Հայաստան

Եկեղեցին Առողջացման Կարիք Ունի

Երբ նախկինում Հայաստանում ձևավորվել էր տոտալիտար համակարգ և կոռուպցիան քայքայում էր պետությունը, նույն Կտրիճ Ներսիսյանը ակտիվ հարաբերություններ էր պահպանում Մոսկվայի եկեղեցական շրջանակների հետ, իսկ այսօր նույն մարդիկ փորձում են հանդես գալ որպես եկեղեցու պաշտպաններ։

Գեորգի Թումասյան

Civic News-ը զրուցել է միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են եկեղեցի-իշխանություն հարաբերություններում անընդհատ աճող լարվածությունը և վերջին շրջանի ձերբակալությունները, անդրադարձ է կատարվել քահանաների կողմից եկեղեցու ներսում կատարվող ճնշումների կողմից բարձրաձայնումը և այլն։

Փորձագետ Գեորգի Թումասյանը նշեց, որ Տեր Արամ քահանա Ասատրյանի հանրային հայտարարությունը կարևոր քայլ է՝ եկեղեցու ներսում առկա խնդիրները բացահայտելու և դրանք լուծելու ուղղությամբ։ Նա ասաց, որ եկեղեցու առողջացումը միայն կուժեղացնի նրա կապը ժողովրդի հետ, իսկ ամենավտանգավոր երևույթն այն է, երբ եկեղեցին օգտագործվում է անհատների քաղաքական նպատակների համար։ Թումասյանը ընդգծեց, որ Կտրիճ Ներսիսյանի շուրջ ձևավորված խմբակը ստիպել է ազգին նվիրված քահանաներին մասնակցել ընդդիմադիր ցույցերին, ինչը, ըստ նրա, հակաազգային և հակապետական գործողություն է։Դանիել Իոհաննիսյանի և նրա կառույցի դիմումն իրավապահ մարմիններին ճիշտ քայլ էր, սակայն ընդգծեց՝ նման քայլի անհրաժեշտություն չպետք է լիներ, քանի որ Ներքին գործերի նախարարությունը, ոստիկանությունը և ԱԱԾ-ն պարտավոր էին գործել առանց արտաքին դիմումների։ Թումասյանը համոզված է, որ հանրային տարածված տեղեկատվությունը պետք է ինքնաբերաբար դառնա իրավապահ մարմինների վերահսկողության առարկա։

Փորձագետը նշեց, որ այժմ իրավապահ համակարգը թիրախավորվում է այն պատճառով, որ փորձում է գործել օրենքի շրջանակում։ Նա ասաց, որ հատկապես զարմացած է Արման Թաթոյանի գնահատականներից, որոնք, ըստ Թումասյանի, անուղղակիորեն պաշտպանում են օրենսդրության խախտումները։ Թումասյանը համոզված է, որ եթե պետությունը չարձագանքի այն երևույթներին, երբ մարդկանց ստիպում են մասնակցել ցույցերին՝ սպառնալով աշխատանքից ազատմամբ կամ կարգալույծ անելով, ապա պետությունը պարզապես կկորցնի իր հիմքերը։

Թումասյանը նշեց, որ հայ ժողովուրդը շատ լավ հասկանում է՝ ովքեր են փորձել խեղաթյուրել իրականությունը։ Նրա խոսքով՝ Մայր Աթոռի վերջին հայտարարությունը աննկարագրելի հարված էր եկեղեցու հեղինակությանը։ Նա ասաց, որ երբ նախկինում Հայաստանում ձևավորվել էր տոտալիտար համակարգ և կոռուպցիան քայքայում էր պետությունը, նույն Կտրիճ Ներսիսյանը ակտիվ հարաբերություններ էր պահպանում Մոսկվայի եկեղեցական շրջանակների հետ, իսկ այսօր նույն մարդիկ փորձում են հանդես գալ որպես եկեղեցու պաշտպաններ։ Վարչապետ Փաշինյանի տված գնահատականը Կտրիճ Ներսիսյանի վերաբերյալ ճիշտ էր, քանի որ այդ մարդիկ իրենց մտածողությամբ մնացել են նեոբոլշևիկյան դաստիարակության դաշտում և չեն պատկերացնում, որ գոյություն ունի անկախ, սուվերեն պետություն։ Թումասյանը վստահ է, որ եթե նրանք կարգալույց անելով սպառնում են ազգասեր քահանաներին, ապա պետությունը պետք է պատասխան տա օրենքի լեզվով։

Փորձագետը կարծում է, վարչապետ Փաշինյանի նախաձեռնած գործընթացը՝ եկեղեցու ազատագրման ուղղությամբ, հաջողության մեծ հնարավորություն ունի, որովհետև ժողովուրդը աջակցում է գաղափարին՝ եկեղեցին պետք է ազատ լինի քաղաքական ազդեցությունից։ Թումասյանը նշեց, որ Մայր Աթոռի կոչը՝ «ժողովրդին համախմբվել եկեղեցու շուրջ», պետք է հասկանալ ոչ թե Կտրիճ Ներսիսյանի, այլ իրական հոգևոր արժեքների և ազնիվ հոգևորականների շուրջ համախմբվելու կոչ։ Այժմ գործ ունենք համակարգված գործընթացի հետ, որտեղ ներգրավված են նախկին իշխանությունները, ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանը, ինչպես նաև որոշ քաղաքական գործիչներ, այդ թվում Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց, որ այս ուժերը փորձում են եկեղեցին վերածել աշխարհաքաղաքական գործիքի՝ Հայաստանի անկախ պետականության դեմ պայքարում։ Թումասյանը նշեց, որ ռուսական արտաքին գործերի նախարարության հայտարարությունները, իբր հայ առաքելական եկեղեցու պաշտպանությանը, ցույց են տալիս՝ եկեղեցին դարձել է արտաքին ազդեցության գործիք։ Այժմ անհրաժեշտ է Մայր Աթոռի ազատագրումը, և եթե Կտրիճ Ներսիսյանը չհեռանա ինքնակամ, ապա պետությունը պարտավոր է միջամտել՝ օրենքի շրջանակում։ Թումասյանը համոզված է, որ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է ուսումնասիրի Կտրիճ Ներսիսյանի գործունեությունը, քանի որ նա ստեղծել է հակաօրինական համակարգ, որը վտանգում է պետական անվտանգությունը։

Փորձագետը հավելեց, որ իշխանությունները փորձում են նրբորեն վերաբերվել եկեղեցուն, ինչը կարևոր է, սակայն պետք է նաև գործնական քայլեր ձեռնարկել՝ պետական ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

Հայաստանում ներկայումս լայնածավալ հիբրիդային տեղեկատվական պատերազմ է ընթանում, և իշխանությունների հակահիբրիդային գործողությունները դեռ բավարար չեն։ Նա կոչ արեց ձևավորել հակահիբրիդային պայքարի հատուկ կենտրոն կամ կառույց, որը կգործի ֆեյք լուրերի և տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ։ Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում գործում են բազմաթիվ էջեր, որոնք ֆինանսավորվում են օտար ուժերի կամ նախկին իշխանությունների կողմից՝ ապատեղեկատվություն տարածելու նպատակով։ Հատկապես վտանգավոր է, երբ հոգևորականները՝ օգտագործելով իրենց հանդերձը և տաճարը, տարածում են կեղծ տեղեկություններ, որոնք կարող են խաթարել ազգային անվտանգությունը։ Թումասյանը նշեց, որ եթե այս գործողությունները կատարվում են Կտրիչ Ներսիսյանի հրամանով, ապա գործ ունենք գործակալական ցանցի հետ, որը փորձում է թուլացնել պետական ինստիտուտները։ Հայաստանը կանգնած է պատմական շրջադարձի առաջ, և այժմ ամենակարևորն է՝ ազատագրել եկեղեցին օտար ազդեցություններից, ձևավորել մեխանիզմներ հիբրիդային պատերազմի դեմ և ապահովել պետականության պաշտպանությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *