Հայաստան

Քաղաքական Սուլթաններ

Ժողովուրդն այսօր շատ լավ տեսնում է՝ ով է պայքարում արժեքների, իսկ ով՝ սեփական գերդաստանի համար։ Հայաստանի ապագան չի կարող կախված լինել ոչ փեսաների, ոչ որդիների, ոչ հոպարի գանձերի հաշվարկներից։ Այս երկիրը պիտի կառավարեն ոչ թե ընտանեկան կապերը, այլ ժողովուրդն ու նրա ազատ կամքը։

Մկրտիչ Իսրայելյան

Հայաստանում վերջին շրջանում ձևավորվում է տարօրինակ և վտանգավոր միտում։ Նախկին իշխանական էլիտան, որը տարիներ շարունակ երկիրը վերածել էր անձնական գրպանի, հիմա փորձում է ժողովրդավարության դիմակով վերակենդանացնել նույն հին «սուլթանական» կարգերը։ Սերժը փեսուն է առաջ տանում, Ռոբը՝ տղուն, Կարապետյանն էլ՝ «հոպարի գանձին»։ Նրանց պատկերացմամբ՝ քաղաքականությունն ընտանեկան բիզնես է, որտեղ իշխանությունը ժառանգում են, այլ ոչ թե վաստակում։

Այս մարդիկ դեռ չեն հասկացել, որ Հայաստանն այլևս նրանց «կալվածքը» չէ։ Ժողովուրդը մի անգամ արդեն ցույց է տվել, որ չի պատրաստվում այլևս թիկունք կանգնել նրանց հարստացած և անպատասխանատու սերունդներին։ Նրանց երազած մոդելը՝ «պապը նախագահ, տղան վարչապետ, փեսան նախարար», տեղ չունի մի երկրում, որը 21-րդ դարում փորձում է իր ժողովրդավարությունը ամրապնդել, ոչ թե վերադարձնել այն մի քանի ընտանեկան կլանների ձեռքը։

Թվում է՝ այս ընդդիմադիրները դեռ չեն շփվել իրականության հետ։ Նրանք իրենց կուսակցություններն են պահում նույն տոհմային սկզբունքով, ինչպես Մերձավոր Արևելքի սուլթանները՝ իշխանական պալատները։ Հենց այդ պատճառով էլ նրանց պայքարը իշխանության համար ոչ թե գաղափարական է, այլ ժառանգական։

Ժողովուրդն այսօր շատ լավ տեսնում է՝ ով է պայքարում արժեքների, իսկ ով՝ սեփական գերդաստանի համար։ Հայաստանի ապագան չի կարող կախված լինել ոչ փեսաների, ոչ որդիների, ոչ հոպարի գանձերի հաշվարկներից։ Այս երկիրը պիտի կառավարեն ոչ թե ընտանեկան կապերը, այլ ժողովուրդն ու նրա ազատ կամքը։

Եվ որքան էլ սուլթանական մտածելակերպով ընդդիմադիրները փորձեն ժողովրդավարությունը վերածել ժառանգական բեմադրության, մի բան պետք է հստակ հիշեն՝ Հայաստանում իշխանությունը չի փոխանցվում ժառանգությամբ, այն փոխանցվում է քաղաքացիների կամքով վստահության միջոցով։ Իսկ վստահությունը նրանք վաղուց են կորցրել։

Մկրտիչ Իսրայելյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *