Շատ հավանական է, որ Հաքան ֆիդանի այս հայտարարությունն ընդամենը ցուցադրում է Թուրքիայի և Ադրբեջանի ունեցած տարաձայնությունը՝ Խաղաղության համաձայնագրի կնքման ժամկետի շուրջ։
Ռոբերտ Անանյան
Անսպասելի և ուշագրավ հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարարը՝ հստակ ժամկետ նշելով, թե երբ կարող է կնքվել հայ-ադրբեջանական համաձայնագիրը․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվելուն պես, Թուրքիան նույնպես արագ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ։ Անկարան ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հաջորդ տարվա առաջին կեսին», – այս մասին հայտարարել է Հաքան Ֆիդանը: Ուշագրավ է հենց կոնկրետ ժամկետի նշումը՝ Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին շատ մոտ։
Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ արտգործնախարարներ Միրզոյանը ու Բայրամովը նախաստորագրել էին համաձայնագրի տեքստը: Նախարար Ֆիդանը, փաստացի, Ադրբեջանի պաշտոնական տեսակետից տարբերվող ժամկետ է նշում՝ Համաձայնագրի հավանական կնքման վերաբերյալ։ Ադրբեջանը նախկինում հայտարարել է, որ Հայաստանի հետ Խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը հնարավոր է միայն նոր Սահմանադրության ընդունման դեպքում, եթե այդ փաստաթղթում չի լինի Անկախության հռչակագրին հղումը։
Երեք վարկած եմ տեսնում Ֆիդանի այս հայտարարության շուրջ։ Կարծում եմ, Նիկոլ Փաշինյանի կառավարության համար չափազանց ռիսկային կլինի սահմանադրական հանրաքվեն անցկացնել խորհրդարանական ընտրությունների ժամկետին մոտ՝ զուգահեռ կամ հետո կամ առաջ։ Խորհրդարանական ընտրությունների հավանական օրը հունիսի 7-ն է։ Առավել զգուշավոր վարքագծի դեպքում, Հայաստանի կառավարող կուսակցությունը կնախընտրի նախ հաղթել խորհրդարանական ընտրություններում, ամրապնդել իշխանությունը, և սահմանադրական հանրաքվեն նշանակել միայն 2026-ի երկրորդ շրջանում կամ 2027-ի առաջին կեսին։
Բայց նաև՝ բացառված չի, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը որոշի վա-բանկի գնալ և սահմանադրական հանրաքվեն նշանակել պառլամենտական ընտրությունների օրերին, եթե ոչ՝ նույն օրը։ Չգիտեմ՝ օրենսդրությունը թույլ տալի՞ս է պառլամենտական ընտրությունը և հանրաքվեն նույն օրն անցկացնել, թե՝ ոչ։
Հմուտ քաղտեխնոլոգիաների կիրառման արդյունքում՝ Փաշինյանի ուժը կարող է ընտրության առաջ դնել Հայաստանի քաղաքացիներին, առաջարկելով ընտրել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, կողմ քվեարկել նոր Սահմանադրությանը, հետևաբար՝ «Այո» ասել նաև Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, և իրենց տալ մանդատ՝ դե յուրե խաղաղություն հաստատելու։
Եթե այս մարտավորությունը հաջողվի՝ Փաշինյանի ղեկավարած ուժը մեկ կրակոցով երկու նապաստակ կխփի՝ կհաղթի խորհրդարանական ընտրություններում՝ խաղաղության վերջնական հաստատման օրակարգով, և կհասնի Սահմանադրության փոփոխությանը՝ ձգտելով վերացնել Ադրբեջանի կողմից ագրեսիվ վարքագծի հնարավոր ձևական պատճառներից մեկը։
Չեմ բացառում, Թուրքիայի Արտգործնախարարը ունի տեղեկատվություն կամ հավաստիացում Նիկոլ Փաշինյանի կառավարությունից, որ մտադիր են սահմանադրական հանրաքվեն և ընտրությունները նույն շրջանում անցկացնել։ Գուցե՝ դրանից դրված է Ֆիդանը կոնկրետ նշում 2026-ի առաջին կեսը։ Բայց սա իմ ենթադրությունն է, որը հիմնված չէ փաստական տվյալների վրա։ Երեկ Հայաստան էր ժամանել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, ով հանդիպել է նաև Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։
Բայց եթե Հայաստանի կողմից Թուրքիային չի տրվել հավաստիացում՝ 2026-ի առաջին կեսին Սահմանադրություն փոխելու վերաբերյալ, թեման առավել է հետաքրքրանում։
Ավելին, դա կարող է նշանակել, որ Թուրքիան ունի տեղեկատվություն Ադրբեջանից, որ վերջինս պատրաստ է Խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ 2026-ի առաջին կեսին և այլևս կնքումը չի պայմանավորելու Սահմանադրությունը փոխելով։ Անկեղծ ասած, սա ևս անհավանական է թվում, քանի որ կստացվի՝ Ադրբեջանը նահանջ է կատարում իր դիրքից, և դադարեցնում է 2-3 տարի շարունակ՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու իր պահանջը։
Այս դեպքում, ո՞րը կարող է լինել Ադրբեջանի հաշվարկը։ Ի՞նչ կստանա Ադրբեջանը՝ հրաժարվելով իր այդ պահանջից և 2026-ի առաջին կեսին կնքելով Համաձայնագիրը։
Իհարկե՝ դա կլինի խոշոր քայլ՝ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացման հարցում։ Ադրբեջանը կարող է նշել, որ իր դիրքորոշման շնորհիվ Դոնալդ Թրամփը ևս մեկ հաջողություն գրանցեց և Սպիտակ տանը հյուրընկալեց արդեն հայ-ադրբեջանական Համաձայնագրի ստորագրումը, որն ավելի խոշոր իրադարձություն գուցե դառնա, քան՝ նախաստորագրումը։
Ակնհայտ է, որ Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը լինելու է Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի հաղթաթուղթը խորհրդարանական ընտրություններում։ Եթե նախարար Ֆիդանի նշած 2026-ի առաջին կեսին կնքվի Խաղաղության համաձայնագիրը, Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակն ընտրություններում կարելի կլինի երաշխավորված համարել։ Խորհրդարանական և նոր ձևավորվող քաղաքական ուժերը կստանան քաաղքական լուրջ հարված, քանի որ նրանք մշտապես կասկածի տակ են դրել Փաշինյանի՝ «լավ դիվանագետ լինելու» և Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու կարողությունները։
Նրանք պնդել են, որ Ադրբեջանը միևնույնն է՝ չի ստորագրելու Համաձայնագիրը, ավելին՝ նշել են, որ այս փաստաթուղթը առաջիկա պատերազմի մասին է, ոչ թե խաղաղության։ Վերջնական ստորագրումը հօդս կցնդեցնի ընդդիմության բոլոր նարատիվները, և իմ կանխատեսմամբ, Փաշինյանին կշնորհի հաղթանակ խորհրդարանական ընտրություններում։ Ընդդիմությունը պատրաստ չէ հրաժարվել իր ավանդական նարատիվներից և տեղավորվել Փաշինյանից առավել խաղաղասեր կերպարի մեջ։ Այդ դեպքում, չեմ բացառում, Փաշինյանի կողմից ստորագրումը չունենար մեծ քաղաքական նշանակություն և հաղթաթուղթ չդառնար։
Ստորագրմամբ՝ Փաշինյանը կասի Հայաստանի քաղաքացիներին, որ չնայած իր օրոք են տեղի ունեցել խոշոր աղետները և տարածքային, մարդկային կորուստները, սակայն իր օրոք է հաստատվել վերջնական խաղաղություն Ադրբեջանի հետ։ Սակայն արդյո՞ք Թուրքիան և Ադրբեջանը կցանկանան Նիկոլ Փաշինյանին տալ այսպիսի հաղթաթուղթ ընտրություններում։ Այստեղ պետք է ավելացնել նաև ԱՄՆ-ին, որը «Թրամփի ուղի» նախագծի իրագործման գործնական փուլ է նախապատրաստում, ինչի վկայությունը վերջին օրերին ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաների բարձրաստիճան այցերն են Հայաստան և Ադրբեջան։
Խորհրդարանական ընդդիմությունը արդեն իսկ պաշտոնապես հայտարարել է, որ չեղարկելու է օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում նախաստորագրված Խաղաղության համաձայնագիրը և պահանջելու է նոր բանակցություններ։ Նրանք առաջ են քաշում նաև Ղարաբաղ հայերի վերադարձի, Ռուսաստանի հովանավորած «Նոյեմբերի 9»-ի հայտարարությանը վերադառնալու, Ռուսաստանին հայ-ադրբեջանական տիրույթ վերադարձնելու լոզունգներ։
Ավելին՝ ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կողմնակից է, որ Ռուսաստանը վերադառնա ռեգիոն՝ որպես Թուրքիային և Ադրբեջանին զսպող հիմնական ուժ։ Հասկանալի է, որ եթե 2026-ի ընտրություններում հաղթեն Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը, նոր իրողություն է ստեղծվելու։
Նրանք կարող են կասեցնել «Թրամփի ուղի» նախագծի իրագործումը ԱՄՆ-ի հետ, չեղարկել Խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը, և ռեգիոն վերադարձնել Ռուսաստանին։ Ավելին՝ Ռուսաստանի հովանու տակ Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը օրակարգային դարձնելը ամենևին ցանկալի չի Ադրբեջանին։ Մինչդեռ, Հայաստանի ընդդիմությունը մտադիր է դա անել։
Փաշինյանի կառավարման դեպքում է, որ պաշտոնական Երևանը փակված կհամարի Ղարաբաղի հարցը և այն չի դարձնի օրակարգային հարց, որ Ռուսաստանի վերադարձը «Նոյեմբերի 9-ի» հայտարարության տեսքով կբացառվի, որ ԱՄՆ-ի հետ կիրագործվի «Թրամփի ուղի» նախագիծը, որ Հայաստանը կփոխի Սահմանադրությունը և Ադրբեջանի հետ կկնքի Խաղաղության համաձայնագիր։
Փաշինյանի կառավարման դեպքում է, որ ԱՄՆ-ն հնարավորություն կստանա Հայաստանի տարածքով անցկացնել նավթատարներ, գազատարներ, ավտոճանապարհներ և երկաթուղագծեր՝ Հարավային Կովկասի կոմունիկացիոն գծերի վրա ունենալով ներկայություն՝ զսպելով Չինաստանի, Իրանի, Ռուսաստանի ազդեցության աճը։
Փաշինյանի կառավարման դեպքում է, որ Թուրքիան հնարավորություն կունենա Հայաստանի տարածքով երկաթուղային և ավտոտրանսպորտային կապ ունենալ Կենտրոնական Ասիայի պետությունների հետ։ Փաշինյանի կառավարման դեպքում է, որ Հայաստանը կշարունակի ԵՄ-ին անդամակցելու պրոցեսը և հավանական է՝ դուրս գա ԵՏՄ-ից և ՀԱՊԿ-ից։ Մեծ հավանականությամբ, ընդդիմությունը կհրաժարվի այս սցենարներից։
Ստացվում է՝ Փաշինյանի կուսակցությունը կարողացել է դիրքավորվել այնպես, որ առնվազն 4 ուժեր ունեն կոնսեսուս իր շարունակական կառավարման շուրջ։ Չեմ բացառում, այս հաշվարկներն ունեն նաև թուրք-ադրբեջանական կողմում, և գուցե մտածել են՝ Փաշինյանին տան հաղթաթուղթ ընտրություններում։ Գուցե նրանք հաշվարկել են, որ այդպիսով՝ կխուսափեն Հայաստանում առավել արմատական, պրոռուսական վերադասավորումներից։ Եթե այդպես է, մենք ականատես պետք է լինենք Ադրբեջանի կողմից Սահմանադրությունը փոխելուց պահանջից հրաժարում կամ այդ հարցի չփոխկապակցում Համաձայնագրի ստորագրման հետ։
Բայց իմ այս երկրորդ վարկածը ևս ենթադրություն է և հիմնված չէ ինսայդերական ինֆորմացիայի վրա։ Կա նաև երրորդ տարբերակը։ Շատ հավանական է, որ Հաքան ֆիդանի այս հայտարարությունն ընդամենը ցուցադրում է Թուրքիայի և Ադրբեջանի ունեցած տարաձայնությունը՝ Խաղաղության համաձայնագրի կնքման ժամկետի շուրջ։ Գուցե Բաքուն դեռ պնդում է, որ անհրաժեշտ է գործարք իրականացնել Սահմանադրությունը փոխելուց հետո, իսկ Անկարան ուզում է, որ 2026-ի առաջին կեսին կնքվի համաձայնագիրը, և ընդամենը՝ քաղաքական ուղերձ է տալիս Ադրբեջանին՝ հրապարակավ ի ցույց դնելով իր տարբերվող դիրքորոշումը Ադրբեջանից։
Վերջնական համոզմունք կարելի է արտահայտել միայն՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա պաշտոնական շփումների դետալներին տիրապետելու պարագայում։ Դա մենք չունենք։ Այս երեք սցենարներից որ մեկն էլ իրական լինի՝ Հաքան Ֆիդանի հայտարարությունը անսպասելի է և հստակ տարբերվում է մինչև վերջերս Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումից։ Չբացառենք, որ Թուրքիան ուզում է այս փուլում կոմունիկացիաների բացում Հայաստանի հետ, և Ադրբեջանին շտապեցնում է՝ Հայաստանի հետ ստորագրել Համաձայնագիրը 2026-ի առաջին կեսին։
Կարծում եմ, հետագա արձագանքներից կարելի կլինի հասկանալ՝ որ սցենարի հետ գործ ունենք։ Վերջնականորեն որևէ մեկին չեմ տա առաջնահերթություն և չեմ համարի վերջնականորեն հաստատված։
