Եկեղեցին դարձել է մանրադրամ և այժմ գործում է Հայաստանի շահերի դեմ՝ ծառայելով Ռուսաստանի շահերին։ Գարեգին Երկրորդի գահակալության տարիներին եկեղեցու համակարգի տակ կուտակվել է մեծ կեղտ՝ ֆինանսական և բարոյական խախտումներ։ Այդ հիմքերը կարող են օգտագործվել իրավապահների կողմից և դառնալ քրեական հետապնդման պատճառ։
Դավիթ Ստեփանյան
Armtimes.com-ը զրուցել է քաղաքագետ, վերլուծաբան Դավիթ Ստեփանյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են եկեղեցի-իշխանություն լարվող հարաբերությունների, եկեղեցու դերի մասին և այլն։
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը նշեց, որ Հայաստանում վաղուց մեկնարկել է նախընտրական քարոզարշավը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար։ Նրա խոսքով՝ այդ քարոզարշավի շրջանակներում են տեղավորվում նաև եկեղեցու շուրջ ընթացող զարգացումները։
Նա ասաց, որ բացասաբար է վերաբերվում եկեղեցու ներգրավմանը քաղաքականության մեջ․ եկեղեցին, ըստ նրա, ամեն ինչից վեր պետք է լինի և չպետք է դառնա մանրադրամ ներքաղաքական խաղերի մեջ, այդ թվում՝այն դեպքում, երբ այդ խաղերում ներգրավված են արտաքին ուժեր։ Ցավոք, եկեղեցու ղեկավարությունը՝ Գարեգին Երկրորդը և որոշ արքեպիսկոպոսներ, դարձել են այդ խաղերի մասնակից։ Նրա կարծիքով՝ այսօրվա ներքաղաքական դիսկուրսը ամբողջությամբ բխում է նախընտրական տրամաբանությունից, որտեղ գործող իշխանությունը փորձում է թուլացնել կամ ջախջախել բոլոր հակառակորդներին, և այդ հակառակորդների շարքում այժմ է նաև Հայ Առաքելական եկեղեցին։ Եթե եկեղեցին կապ չունենար Ռուսաստանի հետ և չլինեին ԿԳԲ-ի գործակալների մասին կասկածներ, ապա ինքը առաջինը դուրս կգար եկեղեցու պաշտպանության համար։ Բայց, ըստ նրա, իրականությունն այն է, որ եկեղեցին դարձել է մանրադրամ ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական խաղերում, որոնք աշխատում են Հայաստանի պետականության դեմ։
Ստեփանյանը նշեց, որ այս պահին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը և Նիկոլ Փաշինյանը նույնական են Հայաստանի անկախության ու ինքնիշխանության հետ։ Նրա խոսքով՝ ով աշխատում է այս իշխանության դեմ, իրականում գործում է Հայաստանի Հանրապետության դեմ։ Եթե եկեղեցականներից որևէ մեկը, այդ թվում Եզրասը, եղել է ԿԳԲ-ի գործակալ և չի հերքում դա, ապա դա նշանակում է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները կարող են օգտագործել այդ մարդկանց Հայաստանի դեմ։ Եկեղեցին դարձել է մանրադրամ և այժմ գործում է Հայաստանի շահերի դեմ՝ ծառայելով Ռուսաստանի շահերին։Գարեգին Երկրորդի գահակալության տարիներին եկեղեցու համակարգի տակ կուտակվել է մեծ կեղտ՝ ֆինանսական և բարոյական խախտումներ։ Նա ընդգծեց, որ այդ հիմքերը կարող են օգտագործվել իրավապահների կողմից և դառնալ քրեական հետապնդման պատճառ։
«Կաթողիկոսը ինձնից ոչնչով ավել չպետք է լինի։ Եթե կա հանցագործություն՝ թող պատժվի, ով ուզում է լինի», — ասաց Ստեփանյանը՝ հավելելով, որ օրենքի առջև բոլորն են հավասար։
Նա ընդգծեց, որ եկեղեցին այսօր օգտագործվում է որպես վահան որոշ քաղաքական ուժերի կողմից, սակայն իրականում դարձել է մանրադրամ ներքաղաքական պայքարում։ Նախկինում՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, եկեղեցին ծառայում էր իշխանությանը և նույնիսկ դարձավ սահմանադրական հենասյուն։ Սակայն 2018-ից հետո նույն եկեղեցին որոշեց աշխատել նոր իշխանության դեմ։ «Պետք է հասկանալ՝ ինչ է փոխվել 2018-ին, ինչու մինչև այդ սպասարկում էին իշխանությանը, իսկ հետո դարձան ընդդիմադիր», — նշեց նա։
Քաղաքագետը հավելեց, որ եկեղեցու վերնախավը, նախկին նախագահները և որոշ քաղաքական շրջանակներ մինչև այսօր չեն կարողանում հրաժարվել այն համոզմունքից, որ առանց Ռուսաստանի Հայաստանը չի կարող գոյատևել։ «Դա կարծրատիպ է, որը ձևավորվել է խորհրդային տարիներից, և նրանք անկարող են դուրս գալ այդ մտածողությունից», — ասաց նա։ Այդ մարդկանց մոտ կա երկու հիմնական մոտիվ՝ անձնական շահը և համոզվածությունը, թե միայն Ռուսաստանի տակից Հայաստանը կարող է գոյատևել։Սա ոչ միայն քաղաքական, այլև արժեհամակարգային խնդիր է․ «Նրանք դեռ Սովետական Միության նոստալգիայի մեջ են և չեն գիտակցում, որ 21-րդ դարում անկախությունն ու ինքնիշխանությունը միակ ճանապարհն են»։ Իրավիճակը ձևավորվել է տարիների ընթացքում, երբ եկեղեցին դարձել է քաղաքական գործընթացների մասնակից և, հետևաբար, նաև վերահսկողության ու կոմպրոմատների թիրախ։
Վերջում Ստեփանյանը նշեց, որ եկեղեցու և նախկին իշխանությունների օրգանական կապը մինչև այսօր չի կտրվել, քանի որ այն կապված է ոչ միայն գաղափարական, այլև նյութական շահերով և հին համակարգի հիշողությամբ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
