Հանրության համար ուղղակի շոկային էր, որ նա հակառակորդի կողմից Շուշին գրավելու մասին խոսում էր ժպիտը դեմքին: Ստեփանակերտում, Արցախի մյուս քաղաքներում եւ գյուղերում այդ օրերին խաղաղ բնակչություն գրեթե չկար, իսկ Շուշին լիովին դատարկված էր, բռնատեղահանության էր ենթարկվել Ասկերանի շրջանի Ավետարանոցի, Ակնաղբյուրի մյուս գյուղերի բնակչությունը:
Վահրամ Աթանեսյան
Մաս 74-րդ
2020 թվականի հոկտեմբերի 29-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմեց բոլոր առումներով արտառոց քայլի: Նա այցելեց Շուշի եւ Ղազանչեցոց եկեղեցու տարածքից մտնելով ֆեյսբուքյան ուղիղ եթեր՝ հայտարարեց, որ թշնամին գտնվում է Շուշիից մի քանի, առավելագույնը հինգ կիլոմետր հեռավորության վրա: Նա հիշեցրեց, որ ղարաբաղյան առաջին պատերազմի հաջողություններն սկսվել են Շուշիի ազատագրումից եւ բացատրեց, որ թշնամու նպատակը Շուշիի գրավումն է:
Արայիկ Հարությունյանը հորդորեց իր ելույթը չընկալել որպես խուճապային տրամադրություն: «Ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք, պարզապես դրա համար պետք է կռվել, պետք է գալ Արցախ»,- հայտարարեց նա: Որքան էլ Արցախի նախագահը փորձեր խոսքին հաղթական երանգներ հաղորդել, նրա տեսքը, շեշտադրումները բոլորովին այլ տպավորություն էին թողնում:
Հանրության համար ուղղակի շոկային էր, որ նա հակառակորդի կողմից Շուշին գրավելու մասին խոսում էր ժպիտը դեմքին: Ստեփանակերտում, Արցախի մյուս քաղաքներում եւ գյուղերում այդ օրերին խաղաղ բնակչություն գրեթե չկար, իսկ Շուշին լիովին դատարկված էր, բռնատեղահանության էր ենթարկվել Ասկերանի շրջանի Ավետարանոցի, Ակնաղբյուրի մյուս գյուղերի բնակչությունը: Ակնհայտ էր, որ թշնամին Շուշիի մատույցներում է, իսկ նրա առաջխաղացումը կանգնեցնելու որեւէ արմատական քայլ այդպես էլ չի ձեռնարկվում:
Նոյեմբերի առաջին օրերին հայտնի դարձավ, որ պետական հաստատությունների ղեկավարները եւ Արցախի Հանրային հեռուստատեսության աշխատակիցները տարհանվել են Գանձասար, նրանց հետ նաեւ՝ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունը: Նույն օրերին Արցախի ԱԱԾ երկու բարձրաստիճան սպաներ զոհվեցին Շուշիի պաշտպանության դիրքերում: Ինչու՞ էին փորձառու հակահետախույզները մարտական դիրքեր գործուղվել որպես շարքային զինվորներ՝ հիմնավոր բացատրություն առայսօր չկա: Նոյեմբերի սկզբին քաղաքական շրջանակներից տեղեկություն տարածվեց, որ ղարաբաղյան առաջին պատերազմի դաշտային հրամանատարներից մեկի՝ Արկադի Շիրինյանի, միջոցով կազմավորվում է պահեստազորայինների «հատուկ նշանակության գունդ, որի հրամանատարությունը պետք է ստանձնի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը»: Ըստ այդմ, Բաբայանը պատրաստ էր ստանձնել Շուշիի պաշտպանությունը եւ թուլ չտալ, որ թշնամին գրավի բերդաքաղաքը: «Հատուկ նշանակության գնդի» կազմավորումը, սակայն, երկարաձգվեց:
Թե ո՞րն էր քաշքշուկի պատճառը՝ նույպես հայտնի չէ: Նոյեմբերի 7-ին Արցախի նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքում գրեց, որ հայկական ուժերը «կորցրել են Շուշիի նկատմամբ վերահսկողությունը»:
(Շարունակելի)
