Ցուցարարների պահանջը նախագահ Բակո Սահակյանը բավարարել էր մասամբ՝ պաշտոնազրկելով ոստիկանապետ Կամո Աղաջանյանին եւ ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանին: Այդուհանդերձ, երկու գեներալներն էլ մնացին Բակո Սահակյանի քաղաքական թիմում. Ղարամյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար, Աղաջանյանը՝ նախագահի հատուկ ներկայացուցիչ:
Վահրամ Աթանեսյան
Մաս 68-րդ
Նախագահի պաշտոնն ստանձնելուց երկու շաբաթ անց՝ 2020 թվականի մայիսի 29-ին Արայիկ Հարությունյանի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունը հրապարակեց նրա երկու հրամանագրերը: Առաջին հրամանագրով Սամվել Շահրամանյանն ազատվում էր Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնից եւ նշանակվում ռազմա-հայրենասիրական դաստիարակության եւ սպորտի նախարար: Սամվել Շահրամանյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնում 2018 թվականի հունիսին փոխարինել էր Արշավիր Ղարամյանին այն բանից հետո, երբ մի քանի տասնյակ երիտասարդներ փակել էին Ազատամարտիկների պողոտան եւ պահանջել նրա, Ոստիկանության պետ Կամո Աղաջանյանի եւ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի հրաժարականը: Իրենց պահանջը ցուցարարները հիմնավորում էին ուժային կառույցներում տիրող ամենաթողությամբ եւ կոռուպցիայով:
Ցուցարարների պահանջը նախագահ Բակո Սահակյանը բավարարել էր մասամբ՝ պաշտոնազրկելով ոստիկանապետ Կամո Աղաջանյանին եւ ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանին: Այդուհանդերձ, երկու գեներալներն էլ մնացին Բակո Սահակյանի քաղաքական թիմում. Ղարամյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար, Աղաջանյանը՝ նախագահի հատուկ ներկայացուցիչ: Սամվել Շահրամանյանի փոխարեն Արցախի ԱԱԾ տնօրեն նշանակվեց Կամո Աղաջանյանը, որ մեկ տարի առաջ նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից տեղափոխվել էր Ոստիկանության պետի տեղակալի կարգավիճակի:
Կամո Աղաջանյանը բարդ կենսագրություն ունի: Ղարաբաղյան առաջին պատերազմին մասնակցել է որպես կամավորական, բանակի կազմավորման ընթացքում ստաձնել դասակի, ապա վաշտի հրամանատարություն: Հրադադարի հաստատումից հետո նա մնացել է զինվորական ծառայության շարքերում, հասել Հադրութի զորամասի հրամանատարի, լեռնահրաձգային դիվիզիայի փոխհրամանատարի պաշտոնի: Ըստ պաշտոնական կենսագրության, Կամո Աղաջանյանը 2010 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Հայաստանի ԶՈՒ առաջին բանակային կորպուսի հրամանատար: 2013 թվականին նա ազատվել է զինվորական ծառայությունից եւ Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվել ԼՂՀ Ոստիկանության պետ:
(Շարունակելի)
