Կան ստույգ տեղեկություններ, որ հասանելի են անգամ բաց աղբյուրներից: 2006 թ. Ադրբեջանի ռազմական ծախսերը հասել են Հայաստանի տարեկան համախառն բյուջեին եւ հետագա տարիներին անշեղորեն աճել՝ հասնելով երեք –չորս միլիարդ դոլարի: Տասը տարում Ադրբեջանը տասնհինգ միլիարդ դոլարի միայն ժամանակակից սպառազինություններ է գնել, հիմնականում՝ Ռուսաստանից, Բելառուսից, Իսրայելից եւ Թուրքիայից:
Վահրամ Աթանեսյան
ԱՄՆ-ում բնակվող Աղասի Ենոքյանը հարցազրույց է տվել «Առավոտին» եւ կանխատեսել, որ Նիկոլ Փաշինյանը «կգնա արտահերթ ընտրությունների»: Այստեղ պարսավելի ոչինչ չկա. եւ վարչապետը կարող է նման որոշում ընդունել, եւ փորձագետը՝ կանխատեսել: Բայց Աղասի Ենոքյանը թույլ է տվել երկու պնդում, որոնցից մեկը բացահայտ կեղծիք է, մյուսը՝ փաստերի միտումնավոր նենգափոխում: Նա ասել է, որ ղազախական ցորենի ներկրման շուրջ աղմուկը մեծ է, բայց «առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռներ են մտնում»:
Իրողություն է, որ 1989 թվականի տարեվերջին Ադրբեջանը շրջափակել է Հայաստան մտնող երկաթուղիները եւ ավտոմոբիլային ճանապարհները: Այդ հաղորդուղիներն առայսօր փակ են, ղազախական ցորենը Հայաստան կտեղափոխվի Ադրբեջան-Վրաստան երթուղով: Իսկ եթե Ենոքյանը դեպք գիտի, երբ Ադրբեջանից ուղղակի Հայաստան բեռնափոխադրում է իրականացվել, ապա կամ նախկին իշխանությունները գաղտնի գործարքներ են ունեցել Ալիեւի հետ, կամ նա պարզապես կեղծում է: Ամենայն հավանականությամբ, գործ ունենք երկրորդի հետ:
Ենոքյանի նենգափոխումն այն է, որ ասում է, թե երեսուն տարում Հայաստանը, թեեւ դժվարությամբ, Ադրբեջանի հետ «ուժերի հավասարակշռությունը պահպանում էր, Նիկոլը եկավ եւ ամեն ինչ փոշիացրեց»: Կան ստույգ տեղեկություններ, որ հասանելի են անգամ բաց աղբյուրներից: 2006 թ. Ադրբեջանի ռազմական ծախսերը հասել են Հայաստանի տարեկան համախառն բյուջեին եւ հետագա տարիներին անշեղորեն աճել՝ հասնելով երեք –չորս միլիարդ դոլարի: Տասը տարում Ադրբեջանը տասնհինգ միլիարդ դոլարի միայն ժամանակակից սպառազինություններ է գնել, հիմնականում՝ Ռուսաստանից, Բելառուսից, Իսրայելից եւ Թուրքիայից:
Այս իրավիճակում ուժերի հարաբերակցությունների պահպանման մասին խոսք լինել չի կարող: Չխոսած այն մասին, որ նույն տասնամյակում Ադրբեջանը կազմավորել է պրոֆեսիոնալ բանակ, իսկ Հայաստանը եւ Արցախը՝ մնացել ժամկետային ծառայության զինվորների հույսին: Փորձագետը, վերլուծաբանը չպետք է քաղաքականացված լինի:
Եթե քաղաքականությունը հրապուրիչ է, ապա նա պետք է անցնի որեւէ կուսակցության շարքեր եւ գործի նրա գաղափարների տարածման ուղղությամբ: Քաղաքականացված փորձագետը խայտառակում է այդ շատ կարեւոր մասնագիտությունը, ստվեր նետում նաեւ մյուսների վրա:
