Հայաստան

TRIPP-ի Ճակատագիրն Ու Հայաստանի Ապագան


Եթե Ադրբեջանը ստանձնի շինարարությունը, ապա տեխնիկան պետք է փոխանցվի նաև Հայաստանին՝ կառուցման համատեղ տրամաբանությամբ։ Սա բարդ և զգայուն հարց է՝ ինչպես տեխնիկապես, այնպես էլ քաղաքական առումով։

Արսեն Խառատյան

1inTV-ն զրուցել է արևելագետ, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են TRIPP-ի երկաթուղին, դրա կառուցումը և Հայաստանի նպատակների ավելի հստակ ձևակերպման անհրաժեշտությունը։

Արսեն Խառատյանը նշեց, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս՝ սառույցը տեղից շարժվում է։ Նա կարծում է, որ Գազայի հատվածում արդեն երկու տարուց ավելի տևող պատերազմում Միացյալ Նահանգները դարձել է ակտիվ խաղացող։ Խառատյանը այս գործընթացը դիտարկեց որպես «նորացված Աբրահամյան ակորդների» ձևավորում՝ ընդգծելով, որ Ալիևի և Փաշինյանի Շարմ էլ Շեյխում գտնվելը ուղղակիորեն կապված է օգոստոսի 8-ի համաձայնագրերի հետ։

Վերլուծաբանի խոսքով՝ Թրամփի նախաձեռնությամբ ԱՄՆ-ն փորձում է ամրագրել իր դերակատարությունը տարածաշրջանում՝ Եգիպտոսի, Թուրքիայի, Քաթարի և այլ երկրների մասնակցությամբ։ Նա ընդգծեց, որ եթե Հայաստանը որպես պետություն անմիջական կապ չունի Գազայի կոնֆլիկտի հետ, ապա Ադրբեջանը ունի, քանի որ ներգրավված է Թուրքիայի և Սիրիայի ուղղություններով ձևավորվող գործընթացներում։Սիրիայի խնդիրը շարունակում է մնալ Թուրքիայի ազդեցության ներքո, և Սիրիայի վարչակարգի ներսում նույնիսկ ներքին փաստաթղթաշրջանառությունը հաճախ թարգմանվում է թուրքերեն։ Նա համոզված է, որ այս պայմաններում քրդական հարցը կրկին դառնում է բարդ հանգույց՝ հատկապես հյուսիսարևելյան Սիրիայում և Հալեպի շրջանում։ Նրա կարծիքով՝ քրդերի և Թուրքիայի միջև համաձայնությունների բացակայությունը խորացնում է տարածաշրջանի անկայունությունը։

Արևելագետը նաև անդրադարձավ Հայաստանի մասնակցությանը։ Նա ընդգծեց, որ Հայաստանը Եգիպտոսի հետ ունի չիրագործված, բայց ահռելի տնտեսական և դիվանագիտական ռեսուրսներ՝ սկսած գյուղատնտեսական ապրանքների արտահանությունից մինչև պաշտպանական համագործակցություն։ Խառատյանը համոզված է, որ Եգիպտոսի հետ հարաբերությունները կարող են դառնալ Հայաստանի համար նոր հնարավորությունների հարթակ՝ հատկապես ԱՄՆ-ի և Հնդկաստանի հետ համագործակցության տիրույթում։ Ադրբեջանը Մերձավոր Արևելքի կոնֆլիկտների հարցում փորձում է հանդես գալ որպես ակտիվ միջնորդ՝ օգտվելով Թուրքիայի աջակցությունից։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը դիտարկվում է որպես տարածք, որը կապում է Իսրայելի, Գազայի և այլ դերակատարների շահերը։ Նա նշեց, որ Քաթարի դերակատարությունը նվազել է այն բանից հետո, երբ Իսրայելը նախապատերազմյան շրջանում հարվածեց համասի ղեկավարությանը։

Վերլուծաբանը նշեց, որ եթե Ալիևը իսկապես հավատարիմ է օգոստոսի 8-ի փաստաթղթի տրամաբանությանը, ապա Ադրբեջանը պետք է դադարեցնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարությունները։ Խառատյանը հիշեցրեց, որԲաքուն շարունակում է նման ձևակերպումներ օգտագործել իսլամական և չմիավորված երկրների հարթակներում՝ փորձելով արդիական պահել «Զանգեզուրի միջանցքի» և «Արևմտյան Ադրբեջանի վերադարձի» թեմաները։ Եթե Ադրբեջանը ցանկանում է իրապես խաղաղություն, ապա նման հռետորաբանությունը պետք է բացառվի։ Սակայն այժմ ադրբեջանական քաղաքականությունը ցույց է տալիս հակառակն։ Խառատյանը ենթադրում է, որ Ադրբեջանը փորձում է մինչև վերջնական փաստաթղթի ստորագրումը պահպանել այդ դիրքորոշումները՝ ներքին և արտաքին նպատակներով։

Արևելագետը նաև նշեց, որ Ադրբեջանի ներսում հնչող հայտարարությունները՝ առանց սահմանադրական փոփոխությունների խաղաղության փաստաթուղթ ստորագրելու հնարավորության մասին, վկայում են այն մասին, որ Բաքուն փորձում է արագացնել գործընթացը՝ մինչև Հայաստանի ներքաղաքական զարգացումները։Այժմ առավել կարևոր է հայ-ամերիկյան ուղղությամբ աշխատանքի խորացումը, հատկապես այն ենթակառուցվածքային ծրագրերի մասով, որոնք կոչվում են «Թրամփի ճանապարհ»։ Նրա խոսքով՝ նախատեսվող ֆինանսական ներդրումները դեռևս բավարար չեն ամբողջական նախագծի իրագործման համար, սակայն դրանք կարող են հիմք դառնալ Հայաստանի երկաթուղային համակարգի վերագործարկման համար։Հայաստանը չունի երկաթուղաշինարարական փորձ ունեցող սեփական ընկերություններ, և դա նշանակում է՝ աշխատանքները, ամենայն հավանականությամբ, իրականացվելու են օտարերկրյա կազմակերպությունների կողմից։ Վերլուծաբանը հիշեցրեց, որ խորհրդային շրջանում երկաթուղիների այդ հատվածը կառավարվում էր Ադրբեջանի կողմից, ուստի այժմ անհրաժեշտ է հստակեցնել, թե ով է լինելու նոր նախագծերի կառավարողը։ Ադրբեջանը արդեն բանակցում է եվրոպացիների հետ երկաթուղային ենթակառուցվածքների կառուցման վերաբերյալ՝ գնահատելով նախագիծը մինչև մեկ միլիարդ դոլարի շրջանակում։ Նա ընդգծեց, որ Հայաստանը դեռևս հստակ դիրքորոշում չի հայտնել այս հարցում։

Արևելագետը հավելեց, որ եթե Ադրբեջանըստանձնի շինարարությունը, ապա տեխնիկանպետք է փոխանցվի նաև Հայաստանին՝ կառուցմանհամատեղ տրամաբանությամբ։ Նրա կարծիքով՝ սաբարդ և զգայուն հարց է՝ ինչպես տեխնիկապես, այնպես էլ քաղաքական առումով։

Հայաստանի ամենակարևոր խնդիրն այժմերկաթուղային ենթակառուցվածքների վերականգնումն է և դրանց շուրջ արդյունավետ բանակցությունների վարումը։ Նա շեշտեց, որ առանց Թուրքիայով և Ադրբեջանի հետ հարաբերությունների որոշակի առաջընթացի Հայաստանը չի կարող ապահովել իր տարածաշրջանային միացումները։ Խառատյանը համոզված է, որ Ադրբեջանն այս պահին շարունակում է իր քայլերով պահպանել ռուսական ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում Հայաստանի տարածքում։ Նա նաև նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը խոչընդոտում է Հայաստանի անկախ և ինքնուրույն տարածաշրջանային քաղաքականությանը։ Հայաստանը պետք է հստակեցնի իր ռազմավարական դիրքորոշումը՝ թե տնտեսական, թե ենթակառուցվածքային, թե քաղաքական ուղղություններով։ Նրա կարծիքով՝ ներկայիս պայմաններում նախաձեռնողականությունն ու հստակությունը Հայաստանի միակ գործնական ճանապարհն են։

Հարզազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *