Մոսկվան ունի մտադրություն խոչընդոտելու Հայաստանի եվրաինտեգրմանը, բայց դրա համար կարողություններն այժմ սահմանափակ են, քանի որ բոլոր ռեսուրսները կենտրոնացած են Ուկրաինայի ուղղությամբ։ Եթե պատերազմը շարունակվի, Ռուսաստանը նույն նպատակին կառչած կմնա, բայց եթե զինադադար լինի, ապա կարող է վերականգնել որոշ ռեսուրսներ և նորից ակտիվանալ տարածաշրջանում։
Ռոււբեն Մեհրաբյան
FactorTV-ն զրուցել է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ ներքին ու արտաքին մի շարք խնդիրներ, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։
Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ Արարատ Միրզոյանի հայտարարությամբ Հայաստանը ավելի կոնկրետ է դարձնում իր մտադրությունը Եվրամիությանը անդամակցելու հարցում՝ պահպանելով ռազմավարական անորոշություն և ազատություն՝ որոշման ժամանակը ընտրելու համար։
Նրա խոսքով՝ Եվրամիությանը հայտ ներկայացնելը նշանակում է ժամկետների հստակեցում, ինչը վկայում է Հայաստանի երկարաժամկետ ռազմավարության մասին։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է պահպանել ռազմավարական ճկունություն, քանի որ Ռուսաստանը անպայման բացասաբար է արձագանքելու այս գործընթացին։
Մեհրաբյանի կարծիքով՝ բացասական արձագանքը կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝ սկսած կոշտ հռետորաբանությունից մինչև հարաբերականորեն բանական վարքագիծ, և Հայաստանին ձեռնտու է երկրորդը։
Նա ընդգծեց, որ Ռուսաստանը դեռ պահպանում է ներսից ազդեցության որոշակի հնարավորություններ Հայաստանում․ դրանք կրիտիկական չեն, բայց առկա են։ Հայաստանը, ըստ նրա, ինստիտուցիոնալ առումով դեռևս բավարար պաշտպանված չէ այդ ազդեցություններից։
Մեհրաբյանը հավելեց, որ Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելը պետք է ուղեկցվի նաև այլ ինտեգրացիոն միավորներից՝ ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից դուրս գալու հստակ քայլերով։ Հակառակ դեպքում, դա «անլուրջ քայլ» կլինի։ Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է անցումային փուլում ապահովի հենարաններ՝ որպեսզի ռուսական համակարգերից դուրս գալը լինի վերահսկելի և առանց ցնցումների։
Վերլուծաբանի համոզմամբ՝ վարչապետի այն հայտարարությունը, թե «եթե մեզ չընդունեն, մենք ամեն դեպքում եվրոպական չափանիշներով պետություն կլինենք», սխալ ազդակ էր՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Նա հավելեց, որ Արարատ Միրզոյանի ձևակերպումը՝ պահպանելով ռազմավարական անորոշություն, բայց հստակեցնելով մտադրությունները, առավել ճշգրիտ և տեղին էր։
Մեհրաբյանը նաև անդրադարձավ Ռուսաստանի ներուժին՝ նշելով, որ Մոսկվան ունի մտադրություն խոչընդոտելու Հայաստանի եվրաինտեգրմանը, բայց դրա համար կարողություններն այժմ սահմանափակ են, քանի որ բոլոր ռեսուրսները կենտրոնացած են Ուկրաինայի ուղղությամբ։ Եթե պատերազմը շարունակվի, Ռուսաստանը նույն նպատակին կառչած կմնա, բայց եթե զինադադար լինի, ապա կարող է վերականգնել որոշ ռեսուրսներ և նորից ակտիվանալ տարածաշրջանում։ Հայաստանը չպետք է քամահրանքով վերաբերվի այդ սպառնալիքներին․ «Սա լուրջ սպառնալիք է, և մեր ինստիտուտները դեռ լիովին ադապտացված չեն դրան դիմագրավելու համար»։
Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ Մեհրաբյանը նշեց, որ եվրոպական ինտեգրման թեման կարող է դառնալ իշխանության նախընտրական ակտիվը, հատկապես եթե Եվրամիությանը անդամակցության հայտ ներկայացվի 2026թ․ ընտրություններից առաջ կամ մայիսին նախատեսված եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում։ Իրենց կուսակցությունը՝ «Հանուն Հանրապետության»-ը, ակտիվորեն աշխատում է մարզերում՝ «թաուն հոլ» ձևաչափով հանդիպումներ անցկացնելով, լսելով քաղաքացիներին և տեղային խնդիրները հասկանալով։ Նրա խոսքով՝ պետական կառույցներում հաճախ բացակայում է համակարգված մոտեցում, և բազմաթիվ նախարարություններ գործում են անընդհատ չհամաձայնեցված, երբեմն հակասական ձևով։
Նա եզրափակեց՝ նշելով, որ Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ է պետության և մասնավորի միջև գործընկերություն, ինստիտուցիոնալ կայունություն և քաղաքական պատասխանատվություն՝ արտաքին վտանգներին դիմագրավելու և եվրոպական ուղին իրատեսորեն շարունակելու համար։
Հարցազրույց ամբողջությամբ՝
