Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Կայուն տպավորություն կա, որ Արցախում հայ-ադրբեջանական «հաշտեցմանը» խոչընդոտել է ռուսական կողմը՝ գործի դնելով Ստեփանակերտում իր ազդեցության շրջանակներին եւ Արցախի հատուկ ծառայություններին: Այդ գործընթացին մեծագույն ծառայություն մատուցել է ՀՅԴ-ն՝ իր «Արցախը չի կարող լինել անկախ Ադրբեջանի կազմում» վերջնագրային կարգախոսով:

Վահրամ Աթանեսյան

Մաս 82-րդ

Ոչ պաշտոնական տեղեկություններով, 2022թ. ապրիլի 8-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաեւ ՀՅԴ Արցախի կառույցի, «Արդարություն» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցության» առաջնորդները, խորհրդարանական չորս խմբակցությունների ղեկավարները: Այդ մասին Արցախի նախագահի մամուլի ծառայությունը եւ աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունը նույն օրը տարածել են ոչինչ չասող հաղորդագրություն:

Իրականում, ինչպես վկայում են քննարկումներին մասնակից մի քանի աղբյուրներ, Անվտանգության խորհուրդը պետք է պատասխաներ մի հարցի. «Արցախի իշխանությունները համաձա՞յն են Ադրբեջանի հետ երկխոսությանը»: Քննարկումները տեւել են մի քանի ժամ, վերջնական որոշում այդպես էլ չի ընդունվել: Հաջորդ օրերին Բաքվի «Թուրան» գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի կառավարության իր անանուն աղբյուրներին, չափազանց ուշագրավ հրապարակում է արել: 

Ըստ այդմ, պաշտոնական Բաքուն Ստեփանակերտին է փոխանցել «ինտեգրացիայի ծրագրի նախագիծ»: Ադրբեջանական լրատվամիջոցի ներկայացմամբ, Իլհամ Ալիեւն առաջարկել է Արցախի հայկական մնացած տարածքը վերանվանել «Ղարաբաղի հայաբնակ շրջան»: Վարչական այդ միավորը «պետք է ունենար Ադրբեջանի նախագահի կողմից նշանակված գործադիր իշխանության ղեկավար եւ նրան կից խորհրդակցական մարմին»: «Թուրանի» ներկայացմամբ, «Ղարաբաղի հայաբնակ տարածք» վարչական միավորը «պետք է ունենար առանձին բյուջե, որ կգոյանար ինչպես տեղական հարկերից եւ տուրքերից, այնպես էլ՝ Ադրբեջանի կառավարության տրամադրած լրավճարներից»: 

Որքանո՞վ է հավաստի այս տեղեկությունը, չափազանց դժվար է ասել: Բացառված չէ, որ այն տարածվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ եւ Արցախում հանրային տրամադրություններ շոշափելու նպատակ է ունեցել: Մի փաստ, այդուհանդերձ, անհերքելի է. Արցախի Անվտանգության խորհրդի այդ նիստից հետո Ստեփանակերտում լուրեր են տարածվել, որ «կազմավորվում է ադրբեջանական վիլայեթ», տվել են նույնիսկ Ալիեւի «նշանակած պաշտոնյայի» անուններ: Ամենայն հավանականությամբ, Բաքուն Արցախի հայ բնակչությունը «վերաինտեգրելու» մի ինչ-որ «ծրագիր», այնուամենայնիվ, ներկայացրել է: 

Դա, անշուշտ, առաջին հերթին քարոզչական նպատակ է հետապնդել՝ միջազգային հանրությանը ներկայանալու որպես «հանդուրժողոկան եւ բարյացակամ» կողմ: Խնդիրն այն է, թե Ստեփանակերտն ի՞նչ հիմնավորմամբ, հույսով կամ հեռանկարով է մերժել երկխոսության առաջարակը: Կայուն տպավորություն կա, որ Արցախում հայ-ադրբեջանական «հաշտեցմանը» խոչընդոտել է ռուսական կողմը՝ գործի դնելով Ստեփանակերտում իր ազդեցության շրջանակներին եւ Արցախի հատուկ ծառայություններին: Այդ գործընթացին մեծագույն ծառայություն մատուցել է ՀՅԴ-ն՝ իր «Արցախը չի կարող լինել անկախ Ադրբեջանի կազմում» վերջնագրային կարգախոսով: 

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *