Պաշտոնական Բաքուն նրա «բիզնես-գործընկեր» հայտարարեց ԼՂ-ում ռուսական զորախմբի հրամանատար գեներալ Վոլկովին: Պետական նախարարի պաշտոնում Վարդանյանի նշանակվելուց ոչ լրիվ մեկ ամիս հետո՝ դեկտեմբերի 2-ին, Արցախի ՆԳ նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ Շուշ-Քարինտակ խաչմերուկում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը:
Վահրամ Աթանեսյան
Մաս 84-րդ
2020 թվականի նոյեմբերի 4-ին հրապարակվեց Ռուբեն Վարդանյանին պետական նախարար նշանակելու մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագիրը: Ավելի վաղ նա ասել էր, որ նման առաջարկություն է արել Վարդանյանին, իսկ վերջինս հաստատել էր, որ տվել է իր համաձայնությունը: Քաղաքական այդ պայմանավորվածություններից մինչեւ Վարդանյանին նշանակելու մասին հրամանագրի հրապարակումը Ստեփանակերտում լուրեր էին տարածվել, որ Արայիկ Հարությունյանը «վերածվում է անգլիական թագուհու, գործադիր իշխանությունը լիովին կանցնի պետական նախարարին»:
Արայիկ Հարությունյանի հրամանագիրը հիմնականում հաստատեց այդ տեղեկությունների իսկությունը: Պետական նախարարի անմիջական ենթակայությանը վերապահվեցին կառավարման գրեթե բոլոր ոլորտները, այդ թվում եւ՝ ֆինանսների եւ արտաքին գործերի նախարարությունները, պետական եկամուտների, վերահսկողության, կադաստրի կոմիտեները:
Այդ հրամանագիրն իրավական առումով բացարձակ հակասահմանադրական էր« Սահմանադրությունը գործադիր իշխանության միանձնյա ղեկավար է ճանաչում նախագահին, նա է կառավարում ֆինանսները, որոշում եւ իրականացնում արտաքին քաղաքականությունը: Ռուբեն Վարդանյանին բացառիկ իրավունքներ շնորհելով՝ Արայիկ Հարությունյանը կամ նախապատրաստում էր նախագահի պաշտոնից իր մոտալուտ հրաժարականը, կամ հարկադրված էր կատարել Ազգային ժողովի եւ արտախորհրդարանական մի քանի կուսակցությունների պահանջը:
Ի հակակշիռ Վարդանյանի հայտարարության, որ Ադրբեջանի համար ավելի համար կլինի երկխոսել իր՝ պատերազմին չմասնակցած մարդու, հետ, պետական նախարարի պաշտոնում նրա նշանակվելու հաջորդ օրն ադրբեջանական կողմը գնդակոծեց Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի սահմանամերձ տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորը: Զոհեր եւ վիրավորներ, բարեբախտաբար, չեղան, բայց փաստը չափազանց խորհրդանշական էր, որովհետեւ մարտ ամսից ի վեր այդ հատվածում հրադադարի խախտման դեպք չէր արձանագրվել:
Պետական նախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի առաջին քայլերն առերեւույթ ուղղված էին քաղաքական նոր թիմի ձեւավորմանը: Կառավարության առաջին նիստում նա նախարարներին «խնդրեց» հրաժարական տալ, բայց շարունակել իրենց պարտականությունների կատարումը: Քաղաքական եւ հանրային շրջանակներում լուրեր տարածվեցին, որ Վարդանյանը «բացահայտել է ֆինանսական խոշոր չարաշահումներ, եւ շուտով կարվեն աղմկահարույց բացահայտումներ»: Վարդանյանը, ըստ տեղեկությունների, ձեւավորել էր ոչ պաշտոնական «փիառ-թիմ՝ մասնագետներ հրավիրելով Երեւանից»:
Վարդանյանի պաշտոնավարման առաջին օրերից Ադրբեջանը քարոզչական արշավ սկսեց եւ նրան մեղադրեց Դրմբոնի ոսկու եւ Կաշենի բազմամետաղային հանքերն «ապօրինի շահագործելու, հանքանյութն արտերկրում իրացնելու» մեջ: Պաշտոնական Բաքուն նրա «բիզնես-գործընկեր» հայտարարեց ԼՂ-ում ռուսական զորախմբի հրամանատար գեներալ Վոլկովին: Պետական նախարարի պաշտոնում Վարդանյանի նշանակվելուց ոչ լրիվ մեկ ամիս հետո՝ դեկտեմբերի 2-ին, Արցախի ՆԳ նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ Շուշ-Քարինտակ խաչմերուկում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը: Ժամեր անց ադրբեջանական կողմը ԼՂ-ում ռուսական զորախմբի հրամանատար Վոլկովի մասնակցությամբ տեսանյութ տարածեց, որտեղ վերջինս հավաստիացնում էր, որ Լաչինի միջանցքի մուտքին «կտեղադրվի մինի մաքսակետ»: Նույն օրվա վերջին Արցախի ՆԳՆ-ն հայտնեց, որ Ստեփանակերտ-Գորիս երթեւեկությունը վերականգնվել է: Ակնհայտ էր, որ Արցախի ներսում Արցախի դեմ խարդավանք է հյուսվում:
(Շարունակելի)
