Հայաստան

ԱՄՆ-ն Պետք Է Հստակեցի Իր Պահվածքը

Օգոստոսի 8-ի համաձայնությունը պետք է դիտարկել հունվարի 14-ին ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության խարտիայի տրամաբանական շարունակության մեջ։ 

Համբիկ Սարաֆյան

1inTV-ն զրուցել է ՍԴՀԿ Կենտրոնական Վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է օգոստոսի 8-ի համաձայնագիրն ու դրա նշանակությունը տարածաշրջանի ու Հայաստանի համար։

Համբիկ Սարաֆյանը նշեց, որ օգոստոսի 8-ին կայացած Վաշինգտոնյան համաձայնությունները դարձան տարածաշրջանի համար որոշիչ նշաձող՝ սահմանելով հետագա աշխատանքային և քաղաքական գործընթացների ուղղությունը։ Նրա խոսքով՝ թեև ակնհայտ էր, որ այդ ոգևորությունը երկար չի տևելու, այնուամենայնիվ օգոստոսի 8-ը դարձել է այն կետը, որից հետո սկսվել են մանրամասն և գործնական քննարկումներ։ Սարաֆյանը ասաց, որ այս գործընթացը նման է Գազայի հարցով Իսրայելի և պաղեստինյան կողմերի ձևաչափին, երբ սկզբում ընդունվում է ընդհանուր համաձայնություն, իսկ մանրամասները մշակվում են ավելի ցածր մակարդակում։

Նա ընդգծեց, որ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը գործնական նշանակություն չունի, քանի որ փաստաթղթերի մեջ նման ձևակերպում չկա։ Կարևոր է ոչ թե այն, ինչ բառեր են օգտագործում, այլ այն, ինչի տակ են ստորագրել՝ փաստաթղթայինբովանդակությունը։ Սարաֆյանի համոզմամբ՝ Ալիևիխոսույթը ուղղված է ներքին սպառման դաշտին, քանի որ որպես դիկտատոր նա պետք է նման կերպ վերահսկի հասարակական տրամադրությունները։

Նա հավելեց, որ Հայաստանը հետևողականորեն առաջ է շարժվում դեպի եվրոպական ուղղություն՝ հստակ ռազմավարությամբ։ Ըստ նրա՝ Հայաստանը ձևավորում է ենթակառուցվածքներ և ինստիտուցիոնալ հիմքեր, որպեսզի կարողանա համապատասխանել եվրոպական չափորոշիչներին։ «Հայաստանը պետք է կարողանա այլընտրանքային շուկաներ գտնել, և միջին միջանցքի ծրագրի գործարկման պարագայում դառնալ տարածաշրջանի գլխավոր խաղացողներից մեկը»,-ասաց Սարաֆյանը։ Նա ընդգծեց, որ Հայաստանն այժմ ինքն է մշակում իր քաղաքականությունը, այլևս չսպասելով արտաքին հովանավորների միջամտությանը։

Սարաֆյանը նկատեց, որ այս գործընթացը, բնականաբար, չի կարող հաճելի լինել Ռուսաստանին կամ Ադրբեջանին։ Ադրբեջանը, ըստ նրա, ներկայում իրեն պահում է դժգոհ գնորդի պես՝ «փոշմանելով արածիհամար», քանի որ փաստացի օգոստոսի 8-ի համաձայնությամբ ամրագրվեց մի իրողություն, որը սահմանափակում է նրա նախկին հավակնությունները։ Նա շեշտեց, որ համաձայնագրի դրույթները Միացյալ Նահանգների երաշխավորության ներքո են, և Ադրբեջանի ցանկացած խախտում կբերի պատժամիջոցների՝ «Peace Act»-ի մեխանիզմով։

Սարաֆյանը համոզված է, որ օգոստոսի 8-ի համաձայնությունը ամրապնդեց Միացյալ Նահանգների ներկայությունը Կովկասում՝ որպես կայունացնող ուժ։ Նրա կարծիքով՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանը այժմ գտնվում են նեղ դրության մեջ՝ փորձելով շրջանցել փաստացի իրավիճակը, բայց դա գործնականում հնարավոր չէ, քանի որ այն գլոբալ համաձայնության մի մասն է։

Նա նաև հիշեցրեց, որ օգոստոսի 8-ի համաձայնությունը պետք է դիտարկել հունվարի 14-ին ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության խարտիայի տրամաբանական շարունակության մեջ։ Սարաֆյանի համոզմամբ՝ հենց այդ խարտիան նախանշեց հայ-ամերիկյան հարաբերությունների նոր որակը և ձևավորեց ընդհանուր պատկերացումներ տարածաշրջանային անվտանգության և զարգացման ուղղությամբ։

Անդրադառնալով ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերջին ջերմացմանը՝ Սարաֆյանը նշեց, որ դա պայմանավորված է էներգետիկ և տնտեսական շահերով, սակայն այդ գործոնը չի կարող վտանգել օգոստոսի 8-ի համաձայնագրի կայունությունը։ «Եթե չլիներ օգոստոսի 8-ի փաստաթուղթը, Հայաստանի վրա ճնշումն այսօր կարող էր շատ ավելի մեծ լինել, և մենք ստիպված կլինեինք այլընտրանքներ փնտրել՝ նույնիսկ պատերազմի գնով»,- ասաց նա։

Նա ընդգծեց, որ թեև աշխարհաքաղաքական դաշտը խիստ անկայուն է, Հայաստանը պետք է կարողանա գտնել իր հստակ տեղը միջազգային հարաբերությունների այս թոհուբոհում՝ առանց որևէ կողմի ազդեցության տակ ընկնելու։

Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի փոխհարաբերություններին՝ Սարաֆյանը նշեց, որ դրանց մեջ կան որոշակի լարվածություններ, հատկապես Գազայի ճգնաժամի և Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների ֆոնին։ Նրա խոսքով՝ Թուրքիան չի պատրաստվում թույլ տալ, որ Ադրբեջանը շատ հեռանաիր ազդեցությունից կամ հակասի իր ռազմավարական շահերին։

Սարաֆյանը եզրափակեց՝ ընդգծելով, որ Թուրքիան չի ենթարկվի Ադրբեջանի քմահաճույքներին և չի զոհաբերի իր տարածաշրջանային քաղաքական շահերը։ «Թուրքիան շարունակում է իր դերը դիտարկել որպես տարածաշրջանի հիմնական խաղացող և Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկեր, ուստի նրա քայլերը պայմանավորված են ոչ թե Բաքվի ցանկություններով, այլ սեփական շահերի հաշվարկով»,-ասաց նա։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *