Ե՛վ Ռուսաստանը, ինչ-որ առումով նաև Իրանը, որովհետև նրանք տարածաշրջանային մակարդակում, մեր մի քանի հարյուրամյա պատմության ընթացքում, երբ երեք կայսրությունները որոշումներ էին կայացնում, քանի՞ անգամ են Հայաստանը կիսել իրար միջև, հերթական անգամ կարող են դա անել, ինչպես Ռուսաստանը Ադրբեջանի հետ կիսեց Լեռնային Ղարաբաղը, հետո վերջնականապես ոչնչացրեց: Ես ուղղակի ուրախ եմ, որ այս պահին այդ վտանգը անգամներով նվազել է:
Դավիթ Ստեփանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը
– Բաքվում տեղի ունեցած Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը կարևորել է նման ձևաչափերի ամրապնդումը՝ ընդգծելով «3+3» խորհրդատվական մեխանիզմի աճող դերը։ Պարո՛ն Ստեփանյան, այս ձևաչափի գործարկումը որքանո՞վ եք իրատեսական համարում, այն արդյունավետ լինելո՞ւ է Հայաստանի համար:
– Ես կարծում եմ, որ Շահին Մուստաֆաևի խոսքերն ավելի շատ հռետորական մակարդակի վրա են մնալու: Այսօր «3+3»-ի մասին հիշատակվում է, որովհետև այդ մասին խոսելը դարձել է անվտանգ: «3+3»-ն ի սկզբանե ունեցել է մեկ նպատակ՝ արտատարածաշրջանային դերակատարներին տարածաշրջանից զերծ պահել, թույլ չտալ, որ նրանք գան տարածաշրջան:
Հիմա բոլորը հասկանում են, որ այդ արտատարածաշրջանային դերակատարն արդեն տարածաշրջանում է՝ ԱՄՆ-ի տեսքով և TRIPP-ի մակարդակով, որն առայժմ դեռ պլանավորման փուլում է: Այնպես որ, այսօր «3+3»-ի մասին խոսելը դարձել է շատ անվտանգ, հենց Մուստաֆաևն էլ ասել է՝ խորհրդակցական մակարդակ, ինչո՞ւ ոչ, իրենք կարող են տարիներով խորհրդակցել այդ մակարդակով՝արտգործնախարարների, բայց դա որևէ լուրջ փոփոխությունների չի բերում, որովհետև իրական գործընթացները գնում են բոլորովին այլ մակարդակի վրա ու հենց արտատարածաշրջանային դերակատարների մասնակցությամբ:
Չի բացառվում նաև, որ ԵՄ-ն կարող է միանալ այդ նախագծին, համենայնդեպս, հետաքրքրվածությունը շատ մեծ է, ուղղակի պետք է սպասել հետագա զարգացումներին, իսկ «3+3»-ի մասին կարելի է անվերջ խոսել, ու ես վստահ եմ, որ խոսակցությունները շարունակվելու են, բայց պրակտիկ հարթությունում ես որևէ քայլ չեմ սպասում:
– Որ ասում եք՝ հիմա անվտանգ է խոսել «3+3»-ի մասին, ի՞նչ նկատի ունեք:
– Դե, այդ ձևաչափն արդեն իրենից որևէ վտանգ չի ներկայացնում, որովհետև գլխավոր նպատակը ձախողվել է, այսինքն՝ արտատարածաշրջանային դերակատարն արդեն տարածաշրջանում է, հետևաբար այդ ձևաչափը այլևս կենսունակ չէ, չնայած ի սկզբանե այն կենսունակ չէր, այդ մասին բազմիցս եմ ասել:
– Իսկ ինչո՞ւ է հենց Ադրբեջանի ներկայացուցիչը խոսում այդ մասին, եթե նկատի ունենանք Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, որի կողմերից մեկն էլ Ադրբեջանն է:
– Որովհետև Ադրբեջանը հյուրընկալող կողմն է, ես նորից եմ ասում, որ սա դիվանագիտություն է, հռետորաբանություն է, ինչո՞ւ ոչ: Ադրբեջանը Իրանի, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարիք ունի, Հայաստանն էլ ունի դրա կարիքը, դրա համար էլ գոյություն ունի «3+3»-ը, դա բոլորին ձեռնտու տարբերակ է, մեզ էլ է ձեռնտու, եթե պրակտիկ հարթություններում որևէ լուծումներ չլինեն: Եթե պրակտիկ լուծումներ լինեն «3+3»-ի շրջանակներում, դա մեզ համար մահ է՝ մեր անկախության համար, ես սա ասել եմ այս ձևաչափի ստեղծման օրվանից, ասում եմ նաև այսօր, բայց հիմա այդ վտանգը անգամներով նվազել է, իսկ դա մեզ համար միայն դրական կարելի է գնահատել:
– Պարո՛ն Ստեփանյան, նկատի ունեք, որ որոշումների կայացմանը մասնակցելու են Թուրքիան և Ադրբեջա՞նը, թե՞ նաև Ռուսաստանին նկատի ունեք:
– Ե՛վ Ռուսաստանը, ինչ-որ առումով նաև Իրանը, որովհետև նրանք տարածաշրջանային մակարդակում, մեր մի քանի հարյուրամյա պատմության ընթացքում, երբ երեք կայսրությունները որոշումներ էին կայացնում, քանի՞ անգամ են Հայաստանը կիսել իրար միջև, հերթական անգամ կարող են դա անել, ինչպես Ռուսաստանը Ադրբեջանի հետ կիսեց Լեռնային Ղարաբաղը, հետո վերջնականապես ոչնչացրեց: Ես ուղղակի ուրախ եմ, որ այս պահին այդ վտանգը անգամներով նվազել է:
Քրիստինե Աղաբեկյան
Աղբյուրը՝ MediaLab.amhttps://medialab.am/306523/
