Հայաստան

Հոգևորականի Տեղը Եկեղեցին Է


Հոգևորականի տեղը եկեղեցում է, աղոթքում, ժողովրդի կողքին՝ նրանց ցավն ու տառապանքը մեղմելու համար, իսկ խորհրդարանն ու իշխանության դահլիճները թող մնան նրանց համար, ովքեր կոչված են ղեկավարելու ոչ թե հոգիներ, այլ պետություն։

Եկեղեցին պետք է մնա մաքուր, վեր բարձրացված ժամանակավոր շահերից, իսկ հոգևորականը՝ լռության, աղոթքի և սիրո մարդ, և ոչ թե քաղաքականության զինվոր։

Մկրտիչ Իսրայելյան

Դարերով մարդկանց հավատքն ու հոգևոր ուժը զորացրած եկեղեցին, ցավոք, այսօր որոշ անձանց ձեռքում վերածվել է քաղաքական ամբիոնի։ Իսկ երբ եկեղեցին դառնում է կուսակցության «ճյուղ», իսկ հոգևորականը՝ քարոզչության «գործիք», տուժում է թե՛ հավատքը, թե՛ պետությունը։

Վերջին օրերին հասարակությունն ակտիվ քննարկում է որոշ հոգևորականների ձերբակալությունների հարցը։ Որոշների համար այդ հոգևորականները համարձակ են, բացահայտող, ազգային։ Բայց, երբ նրանց դիտարկում ես ոչ որպես անհատ, այլ որպես հոգևորական, ակնհայտ է դառնում, որ նրանք լքել են իրենց հոգևոր դիրքը։ Նրանց խոսքը հաճախ լի է եղել վիրավորանքներով, պիտակավորումներով, ինչը հակասում է եկեղեցու խոնարհության ու սիրո պատգամին։ Նրանք հրապարակայնորեն աջակցել կամ դեմ են արտահայտվել այս կամ այն քաղաքական ուժերին՝ առանց հոգևոր չեզոքության պահպանման։

Այդ հոգևորականների գործոնը պատահական չէ։ Այն հետևանքն է տարիներով կուտակված եկեղեցու և պետության չհստակեցված սահմանների, եկեղեցու ներսում վերահսկողության բացակայության և քաղաքական ուժերի կողմից հոգևոր հարթակի շահագործման։

Եկեղեցին պետք է ծառայի հավատի զորացմանը, բարոյական արժեքների տարածմանը, ազգի հոգևոր ամրապնդմանը։ Երբ հոգևորականը բարձրանում է քաղաքական բեմ, նրա խոսքը կորցնում է հոգևոր բովանդակությունը։ Նա այլևս ոչ թե առաջնորդում է հոտին դեպի Աստված, այլ դեպի կուսակցական շահերը։

Քրիստոնեությունը մեզ սովորեցնում է խոնարհություն, սիրո պատգամ, ներողամտություն, իսկ քաղաքական դաշտը լցված է շահախնդրությամբ և մանիպուլյացիաներով։ 

Այս երկու աշխարհները հակադիր են իրենց էությամբ։ Երբ հոգևորականը մուտք է գործում քաղաքականություն, նա մոռանում է իր ուխտը՝ ծառայել Աստծուն, այլ ոչ թե քաղաքականությանը։
Երբ ժողովուրդը տեսնում է հոգևորականի քաղաքական ակտիվությունը կամ նրա արտահայտությունները այս կամ այն գործչի և ուժերի օգտին կամ դեմ, այդ վստահությունը խեղաթյուրվում է։

Բազմաթիվ քաղաքացիներ իրենց հավատն են կապում եկեղեցու հետ, և հոգևորականի քաղաքական դիրքորոշումը կարող է ճնշում գործադրել այդ մարդկանց վրա՝ թելադրելով իրենց քաղաքական կողմնորոշումը։
Կրոնը պետք է ազատ լինի քաղաքական ազդեցությունից։

Երբ հոգևորականը զբաղվում է քաղաքականությամբ՝ նա խախտում է հոգևոր չեզոքության սկզբունքը։ Վտանգի է ենթարկում եկեղեցու հեղինակությունը։  Նա խախտում է իր կոչումը՝ ծառայել Աստծուն։ Հասարակությունում խորանում է անվստահությունը թե՛ եկեղեցու, թե՛ քաղաքական ուժերի նկատմամբ։
Հոգևորականի տեղը եկեղեցում է, աղոթքում, ժողովրդի կողքին՝ նրանց ցավն ու տառապանքը մեղմելու համար, իսկ խորհրդարանն ու իշխանության դահլիճները թող մնան նրանց համար, ովքեր կոչված են ղեկավարելու ոչ թե հոգիներ, այլ պետություն։
Եկեղեցին պետք է մնա մաքուր, վեր բարձրացված ժամանակավոր շահերից, իսկ հոգևորականը՝ լռության, աղոթքի և սիրո մարդ, և ոչ թե քաղաքականության զինվոր։

Մկրտիչ Իսրայելյան

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/139150

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *