Հայաստան

Ոչ Թե Ամուսնությունն Է Մեղք, Այլ Երդումը Դրժելը

Չի կարելի պետական մակարդակով բախում դիտարկել եկեղեցու և պետության միջև։ Հայ առաքելական սուրբ եկեղեցին մեր ինքնության բաղադրատար մասն է, առանց որի մենք չենք կարող առաջ գնալ։ Պատարագի մասնակցությունը օրենքի խախտում չէ․ եթե անձը ցանկանում է մասնակցել եկեղեցական արարողության, օրենքը նման արգելք չի սահմանում։ 

Վլադիմիր Վարդանյան

1inTV-ին զրուցել է Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ: Զրույցի ընթացքում խոսել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի եղբոր և որդու ձերբակալության իրավական գնահատականի, եկեղեցու և պետության միջև լարված հարաբերությունների մասին։

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ անընդունելի է տարբերակված մոտեցում ունենալ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ՝ կախված դրանց հեղինակներից։ Նա ընդգծեց, որ բոլոր քաղաքացիները պետք է հավասարապես պաշտպանված լինեն օրենքով և ունենան նույն պարտավորությունները պետության առջև։ Հայհոյանքը նորմերից շեղվող վարքագիծ է, որը պետք է ունենա իր հետևանքները։ Նա հավելեց, որ ոչ ոք չի կարող լինել և օրենսդիր, և իրավապահ, և դատարան՝ յուրաքանչյուր մարմին պետք է գործի իր լիազորությունների շրջանակում։

Դատաիրավական բարեփոխումները շարունակական գործընթաց են․ երբ հասարակական կյանքը զարգանումէ, զարգանում են նաև դատական համակարգի խնդիրները։ Ըստ նրա՝ երբևէ չի լինի ամբողջությամբ կատարյալ դատական համակարգ ոչ Հայաստանում, ոչ էլ որևէ այլ ժողովրդավարական երկրում, ուստի բարեփոխումները պետք է շարունակվեն։

Վարդանյանը արձագանքեց փաստաբան Արա Զոհրաբյանի դիտարկումներին՝ նշելով, որ իրավական դիրքորոշումներ արտահայտելու համար անհրաժեշտ է գործի մանրամասների խոր ուսումնասիրություն։ Նա համոզված է, որ բոլոր պետական մարմինները պետք է գործեն սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում, և որ իրավաչափ վարքագծի պարագայում անձը պաշտպանված է պետության կողմից, իսկ ոչ իրավաչափ վարքագծի դեպքում պատասխանատվությունը անխուսափելի է։Քրեական վարքագծի քաղաքականացումը այն երևույթներից է, որին պարբերաբար բախվում է հասարակությունը։

Խոսելով եկեղեցու և պետության հարաբերությունների մասին՝ Վարդանյանը նշեց, որ չի կարելի պետական մակարդակով բախում դիտարկել եկեղեցու և պետության միջև։ Նրա խոսքով՝ հայ առաքելական սուրբ եկեղեցին մեր ինքնության բաղադրատար մասն է, առանց որի մենք չենք կարող առաջ գնալ։ Պատարագի մասնակցությունը օրենքի խախտում չէ․ եթե անձը ցանկանում է մասնակցել եկեղեցական արարողության, օրենքը նման արգելք չի սահմանում։ Վարդանյանը հավելեց, որ ինքը եկեղեցական չէ և չի կարող մեկնաբանել եկեղեցու ներքին կանոնները, սակայն իրավական տեսանկյունից խախտում չի տեսնում։ Խնդիրը պետք է լուծի հենց եկեղեցին՝ հաշվի առնելով ժամանակակից աշխարհի զարգացումները։ Նա ասաց, որ ինքը աղոթելու է խնդրի արագ լուծման համար և հույս հայտնեց, որ Աստծո կամոք իրավիճակը կկարգավորվի։ Միաժամանակ հավելեց, որ կրոնի և հավատքի թեման անձնական և ինտիմ ոլորտ է, և յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր հարաբերությունը Աստծո հետ։

Վարդանյանը անդրադարձավ նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ նշելով, որ սահմանադրական փոփոխությունները պայմանավորված են ինչպես ներքին զարգացումներով, այնպես էլ աշխարհաքաղաքական ու պատերազմական իրադարձություններով։ Նա ընդգծեց, որ պետք է նոր տեքստ ստեղծել, որը կարտացոլի ժամանակակից պահանջները։ Նրա խոսքով՝ սահմանադրությունը պետք է դիտարկվի որպես մեկ ամբողջական իրավական նախադասություն՝ փոխկապակցված դրույթներով, և ամենավտանգավոր է այն, երբ տարբեր հոդվածներ հակասության մեջ են միմյանց հետ։

Հասարակական կազմակերպությունների քննադատությունը բնական է, և գործընթացը պետք է ընթանա բաց ու մասնակցային ձևով։ Նա հավելեց, որ Սրբուհի Գալյանի ղեկավարությամբ սահմանադրական խորհրդի աշխատանքներն ինտենսիվացվել են, և հուսանք, որ նոր տեքստը պատրաստ կլինի նախքան հաջորդ ընտրությունները։ Սահմանադրության հանրաքվեի ինստիտուտը կարևոր է, քանի որ այն արտահայտում է ժողովրդի ինքնիշխանությունը՝ քաղաքացին պետք է որոշի, թե ինչպիսի կառավարման համակարգ է ուզում ունենալ։ Սակայն նա ընդգծեց, որ հանրաքվեների արդյունավետությունը կախված է հարցի պարզ ու հստակ ձևակերպումից։

Վարդանյանը եզրափակեց՝ ասելով, որսահմանադրական փոփոխությունները պետք է արտացոլեն իրավունքի գերակայության եվրոպական չափանիշները և ապահովեն պետության կայուն զարգացումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *