Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Ռոբերտ Քոչարյանը Արցախյան պատերազմի վետերանների միություն է այցելել, որի գրասենյակը նախագահականից ընդամենը հիսուն մետր հեռավորության վրա է եւ ցանկության դեպքում կարող էր մտնել Արայիկ Հարությունյանի նստավայր: Ստեփանակերտում ոչ ոք նրա ճանապարհը չէր փակի:

Վահրամ Աթանեսյան

Մաս 76-րդ

Քառասունչորսօրյա պատերազմի առաջին շաբաթը Ստեփանակերտում նշանավորվեց Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների այցով: Այդ մասին, սակայն, պաշտոնական տեղեկություն չտարածվեց, ինչից պարզ դարձավ, որ նրանք Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում չեն ունեցել: 

Տարածված տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հանդիպել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի, ինչպես նաեւ առաջին պատերազմի վետերանների միության ղեկավար գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկու), ինչպես նաեւ նախկին բարձրաստիճան այլ զինվորականների հետ: Քաղաքական եւ զինվորական որոշակի շրջանակներից հանրությունն այդ ընթացքում ներշնչվում էր, որ «Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզել է, պետք է հրաժարական տա, իշխանությունը հանձնի Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի Պուտինը միջամտի եւ պատերազմը կանգնեցնի»: 

Պատերազմից ամիսներ անց Ռոբերտ Քոչարյանը պատմել է, որ Ստեփանակերտում փորձել է հանդիպել Արայիկ Հարությունյանին, բայց վերջինս խուսափել է: Ըստ Քոչարյանի, Արայիկ Հարությունյանին զանգել է Բակո Սահակյանը եւ ստացել պատասխան, որ եթե նման հանդիպում տեղի ունենա, «Նիկոլը իրեն կպատժի»: Այս վարկածը վստահություն չի ներշնչում:

Ռոբերտ Քոչարյանը Արցախյան պատերազմի վետերանների միություն է այցելել, որի գրասենյակը նախագահականից ընդամենը հիսուն մետր հեռավորության վրա է եւ ցանկության դեպքում կարող էր մտնել Արայիկ Հարությունյանի նստավայր: Ստեփանակերտում ոչ ոք նրա ճանապարհը չէր փակի: Քաղաքական, նույնիսկ անձնական տարաձայնությունները չպետք է պատճառ դառնային, որպեսզի Հայաստանի նախկին երկու նախագահները, որ առաջին պատերազմի մասնակիցներ եւ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության կազմակերպիչներ են, Ստեփանակերտում ուժերի համախմբան ուղղությամբ գործնական ոչ մի քայլ չձեռնարկեին:

Պատերազմի կառավարման ասպարեզում լրջագույն բացթողումները, Արցախի քաղաքական վերնախավում առկա սուր տարաձայնությունները, Հայաստանի իշխանությունների հանդեպ արցախյան քաղաքական ուժերի մի զգալի հատվածի անվստահությունը եւ կասկածամտությունը լիովին բացահայտվեցին զինադադարի մասին եռակողմ հայտարարության հրապարակայնացումից բառացիորեն ժամեր անց: Ազգային ժողովի ՀՅԴ, «Արդարություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները նոյեմբերի 10-ին հանդես եկան Արայիկ Հարությունյանի հրաժարականի եւ իշխանության վերսահմանադրական մարմնի ձեւավորման պահանջով: Նույն ժամերին Երեւանում հայտնի դարձավ, որ ստեղծվում է «Փրկության շարժում», ընդդիմադիր մամուլը ծանուցեց, որ Նիկոլ Փաշինյանը «լքել է կառավարության նստավայրը եւ թաքնվում է ՊՆ բունկերում»: 

(Շարունակելի)


    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *