Մենք պետք է հասկանանք՝ աշխարհը չի սպասելու, մինչև Հայաստանը որոշի՝ ինչ կողմում է։ Եթե մենք չենք կառուցում մեր տեղը, ուրիշները դա կանեն մեր փոխարեն։ Օգոստոսի 8-ի համաձայնագրերը հենց այդ ճանապարհի սկիզբն են՝ տնտեսական, քաղաքական և բարոյական ինքնուրույնության ճանապարհը։
Արամ Սարգսյան
Պետրոս Ղազարյանը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը։
Արամ Սարգսյանի մեկնաբանությամբ՝ Քոչարյանի պատկերացումները մնացել են 1990-ականների անվտանգության տրամաբանության շրջանակում, երբ խաղաղությունը պահպանվում էր զենքի և ռուսական զորքի ներկայությամբ։ Սակայն, ըստ Սարգսյանի, այսօր աշխարհն առաջնորդվում է բոլորովին այլ տրամաբանությամբ․ խաղաղությունն ամրապնդվում է տնտեսական կապերով և համատեղ շահերով, ոչ թե ռազմական վախով։«ԱՄՆ-ի տրամաբանությունը պարզ է՝ եթե տարածաշրջանում գործում են ամերիկյան կապիտալով համատեղ նախագծեր, ապա այդ տարածքը չի կարող վերածվել պատերազմի դաշտի։ Քոչարյանի խոսքը ցույց է տալիս, որ նա դեռ ապրում է այն աշխարհում, որտեղ խաղաղությունը պահում են վարձկանները, ոչ թե ներդրողները»։
Սարգսյանի խոսքով՝ եթե Հայաստանը ցանկանում է երկարաժամկետ կայունություն, ապա պետք է միանա այն համակարգին, որտեղ տնտեսական փոխկապակցվածությունը դառնում է անվտանգության հիմք։ Դա է, ըստ նրա, 21-րդ դարի պետականության իրական գործիքը։ Արամ Սարգսյանը հատուկ ընդգծեց, որ օգոստոսի 8-ի համաձայնագրերի էությունը հաճախ աղավաղվում է՝ դիտարկվելով որպես զուտ էներգետիկ նախաձեռնություն։ Իրականում, ինչպես նշեց նա, խոսքը շատ ավելի լայն գործընթացի մասին է․
Հայաստանը առաջին անգամ տարածաշրջանում ստանձնում է հավասար և կոնսորցիումային գործընկերոջ դեր՝ էներգետիկ ենթակառուցվածքների կառավարման և զարգացման մեջ։ «Սա միայն գազատարի հարց չէ։ Սա այն փուլն է, երբ Հայաստանը կարող է վերածվել ոչ թե անցումային, այլ մասնակցային պետության՝ ներդրումային, տնտեսական և տեխնոլոգիական իմաստներով։ Երբ սեղանի շուրջ նստում ես որպես համահավասար կողմ, դու այլևս ոչ մեկի ենթակա չես»։
Նա հավելեց, որ համաձայնագրում ամրագրված տնտեսական փոխշահավետ համակարգը ստեղծում է նոր ռազմավարական ճարտարապետություն, որտեղ Հայաստանը ոչ թե մեկ կենտրոնի ազդեցության ներքո է, այլ միաժամանակ համագործակցում է Արևմուտքի, Մերձավոր Արևելքի և հարևան երկրների հետ։ Արամ Սարգսյանը արձագանքեց Քոչարյանի այն պնդումներին, թե նոր համաձայնագրերը կարող են վտանգել Հայաստանի էներգետիկ և քաղաքական անկախությունը։ Նրա խոսքերով՝ այդ պնդումները կառուցված են անհիմն վախերի վրա և չեն հաշվի առնում տնտեսական նոր տրամաբանությունը։«Քոչարյանը խոսում է էներգետիկ անվտանգությունից, բայց մոռանում է, որ հենց իր կառավարման տարիներին Հայաստանը կախվեց մեկ մատակարարից։ Իսկ այսօր մենք փորձում ենք այդ կախվածությունից դուրս գալ՝ ստեղծելով բազմակողմ շահագրգռություն։ Սա ոչ թե վտանգ է, այլ ազատագրում»։
Նա հավելեց, որ Քոչարյանի քննադատության հիմքում ընկած է հին աշխարհաքաղաքական կաղապարը, որտեղ Հայաստանը դիտվում է որպես սոսկ ռազմավարական տարածք, այլ ոչ՝ տնտեսական կենտրոն։ «Քոչարյանի աշխարհը երկբևեռ է․ կա միայն ուժի կամ հպատակությանտրամաբանություն։ Բայց աշխարհն այլևս այդպես չիգործում։ Մեր անվտանգության բանալին ոչ թե ուժի, այլ կապի մեջ է»։
Արամ Սարգսյանը անդրադարձավ նաև ներքաղաքական պատասխանատվության հարցին՝ նշելով, որ Քոչարյանը շարունակում է խուսափել իր անցյալի քաղաքական և իրավական հետևանքներից։
«Նա խոսում է պետության մասին, բայց հենց իրկառավարման տարիներին պետությունը վերածվեց անձնական կառավարման համակարգի։ Մարտի 1-ը, կոռուպցիոն բուրգը, տնտեսական մենաշնորհները՝ այս ամենը նրա թողած ժառանգությունն են»։
Սարգսյանի խոսքով՝ հասարակության մեջ այսօր ձևավորվել է խորքային գիտակցություն, որ պետականությունը չի կարող գոյություն ունենալ առանց իրավական և բարոյական պատասխանատվության։ Եվ հենց այդ պատճառով է, որ Քոչարյանի ներկայիս խոսքը հանրության մեծ մասի համար չունի վստահելիություն։
Ամփոփելով իր խոսքը՝ Արամ Սարգսյանը նշեց, որօգոստոսի 8-ի համաձայնագրերը պետք է դիտարկել ոչ թե որպես մեկ փաստաթուղթ, այլ՝ որպես հեռանկարային գործընթաց, որի միջոցով Հայաստանը կարող է դուրս գալ մեկ բևեռի ազդեցությունից և հաստատել ինքնուրույն տնտեսական դաշինքներ։
«Մենք պետք է հասկանանք՝ աշխարհը չի սպասելու, մինչև Հայաստանը որոշի՝ ինչ կողմում է։ Եթե մենք չենք կառուցում մեր տեղը, ուրիշները դա կանեն մեր փոխարեն։ Օգոստոսի 8-ի համաձայնագրերը հենց այդ ճանապարհի սկիզբն են՝ տնտեսական, քաղաքական և բարոյական ինքնուրույնության ճանապարհը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
