Հայաստան

Հայաստանին Ավելի Լուրջ Են Ընդունում

Կարևոր է, որ Հայաստանը ներգրավված լինի այդ գործընթացներում, քանի որ ԱՄՆ-ի ազդեցությունը Մերձավոր Արևելքում մեծանում է, և Հայաստանը դիտարկվում է որպես կապող օղակ այդ տարածաշրջանի հետ։ 

Միքայել Զոլյան

1inTV-ն զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, ԱՄՆ դերակատարությունն այդ հարցում և այլ հարակից հարցեր։

Միքայել Զոլյանն ասաց, որ հայ-ադրբեջանական գործընթացը մեկ իրադարձություն չէ, այլ շարունակական պրոցես, որը սկսվել է դեռ Թրամփից առաջ։ Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ի հանդիպումը պարզապես այդ գործընթացի կարևոր փուլերից մեկն էր։ Այս ամենի տրամաբանությունը կայանում է նրանում, որ Հարավային Կովկասը, մասնավորապես Հայաստանը և Ադրբեջանը, մի հատված են, որը միավորում է Եվրոպան, Կենտրոնական Ասիան և Մերձավոր Արևելքը։

Զոլյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հրավերքը Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովին տրամաբանական էր․Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է և ունի սերտ հարաբերություններ Իսրայելի հետ, իսկ Հայաստանը՝քրիստոնեական երկիր լինելով, քաղաքակրթական առումով մոտ է Եվրոպային, բայց ունի նաև պատմական կապեր Մերձավոր Արևելքի հետ։ Նման ձևաչափերում Հայաստանի մասնակցությունը կարևոր է ոչ միայն խորհրդանշական, այլև գործնական առումով՝ որպես հնարավորություն Մերձավոր Արևելքի և Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու։

Զոլյանը համոզված է, որ Իսրայելի հետ հարաբերությունները չպետք է թողնել անորոշ վիճակում, նույնիսկ եթե վերջինս այսօր գտնվում է միջազգային մեկուսացման փուլում։ Նա ասաց, որ Իսրայելը շարունակում է մնալ ազդեցիկ երկիր, ունի զարգացած ռազմական արդյունաբերություն, որը մեծապես նպաստել է Ադրբեջանի ռազմական առավելություններին պատերազմի ընթացքում։

Զոլյանը նշեց, որ ամեն անգամ, երբ Թրամփը հիշատակում է օգոստոսի 8-ի համաձայնությունները, դրանք ավելի են ամրապնդվում միջազգային հարթակում․

«Թրամփը կարող է անգամ խառնել երկրների անունները, բայց դա կարևոր չէ․ ամեն անգամ, երբ նա բարձրաձայնում է այդ փաստաթղթերի մասին, հայ-ադրբեջանական խաղաղության գաղափարը ավելի է հաստատվում», — ասաց նա։ Դա նաև որոշակի ճնշում է ստեղծում Ադրբեջանի վրա՝ չփորձելու դուրս գալ խաղաղ գործընթացից։ Ըստ Զոլյանի՝ յուրաքանչյուր նման նախաձեռնություն Հայաստանի անվտանգության համար կարևոր նշանակություն ունի․

«Յուրաքանչյուր նման հայտարարություն կարելի է համեմատել տասը տանկ գնելու հետ։ Դա մեր անվտանգության ամրապնդման ձևերից մեկն է», — ասաց նա։

Զոլյանը նաև ընդգծեց, որ ԱՄՆ-ը ներկայումս մեծ ուշադրություն է դարձնում Մերձավոր Արևելքին, մինչդեռ Եվրոպայի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է։ Թրամփին, ըստ նրա, հոգեբանորեն ավելի հաճելի է գործ ունենալ իշխանական կենտրոնացված մոդել ունեցող երկրների հետ, ինչպիսին են արաբական պետությունները։

Քաղաքագետը նշեց, որ այս համատեքստում կարևոր է, որ Հայաստանը ներգրավված լինի այդ գործընթացներում, քանի որ ԱՄՆ-ի ազդեցությունը Մերձավոր Արևելքում մեծանում է, և Հայաստանը դիտարկվում է որպես կապող օղակ այդ տարածաշրջանի հետ։ Խոսելով ԱՄՆ Կոնգրեսում շրջանառվող օրինագծի մասին՝ Զոլյանը ասաց, որ այն առաջին հերթին ուղղված է Ադրբեջանի դեմ և կոչված է երաշխավորելու օգոստոսի 8-ի համաձայնությունների պահպանումը։ Նրա կարծիքով՝ սա շատ դրական փաստաթուղթ է, որը պետք է օգտագործել Հայաստանի շահերի պաշտպանության համար։

«Թրամփը լավ ոստիկան է, իսկ Կոնգրեսում կան նաև վատ ոստիկաններ՝ հանրապետական պատգամավորներ, որոնք ասում են․ եթե Ալիևը խաղում էըստ կանոնների՝ ամեն ինչ լավ է, բայց եթե փորձում էխաբել՝ կարող են սանկցիաներ կիրառվել։ Սա շատկարևոր մեխանիզմ է, որովհետև որոշումը կարող էընդունվել Պետդեպարտամենտի մակարդակով՝ առանց Կոնգրեսի քվեարկության»։

Զոլյանը զարմացած է, որ որոշ հայկական կառույցներ դեմ են հանդես գալիս այդ օրինագծին․

«Դա տարօրինակ է, որովհետև փաստաթուղթը կարող էր նույնիսկ ավելի ուժեղ լինել, օրինակ՝ ընդգրկել գերիների հարցը։ Բայց դրան ընդհանրապես դեմ լինելը հակահայկական դիրքորոշում է», — ասաց Զոլյանը։ Այդ քննադատությունները հաճախ գալիս են երրորդ երկրից՝ հատկապես Ռուսաստանից, որը փորձում է օգտագործել սփյուռքի որոշ հատվածների զգացմունքային վիճակը Հայաստանի շահերի դեմ։

Նա նշեց, որ գալիք՝ 2026 թվականի ընտրություններում, այս քարոզչական և մանիպուլյացիոն խաղը կշարունակվի․

«Շատ լուրջ միջոցներ են ներդրվելու, որպեսզի այս դրական գործընթացը կանգնեցվի հենց Հայաստանի ներսից։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դա թույլ չտանք», — ասաց քաղաքագետը։

Զոլյանը հավելեց, որ Մոլդովայի օրինակը ցույց տվեց, թե ինչպես են ռուսական ազդեցության գործակալները պատրաստ ամեն ինչ անել իրենց պատվիրատուների շահերի համար։ Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է սերտի ժողովրդավարական պետությունների փորձը և կիրառի համապատասխան օրենսդրական և քաղաքական մեխանիզմներ՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը։

«Հայաստանը չի կարող նույն քայլերն անել, ինչ Մոլդովան, որովհետև աշխարհագրորեն ու ինստիտուցիոնալ առումով այլ պայմաններում է։ Բայց մենք պետք է մեր կախվածությունը Ռուսաստանից վերածենք փոխկախվածության՝ օգտագործելով այն որպես զսպող գործոն։ Օրինակ, եթե Ռուսաստանը անջատի գազը, դրա հետևանքները կզգա նաև իր ռազմաբազան Հայաստանում։ Այսինքն՝ պետք է աշխատել այն իրականության մեջ, որն ունենք»։Հայաստանը պետք է հստակ գիտակցի իր ռազմավարական տեղը նոր աշխարհաքաղաքական ճարտարապետության մեջ և գործի ոչ թե վախով, այլ հաշվարկով՝ ամրապնդելով անկախությունն ու դիմակայունությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *