Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Այդ իրավիճակում պաշտոնական Ստեփանակերտն ընտրեց Ռուսաստանին սիրաշահելու տարբերակը. Ազգային ժողովն ընդունեց Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու ճանաչելու մասին օրենք: Զուգահեռաբար տարածվեցին լուրեր, որոնց սկզբնաղբյուրն իշխանության եւ ԱԱԾ հետ կապ ունեցող շրջանակներն էին, որ «շուտով Ռուսաստանը բոլոր արցախցիներին քաղաքացիություն կշնորհի եւ կմեծացնի խաղաղապահ ուժերի թվաքանակը եւ սպառազինվածությունը»:

Վահրամ Աթանեսյան

Մաս 80-րդ

2021թ. հունվարի  15-ին Իլհամ Ալիեւը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ մտավ օկուպացված Շուշի: Չորս օր առաջ Մոսկվայում կայացել էր Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպում: Մինչ այդ Ռուսաստանի նախագահը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ առանձնազրույցներ էր ունեցել: 

Ադրբեջանական վտարանդիության աղբյուրները տեղեկություն տարածեցին, որ Ալիեւը Շուշի մուտք է գործել Ֆիզուլի-Կարմիր շուկա-Ստեփանակերտ երթուղով եւ նրա շարասյան անվտանգությունն ապահովելուն ներգրավվել են նաեւ Արցախի ԱԱԾ աշխատակիցները: Որ Ալիեւն իրոք Կարմիր շուկա ավանում հատել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը, առարկություն չի վերցնում այն պարզ պատճառով, որ Շուշի մուտք գործելու այլ երթուղի պարզապես չկար. Անտառային ճանապարհը, որով ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբերի պատերազմի ընթացքում ներթափանցել էին Շուշի, նախագահի համար անվտանգ չէր: Որքանո՞վ է պաշտոնական Ստեփանակերտը ներգրավվել Ալիեւի Շուշի մուտք գործելու հատուկ գործողությանը, այդ մասին տեղեկություն չկա: 

Դրան նախորդած շրջանում Արայիկ Հարությունյանի մերձավոր շրջապատից տեղեկություն էր տարածվել, որ նա Կարմիր շուկա ավանի տարածքում «պարբերաբար հանդիպում է ունենում Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ջեյհուն Շադլինսկու հետ»: Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրներն այդ օրերին լուրեր էին տարածել, որ Ստեփանակերտի իշխանությունները «շարունակում են Շուշի էլեկտրականություն  եւ գազ մատակարարել»: Այդ տեղեկությունները լայն տարածում էին գտել նաեւ Ստեփանակերտում: 

Շուշիում Իլհամ Ալիեւը հանդես եկավ չափազանց կոշտ եւ հայկական կողմերի հասցեին վիրավորական հայտարարություններով: Նա ասաց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն «այլեւս գոյություն չունի, իսկ ով հակառակը պնդի, եւս մեկ անգամ կարժանանա ադրբեջանական «երկաթե բռունցքի» ջախջախիչ հարվածին»: Տպավորություն էր, որ Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը պարզապես ձախողվել է, եւ Ադրբեջանի նախագահը հայտարարում է այն մասին, որ Արցախի հայ բնակչությունը չպետք է ռուսական խաղաղապահ ուժերի հետ հույսեր կապի: 

Այդ իրավիճակում պաշտոնական Ստեփանակերտն ընտրեց Ռուսաստանին սիրաշահելու տարբերակը. Ազգային ժողովն ընդունեց Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու ճանաչելու մասին օրենք: Զուգահեռաբար տարածվեցին լուրեր, որոնց սկզբնաղբյուրն իշխանության եւ ԱԱԾ հետ կապ ունեցող շրջանակներն էին, որ «շուտով Ռուսաստանը բոլոր արցախցիներին քաղաքացիություն կշնորհի եւ կմեծացնի խաղաղապահ ուժերի թվաքանակը եւ սպառազինվածությունը»: Այդ քարոզչությունը ոչ մի առարկայական հիմք չուներ, իրականացվում էր Արցախի բնակչության անհանգստությունները փարատելու եւ Ռուսաստանի շահերը սպասարկելու նպատակով: 

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *