ՄԵՐ ՈՒՂԻՆ

Արցախի Կորստից Երկու Տարի Անց

Բնակչությունը հանդուրժում էր երկրում մոլեգնող տոտալ կոռուպցիան ու չարաշահումները՝ այն միտումով, որ «այո, ուտում են, բայց գոնե Արցախը պահում են»։ Այսօր, երբ Արցախն այլևս չկա, հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս ենք պահել Արցախը, որ 4 տարում նվաճած հաղթանակը 44 օրում վերածվեց պարտության, չորս տարում ազատագրված Արցախը երեք տարում կորցրինք։ Ինչպե՞ս պատահեց, որ տասնամյակների «արդյունավետ» բանակցությունները հանգեցին Արցախի լուծարման հրամանագրին։ 

Մեր Ուղին

Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը, որ 8 ամիս արդեն շրջափակման մեջ էր պահում Արցախը, անցավ լայնամասշտաբ հարձակման։ «Հակաահաբեկչական» հատուկ գործողությունը, որն իրականում մոտ 20-25 հազար հատուկ նշանակության ջոկատայինների հարձակում էր, ըստ էության նոր պատերազմ, նպատակ ուներ ոչնչացնել Արցախը որպես մարմին, որպես ինստիտուտ և մեկընդմիշտ փակել այդ հարցը։ Մեկ ամբողջ օր տևած ծանր մարտերը, որին զոհ են գնացել մոտ երկու հարյուր մարդ, այդ թվում և խաղաղ բնակիչներ ու երեխաներ, դադարել են այն բանից հետո, Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկը՝ կրակը դադարեցնելու մասին: Ի դեպ այդ ողջ ընթացքում ռուս-ադրբեջանական մոնիթորիգային կենտրոնը գործել է, ռուսական կողմը ճանաչել է ադրբեջանցիների «հակաահաբեկչական» գործողությունները։

Դրանից հետո սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացել է հայկական ու ադրբեջանական կողմերի հանդիպումը, որը Բաքուն դրական է գնահատել։ Այնուհետև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել համաձայն որի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից անմիջապես հետո։

Հրամանագրի բուն տեքստին ծանոթանալ հնարավոր չէ, քանի որ Արցախի նախագահի պաշտոնական կայքէջն այլևս չի գործում, այն հրապարակել է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ահա այդկերպ ողբերգական ավարտ ունեցավ հայկական երկրորդ հանրապետության քառորդ դար տևած կյանքը։ Այն ծնվեց հաղթական պատերազմում մղած աննահանջ պայքարի ու ավարտվեց տասնյակ սխալների, վրիպումների ու բացթողումներից վերսկսված պատերազմի հետևանքով։

Բայց ինչպե՞ս մենք հասանք դրան։ Ինչպե՞ս թույլ տվինք, որ հաղթանակը վերածվի լիակատար պարտության։ Ինչպե՞ս կարողացանք մեր ձեռքերով թաղել Արցախը։

Իհարկե քաղաքական շահարկումներն անպակաս են։ Բայց եթե դուրս գանք այն պարզունակ բանավեճից, թե «Փաշինյանը ծախեց, թե Քոչարյանը», ապա պիտի ընդունենք, որ 2020-ի ու դրա հետևանք հանդիսացող 2023-ի ողբերգությունը մեր հավաքական վրիպումների ու անհեռատեսության արդյունքն էր։ Տասնամյակներով սխալ արտաքին քաղաքականությունը, ներքին կոռուպցիան, հովանավորչությունը, արտագաղթը․․․․խեղդեցին Հայաստանն ու Արցախը, թույլ չտվին ուժեղանալ, զարգանալ, ծանրության նժարը թեքվեց Ադրբեջանի կողմը և եղավ այն, ինչ որ եղավ։

Տարիներ շարունակ ՀՀ իշխանությունները բանակցում էին անարդյունք ու անարդյունավետ։ Ոչ մի առաջընթաց չկար։ Ադրբեջանը մերժում էր ցանկացած, քիչ թե շատ բալանսավորված քննարկում, նրանք միայն Արցախի ամբողջական վերադարձն էին համաձայն քննարկել, իսկ Հայաստանում բնակչությունը վստահ էր, որ ամեն ինչ լավ է գնում, որ մենք ունենք Ռուսաստանի անվերապահ աջակցությունը։ Բնակչությունը հանդուրժում էր երկրում մոլեգնող տոտալ կոռուպցիան ու չարաշահումները՝ այն միտումով, որ «այո, ուտում են, բայց գոնե Արցախը պահում են»։ Այսօր, երբ Արցախն այլևս չկա, հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս ենք պահել Արցախը, որ 4 տարում նվաճած հաղթանակը 44 օրում վերածվեց պարտության, չորս տարում ազատագրված Արցախը երեք տարում կորցրինք։ Ինչպե՞ս պատահեց, որ տասնամյակների «արդյունավետ» բանակցությունները հանգեցին Արցախի լուծարման հրամանագրին։ Եկավ Փաշինյանն ու ամեն ինչ ավերե՞ց։ Ուրեմն այդ ի՞նչ անիմաստ ու անհեթեթ է եղել այդ ամենը, որ մեն մենակ Փաշինյանը կարողացավ ողջ աշխարհի պլանները խառնել ու հանձնել Արցախը։ Այսինքն դուք համոզել էիք ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Ռուսաստանին և Փաշինյանը եկավ ու կարողացավ երկու տարում անել այն, ինչ ՄԱԿ անվտանգության խորհուրդը 30 տարի չէր կարողանո՞ւմ։ Այս ամենից հետո, երբ հայտարարվեց, որ Արցախի նախագահ Շահրամանյանը չեղյալ է հայտարարել Արցախի լուծարման հրամանագիրը, հասկանում ես, որ հայկական քաղաքական միտքը ոչ միայն խակ է, այլև՝ նեխած։ Երբ Արցախի ողջ հայությունը բռնի կերպով, հուսահատ ու վիրավոր հեռացել է, ի՞նչ նշանակություն ունի Երևանից արվող այդ հայտարարությունը, թե «հրամանագիրը չեղարկվել է»։ Արցախը Ադրբեջանը հրամանագրով չի նվաճել, այլ զենքով, տնտեսությամբ, իսկ այդ հրամանագիրը, որ ստիպեցին ստորագրել հայերին, դա պարզապես այն ստորացուցիչ «օրինականացման ակտն էր», որով հայերն իրենք իրենց ձեռքով փակեն այդ հարցը։ Իսկ դրանից հետո, կչեղարկես, թե ոչ, այլևս նշանակություն չունի։ Ադրբեջանն իր ուժով ընկճեց մեզ։ Մենք պարտվեցինք։ Ու այս պարտության միտքն ընդունելն այնքան ծանր ու զարհուրելի է, որ մենք գերադասում ենք այդ ամենը մեկ հոգու ուսերին բարդել՝ արդարանալով, որ նա «ծախեց»։ Ու վերջ։ Մեր հոգին հանգիստ է։ Բարոյապես մենք մեզ ազատ ենք համարում՝ դրանով նաև ազատվելով պարտության պատասխանատվությունից։ Պարտությունից հետո ինչպես ուզում ես արդարացիր, դու պարտվել ես։ Ուզում է Փաշինյանը վաճառած լինի, թե Քոչարյանը, մեկ է պարտվել է հայությունը։ Նշանակում է նաև պիտի վերջ տրվի արցախցիներին քաղաքական նպատակներով այս ու այն դաշինքներ քարշ տալը, ներիշխանական բախումներ ստեղծելու կետոտ մոտեցումը, արցախցիների հույզերը շահարկելով իշխանություն փայփայելը։ 

Մենք նախ դա պիտի հասկանանք։ Մենք չհասկացանք, թե ինչ է հաղթանակը։ Հիմա պարտավոր ենք հասկանալ, թե ինչ է պարտությունը։ Առնվազն ևս մեկ պարտություն թույլ չտալու համար։ Որովհետև դա կարող է արդեն Հայաստանի Հանրապետությունը կործանել։

Այս երրկար տասնամյակների ընթացքում միջազգային հասարակությունը ևս մեկ անգամ չբռնեց Ադրբեջանի ձեռքը, մեր դաշնակից Ռուսաստանը զինեց Ադրբեջանին։ Ողջ աշխարհը օգնեց մեր թշնամուն կամ լռեց։ Մենք երեսուն տարի զբաղվեցինք մեր գրպանները լցնելով միայն։ Ինչո՞ւ ենք ասում «մենք», որովհետև Արցախը բոլորինս էր ու կորուստը ևս բոլորինս է։ Որովհետև բավականաչափ կամային ու հետևողական չենք եղել թալանչի իշխանություններին կոպիտ կերպով վռնդելու, այլ թույլ ենք տվել, որ տասնամյակներով հարստանան ժողովրդի հաշվին, չարաշահեն հաղթանակը ու վերջում էլ ըմբոստ կեցվածքով ասեն «մենք պահում էինք»։ Այսինքն եթե ինչ որ մեկը տուն գնի, որտեղ արդեն փատերը փուլ են գալիս ու չկարողանա վերանորոգել գուցե խելքը այդքան չհասնի էլ, որ պետք է շտապել ու տան գնումից մեկ ամիս հետո տունը փլվի, ուրեմն նախորդ տանտերերը պիտի ասեն, որ իրենց ժամանակով տունը կանգուն էր ու վե՞րջ։ Իսկ այսօր հենց դա է ասվում։ ՀՀ բոլոր իշխանությունների մեղքն աններելի ծանր է Արցախի հարցում։ Նախկին իշխանությունները հարստացել են Արցախի ու ՀՀ հաշվին, մշտապես բանակցել են թրքամետ բանակցություններում ու դեռ այսօր երես ունեն խոսելու, փոխանակ ամոթից կարմրելու ու մարդկայնորեն ամաչելու, լռելու։

Ներկայիս իշխանությունները ևս իրենց մեղքի բաժինն ունեն։ Նիկոլ Փաշինյանը ևս իրեն պահեց անլուրջ ու անհեռատես, երբ Ստեփանակերտում գոռում էր, որ «Արցախը Հայաստան է ու վերջ», մինչդեռ վարչապետ դառնալու հենց երկրորդ օրը պիտի արդեն հասկանար, որ Արցախի հարցով Բաքվի տված բոլոր վերջնաժամկետները վաղուց լրացել են ու պատերազմն ամեն վայրկյան է լինելու։ Բայց Փաշինյանի անլրջությունը ցույց տվեց, որ մենք պատրաստ չենք իրականության աչքերին նայելու։ Իսկ պատերազմից հետո Փաշինյանն ասաց, որ գուցե հնարավոր լիներ պատերազմից խուսափել, եթե ինքը համաձայնվեր հողերի հանձնմանն ադրբեջանցիներին։ Բայց դա էլ է անլուրջ հայտարարություն։ Կհամաձայնվեր Փաշինյանը, թե ոչ, պատերազմ լինելու էր ու Ադրբեջանին պետք էր այդ պատերազմը։ Ռևաշի ձգտող Բաքուն ուզում էր ծանր ու արյունոտ հաղթանակ, որ իր ճակատից սրբի 25 տարվա պարտության հետքը, որ բռնապետ Ալիևն իր չքավոր քաղաքացիներին «հաղթանակ մատուցի», որ իր աթոռն ավելի ամուր դառնա։ Ու այս հայ-ադրբեջանական քաղաքական անհեռատեսության, արկածախնդրության հետևանքը այն եղավ, որ հայոց տարածքը փոքրացավ, իսկ գերեզմանները շատացան։ Ահա սա էր արցախյան ոդիսականի կարճ նկարագրությունը։ «Մեր Ուղին» կայքում Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը հոդվածների երկու շարքով գրեթե ամիս ամիս նկարագրում է Արցախի կյանքը 90-ականներից սկսած։ Կայքում նաև կան բազմաթիվ հեղինակային վերլուծություններ, միջազգային թարգմանություններ, տարբեր փորձագետների կարծիքների ներկայացումներ, որով փորձ է արվել պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ այսպես եղավ։ Իսկ ինչո՞ւ պիտի չլիներ։ Ի՞նչ էինք արել, որ խուսափենք այս օրվանից։ Բիզնեսմեն գեներալնե՞րն էին պայքարելու, նախագահների արագ հարստացող մերձավորնե՞րը, թե նրանց քաղաքական լվացքատուն-կուսակցությունները։

Մարտի մեկնեցին հասարակ մարդիկ, զոհվեցին նրանք և հասարակ մարդը կորցրեց իր տունն ու հայրենիքը։ Փոքրացավ հայրենիքն ու շատացան գերեզմանները։

Այս ամենի մասին մտածելով՝ մենք պարտավոր ենք կրկնակի իմաստությամբ սիրել ու փայփայել Հայաստանի Հանրապետությունը։ Այն միակ բանն է, որ ունենք։ Այն միակ բանն է մնացել մեզ մեր մեծ ու հզոր հայրենիքից։

Խաղաղություն հայրենիքի համար զոհված բոլորի հոգիներին։ Համբերություն ու մխիթարանք նրանց հարազատներին, իրենց տունը կորցրած մարդկանց ու նաև բոլոր հայերին, ովքեր տարբեր չափով, բայց զգում են այդ կորուստն ու սգում խորապես։ Այժմ մենք միայն մեկ անելիք ունենք․ ապրենք այնպես, որ այլևս երբեք նման «սև օրեր» չունենանք։  

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *