Հայաստան

Հայաստանը Պետք Է Կարողանա Կոտրել Թուրքական Աշխարհի Կարծրատիպերը

Այս հաստատությունների համար, երեւի, վաղուց ժամանակն է, որպեսզի գիտական համագործակցություն հաստատեն հետխորհրդային թուրքախոս պետությունների, թուրքագիտական կենտրոնների հետ:

Վահրամ Աթանեսյան

Գիտությունների ակադեմիայի 80-ամյակին միջոցառմանը Իլհամ Ալիեւի ելույթը, ինչպես եւ սպասելի էր, Ադրբեջանի գիտական շրջանակներում լայն արձագանք է գտել: Ճիշտ է, առաջին հայացքից դա թողնում է անցյալ դարի կեսերին խորհրդային լեզվաբանների կողմից Ստալինի ցուցումներին հավատարմության երդումներին, բայց մեզ նման հարեւան է բաժին ընկել, ուստի ստիպված ենք իրականությունը տեսնել եւ ընկալել՝ ինչպես որ այն կա: 

Բաքվի «գիտական այրերի» խոսույթից առանձնանում է հատկապես պատմաբան Ռիզվան Հուսեյնովի հավաստիացումը, որ ղազախստանցի պատմաբանները «հազարավոր քարտեզներ են հավաքել, որոնցից հարյուրավորները պատկերում են միջնադարյան Ադրբեջանի տարածքը»: 

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի համակարգում գործում են պատմության, հնագիտության, արեւելագիտության ինստիտուտներ, Կովկասագիտության կենտրոն, նույնիսկ՝ միջնադարի պարսիկ բանաստեղծ Նիզամու անվան Հին ձեռագրերի ինստիտուտ: Եւ թե ինչու՞ այդ հին ձեռագրերում «միջնադարյան Ադրբեջանի» եւ նրա «տարածքի» մասին որեւէ հիշատակություն չկա, եւ ադրբեջանցի պատմաբանները մնացել են ղազախստանցի գործընկերների հույսին, ինքնին ապացուցում է, որ ոչ միայն միջնադարյան, այլեւ նոր ժամանակների «Ադրբեջան պետություն» գոյություն չի ունեցել: 

Պատմության, հնագիտության, արեւելագիտության ինստիտուտներ գործում են նաեւ Հայաստանում, ԵՊՀ-ն եւ մյուս բուհերն ունեն պատմության ամբիոններ, կա, եթե չեմ սխալվում, Իրանագիտության կենտրոն, ունենք Լեզվաբանության ինստիտուտ: Այս հաստատությունների համար, երեւի, վաղուց ժամանակն է, որպեսզի գիտական համագործակցություն հաստատեն հետխորհրդային թուրքախոս պետությունների, թուրքագիտական կենտրոնների հետ: 

Որքանով հասկացվում է Ռիզվան Հուսեյնովի ասածից, Ադրբեջանը հակահայկական նարատիվները փորձում է տարածել Կենտրոնական Ասիայի թուրքախոս երկրներում: Ավելի քան երկու տասնամյակ առաջ Բաքուն շատ արդյունավետ աշխատել է Ուզբեկստանի հետ, որտեղ «պատմագիտական աշխատություններ» է պատվիրել եւ տարածել թեզ, որ անցյալ դարի 20-ական թվականներին «հակահեղափոխական տարրերի դեմ պայքարի անվան տակ հայկական զինված խմբերը մի շարք բնակավայրերում ուզբեկ բնակչության ցեղասպանություն են իրականացրել»: 

Ինչ խոսք, գիտական համագործակցությանը զուգահեռ Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունների հետ քաղաքական երկխոսությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու քայլեր պետք է ձեռնարկի նաեւ Հայաստանի կառավարությունը: Ղազախստանի հետ, կարծես, բարդույթներն սկսել են հաղթահարվել: Պետք է աշխուժացնել Ուզբեկստանի, Թուրքմենստանի եւ Ղրղզստանի, ինչպես նաեւ Տաջիկստանի հետ կապերը: Ավելի քան երեք տասնամյակ Բաքուն թուրքական համերաշխության գործոնը հաջողությամբ կիրառել է: Հայաստանը պետք է կարողանա կոտրել թուրքական աշխարհի կարծրատիպերը: 

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *