Հայաստան

Մոսկվայի “Անմեղ” Քարոզչությունը

Մոսկվայի նյարդայնությունը և վերահսկողության կորուստն արդեն ակնհայտ է՝ Մոսկվան աստիճանաբար կորցնում է վերահսկողությունը Հայաստանի քաղաքական դաշտում։ Յուրաքանչյուր ձերբակալություն, պաշտոնանկություն կամ իրավական գործընթաց ընկալվում է որպես հարված ռուսական ազդեցության մնացուկներին։ Զախարովայի հայտարարությունը հենց այդ վախի դրսևորումն է՝ հիստերիկ արձագանք՝ իրականության փոխարեն։

Մկրտիչ Իսրայելյան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, որը սովորաբար լռում է սեփական երկրի կոռուպցիոն համակարգի, քաղաքական բռնաճնշումների ու պատերազմական հանցագործությունների հարցերում, այս անգամ որոշել է հանդես գալ՝ Գյումրիի քաղաքապետի կալանքի թեմայով։ Նա հայտարարել է․ «Մոսկվան ուշադիր հետևում է Գյումրիում տեղի ունեցող իրավիճակի զարգացմանը։ Դրա հետ մեկտեղ, մենք ընդգծում ենք, որ նախկինում քրեական գործեր էին հարուցվել Վանաձորի, Բերդի, Գորիսի, այլ համայնքների ղեկավարների դեմ, նրանցից ոմանք ձերբակալվել էին։ Հուսով ենք, որ նման գործընթացները դատական իշխանության և ժողովրդի միջև պառակտման, այդ համակարգի հանդեպ վստահության անկման չեն հանգեցնի»: Թվում է, թե Զախարովան ընդամենը բավական անմեղ արձագանք է տվել Գյումրիի քաղաքապետի կալանավորման հարցին, սակայն Զախարովայի հայտարարությունը ոչ թե դիվանագիտական արձագանք էր, այլ Հայաստանի ներքին գործընթացների վրա ազդեցություն ունենալու հերթական փորձ։

Մոսկվայի նյարդայնությունը և վերահսկողության կորուստն արդեն ակնհայտ է՝ Մոսկվան աստիճանաբար կորցնում է վերահսկողությունը Հայաստանի քաղաքական դաշտում։ Յուրաքանչյուր ձերբակալություն, պաշտոնանկություն կամ իրավական գործընթաց ընկալվում է որպես հարված ռուսական ազդեցության մնացուկներին։ Զախարովայի հայտարարությունը հենց այդ վախի դրսևորումն է՝ հիստերիկ արձագանք՝ իրականության փոխարեն։ 

Ռուսաստանի ԱԳՆ խոսափողը փորձում է ստեղծել տպավորություն, թե իբր Հայաստանում ինչ-որ բան արվում է «Մոսկվայի դեմ», մինչդեռ դա պարզապես իրավական գործընթաց է՝ անկախ դատական համակարգի շրջանակում։ 

Հայաստանն այլևս հաշվետու չէ ոչ մեկին, առավել ևս՝ ոչ այն պետությանը, որն իր իսկ քաղաքացիներին տարիներ շարունակ ուղարկում է պատերազմի մսաղաց։ 

Ռուսաստանը, որն անտեսում է սեփական քաղաքացիների աղքատությունը, կաշառակերությունը և ժողովրդավարության բացակայությունը, փորձում է Հայաստանում խաղալ «խորհրդատուի» դեր։ Սա ոչ թե դիվանագիտություն է, այլ մոլագար քարոզչություն՝ փաթեթավորված դիվանագիտական բառապաշարի տակ։ 

Զախարովայի հայտարարությունները դարձել են ռուսական արտաքին քաղաքականության խորհրդանիշ՝ կոպիտ, միջամտող և անպատասխանատու։ Նրանք չեն ընդունում պարզ ճշմարտությունը՝ Հայաստանն այլևս այն երկիրը չէ, որտեղ կարելի է թելադրել, թե ինչ անել, ում կալանավորել կամ ում նշանակել։ 

Վերջին ամիսների ռուսական արձագանքները ցույց են տալիս, որ Հայաստանի ինքնիշխան քաղաքականությունը ցավոտ է ընկալվում Մոսկվայում։ Որքան ավելի ինքնուրույն է դառնում Երևանը՝ այնքան ավելի սուր են դառնում Կրեմլի հռետորական հարձակումները։ Զախարովայի այս միջամտությունը հենց այդ տագնապի արտահայտությունն է՝ ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի ներսում կուտակված անզորության։ Հայաստանը շարունակում է իր ճանապարհը՝ անկախ և ինքնիշխան պետության ձևավորման ուղիով։ Իսկ Ռուսաստանը ստիպված է լինելու ընդունել այդ իրականությունը՝ ուզի, թե չուզի։

Մկրտիչ Իսրայելյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *