Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Մինչ օրս անհասկանալի եւ չբացատված-չպարզաբանված է մնում, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ինչու՞ ԱԺ ամբիոնից չի հրապարակել ռազմական դրություն մտցնելու եւ զորահավաք հայտարարելու մասին հրամանագիրը:

Վահրամ Աթանեսյան

Մաս 70-րդ

Ղարաբաղյան երկրորդ լայնածավալ պատերազմի մասին առաջին պաշտոնական տեղեկությունը 2020թ․ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինայնը: Ֆեսբուքի անձնական էջում նա տեղակացրել է, որ կհրավիրվի Անվտանգության խորհրդի, ապա կառավարության նիստ, կընդունվի ռազմական դրություն մտցնելու եւ մասնակի զորահավաք հայտարարելու մասին որոշում: 

Նույն օրը, նույն ժամին՝ առավոտյան 11-ին իրավունքի ուժով արտահերթ նիստ է գումարել Արցախի Ազգային ժողովը: Հայտնի չէ՝ մինչ այդ իշխանությունը գումարե՞լ է Անվտանգության խորհրդի եւ կառավարության նիստ, թե Արայիկ Հարությունյանը նախընտրել է ուղղակի դիմել խորհրդարանին: Այդ օրվա Արցախի ԱԺ նիստից որոշ տեսանյութեր պահպանվել են, ամբողջականը, երեւի, պահվում է արխիվներում: 

Աչքի է զարնում պատգամավորների շատ նկատելի բացակայությունը: Ըստ որոշ տեղեկությունների, մասնավորապես ՀՅԴ խմբակցության երեք պատգամավորից եւ ոչ մեկն այդ նիստին չի մասնակցել: Եթե պատգամավորների բացակայությունը կարելի է բացատրել արտակարգ իրավիճակով կամ ընտրողների հետ այդ պահին ավելի մոտիկից շփվելու նրանց ցանկությամբ, ապա մինչ օրս անհասկանալի եւ չբացատված-չպարզաբանված է մնում, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ինչու՞ ԱԺ ամբիոնից չի հրապարակել ռազմական դրություն մտցնելու եւ զորահավաք հայտարարելու մասին հրամանագիրը: Ի տարբերություն Հայաստանի, որտեղ նման որոշում ընդունում է կառավարությունը, Արցախի սահմանադրությունը պատերազմի պատասխանատվությունը միանշանակորեն հասցեագրում է նախագահին: 

Սահմանադրությունը նույնիսկ առանձին հոդվածով սահմանում է ռազմական դրություն մտցնելու մասին Արցախի նախագահի հրամանագրի բովանդակությունը եւ պարտավորեցնում, որ այն ԱԺ-ում հաստատվելուց հետո պետք է հրապարակվի մամուլում, հեռարձակվի ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: Նման հրամանագիր Արայիկ Հարությունյանը 2020 թվականի սեպտեմբերի 27 –ին Ազգային ժողովի հաստատմանը չի ներկայացրել, այն չի հրապարակվել, չի տարածվել ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: 

Ինչո՞վ էր պայմանավորված սահմանադրության այդ կոպտագույն ոտնահարումը, ինչու՞ ԱԺ խմբակցություններից ոչ մեկը նախագահից չի պահանջել, որ կատարի իր պարտականությունը եւ պատերազմի համար ոչ միայն քաղաքական, այլեւ իրավական պատասխանատվություն ստանձնի։ 

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *