինական զորքերի հարձակումներին։

Այդ պահին Պուտինը, անկասկած, խուճապի մեջ էր, քանզի եթե ՆԱՏՕ-ն թեկուզ սպառնար որևէ քայլ ձեռնարկել, նրա ընտրությունը կմնար կապիտուլյացիայի և ամբողջամասշտաբ միջմայրցամաքային միջուկային պատերազմի միջև։ Նա չէր կարող միջուկային զենք օգտագործել Ուկրաինայում՝ առանց սեփական զորքերը ճառագայթման ենթարկելու, իսկ եթե անգամ այդպես աներ, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն կմնային անվնաս և ունակ՝ սովորական ռազմական հարված հասցնելու նրա ուժերի մնացորդներին․ դա կլիներ շախմատային պարտություն

Եվ այնուամենայնիվ, ԱՄՆ-ը կրկին ոչինչ չարեց։ Նրանք զենք էին մատակարարում Ուկրաինային՝ դրա կիրառման վրա նշանակալի սահմանափակումներով և գիտակցաբար խուսափում էին ցանկացած քայլից, որը կարող էր մեկնաբանվել որպես ագրեսիվ։ Պուտինը հաղթահարեց Ռուսաստանի համար ամենավտանգավոր պահը Ստալինգրադից ի վեր։

Ողբերգությունից խուսափելով և լիովին գնահատելով ամերիկյան ինքնասանձման ներուժը՝ Պուտինը սկսեց ճնշում գործադրել Ուկրաինայի հարևանների և մատակարարների վրա։ Սա պատերազմական տրամաբանական շարունակությունն էր, ինչպես նաև արձագանք՝ ամերիկյան քաղաքականության հիմքում եղած հակասություններին․ մի կողմից՝ օգնություն Ուկրաինային, մյուս կողմից՝ ուղղակի առճակատումից խուսափում Ռուսաստանի հետ։ Մինչ այժմ Պուտինը չէր ստիպում Միացյալ Նահանգներին ընտրություն կատարել այս երկու նպատակների միջև։ Մինչ այժմ։

Այս պահին Պուտինի հիմնական նպատակը Ուկրաինան կապիտուլյացիայի հասցնելն է։ Կիևին ցուցաբերվող օգնությունը արդեն վիճահարույց թեմա է դարձել Լեհաստանում։ Ռուսաստանի հնարավոր պատասխան հարձակումների հեռանկարը կարող է ուժեղացնել ընդդիմությունը, հատկապես եթե ԱՄՆ-ը ցուցադրվի որպես ոչ վստահելի դաշնակից։ Դա, իր հերթին, կստիպի ուկրաինացիներին մտածել՝ արդյո՞ք պետք է խաղաղություն կնքել առանց արտաքին օգնության։

Սակայն Պուտինը մտքում ունի նաև ավելի լայն նպատակ՝ ՆԱՏՕ դաշինքի քայքայումը։

Արդեն ամիսներ շարունակ Պուտինը վարում է «ստվերային պատերազմ» ՆԱՏՕ երկրների դեմ, որը Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնը բնորոշում է որպես «համակարգված և կոորդինացված հարձակումների քարոզարշավ», որի նպատակը այն երկրների համար ծախսերի և ռիսկերի մեծացումն է, որոնք օգնում են Ուկրաինային։ Դրանց շարքում են հիմնական ենթակառուցվածքների սաբոտաժը, հրդեհներ և եվրոպական պաշտպանական ձեռնարկությունների ղեկավարների նկատմամբ մահափորձեր։ Թրամփի վարչակազմը պատասխանեց՝ եվրոպացիներին հայտարարելով, որ նրանք պետք է իրենց պաշտպանեն ինքնուրույն, քանի որ ԱՄՆ-ը այլևս չի կարող իրեն թույլ տալ դա։ մ Եվրոպայում գտնվող ամերիկյան զորքերի կտրուկ կրճատման ակնարկ արվեց, իսկ վերջերս էլ չեղարկվեց տարիներ շարունակ իրականացվող ռազմական պատրաստության ծրագիրը բալթյան դաշնակիցների համար։

«Ստվերային պատերազմը» Պուտինի բնորոշ փորձն էր՝ պարզելու, թե որքան հեռու են պատրաստ ԱՄՆ-ը և եվրոպացիները դիմանալ։ Թրամփի վարչակազմի արձագանքի բացակայությունը Պուտինին խթանեց հաջորդ քայլը կատարելու և «ստվերային պատերազմը» ստվերից դուրս բերելու։

Բացահայտ հարձակվելով Լեհաստանի վրա՝ նա ԱՄՆ-ին ստիպեց առաջնային պլան դուրս բերել անվտանգության պարտավորությունների հարցը։  Թրամփը ոչինչ չարեց՝ ի պատասխան Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտների շարունակական ռմբակոծություններին։ Բայց եթե նա ոչինչ չանի ի պատասխան Ռուսաստանի հարձակման Լեհաստանի վրա, ապա եվրոպացիները ստիպված կլինեն դադարեցնել ինքնախաբեությունը և ընդունել, որ ամերիկացիները իրականում պատրաստ չեն պաշտպանել իրենց։

Ռոբերտ Կագան

Բրուքինգս ինստիտուտի ավագ գիտաշխատող 

Աղբյուրը`

https://www.theatlantic.com/international/archive/2025/09/nato-russia-poland/684165/
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *