Այդ փուլում ձեւավորվեց եւ տարածում գտավ քարոզչական կաղապար, որ Արայիկ Հարությունյանը «քաղաքական ուժերի թիկունքում գաղտնի բանակցություններ է վարում Իլհամ Ալիեւի ներկայացուցիչների հետ եւ վարում է Արցախն Ադրբեջանի կազմում վերաինտեգրելու քաղաքականություն»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 79-րդ
2021թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում նշվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 30-ամյակը: Պաշտոնական արարողությունը, բնականաբար, համեստ էր: Հայաստանի իշխանության ներկայացուցիչները բացակայում էին: Նույն օրը, սակայն, «Եվրոպա» հյուրանոցում տեղի ունեցավ չափազանց արտառոց իրադարձություն. բացվեց ՀՅԴ Հայ դատի Ստեփանակերտի գրասենյակը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՅԴ գործիչներ:
Արցախի գործող իշխանությունից մասնակցում էր արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Իր ելույթում նա բարձր է գնահատել Հայ դատի երկարամյա գործունեությունը, որ «ուղղված է Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությանը, ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ համահայկական նշանակության տարբեր հարցերի լուծմանը»: Բաբայանի գնահատմամբ, Հայ դատի Ստեփանակերտի գրասենյակի գործունեությունը «կնպաստի Արցախի սուբյեկտայնության պահպանմանը եւ նրա միջազգային ճանաչմանը»: Հայ դատի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար նշանակվեց Գեորգի Պետրոսյանը: Ավելի վաղ նա Արցախի դաշնակցական կառույցը ներկայացրել էր ՀՅԴ Բյուրոյում:
Ստեփանակերտում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի բացումը, արարողությանը գործող նախագահ Արայիկ Հարությունյանի բացակայությունը քաղաքական ազդակ էր, որ Արցախի իշխանական վերնախավի անմիասնականությունն արդեն բացահայտված իրողություն է: Ինչ վերաբերում է արտաքին ընկալմանը, ապա թե Ադրբեջանի, թե ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության համար պարզ պիտի լիներ, որ ՀՅԴ-ն եւ նրա շուրջ համախմբված արցախյան մի քանի կուսակցություններ եւ անհատներ որդեգրել են Արցախի անկախ կարգավիճակից կես քայլ անգամ չնահանջելու ուղեգիծ:
Այդ փուլում ձեւավորվեց եւ տարածում գտավ քարոզչական կաղապար, որ Արայիկ Հարությունյանը «քաղաքական ուժերի թիկունքում գաղտնի բանակցություններ է վարում Իլհամ Ալիեւի ներկայացուցիչների հետ եւ վարում է Արցախն Ադրբեջանի կազմում վերաինտեգրելու քաղաքականություն»: Հանրային շրջանակներում այդ խոսույթին գումարվում էր այն, որ «Արայիկը կատարում է Նիկոլի բոլոր հրահանգները»: Չափազանց մեծ է հավանականությունը, որ լուրերը տարածվում էին հենց Արայիկ Հարությունյանի մերձավոր շրջապատից, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, որ Արցախի նախագահի եւ Իլհամ Ալիեւի ներկայացուցիչների հանդիպումների մասին տեղեկացված էին ի պաշտոնե:
Ակնհայտ էր, որ Արցախի ուժային կառույցները գործում են Արայիկ Հարությունյանի ենթակայությունից դուրս կամ առնվազն ոչ լիովին էին ենթարկվում նրան:
(Շարունակելի)
