ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ուզեիր Հաջիբեկովի Պատասխանը Իլհամ Ալիեւին

Անկախությունից ի վեր Բաքվում ազգային ինքնության շուրջ բանավեճը շարունակվում է: Թուրքական ինքնության պաշտոնական ճանաչում չկա: Դա սպառնալիք է, որովհետեւ ամբողջ աշխարհը թուրքերի հայրենիք է ճանաչում Թուրքեստանը: Նույնիսկ Էրդողանն է խոստովանում, որ Թուրքիայի ներկայիս տարածքում թուրքերը հայտնվել են հազար տարի առաջ: 

Վահրամ Աթանեսյան

Գիտությունների ակադեմիայի 80-ամյակի միջոցառմանը ելույթում, Սեւանն անվանելով «Գյոկչա», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «հիմնավորել է», որ այդ քարտեզները ոչ թե իրենք են կազմել, այլ՝ «ցարական Ռուսաստանը»: Աշխարհում քարտեզներ գոյություն ունեն նախնադարյան ժամանակներից: Եւ տրամաբանական հարց է առաջանում. եթե ամբողջ Կովկասն «Ադրբեջան է», ապա ադրբեջանցիներն ինչու՞ սեփական «հայրենիքի» քարտեզ չեն ունեցել, սպասել են, որ ցարական Ռուսաստանը գա, նվաճի Կովկասը, քարտեզներ գծի եւ նվիրի իրենց: 

Հայերս կարող ենք միջնադարյան պատմիչների վկայությունների եւ, մանավանդ, Անանիա Շիրակացու «Աշխարհացույցի» հիման վրա տալ Հայաստանի աշխարհագրությունը: Ադրբեջանցիները նման սկզբնաղբյուրներ չունեն: Ադրբեջանի «պատմահայր» Բաքիխանովը, որի անունով է կոչվում ԳԱ Պատմության ինստիտուտը, ապրել եւ գործել է նախանցյալ դարի Թիֆլիսում, գրել պարսկերեն, իսկ նրա հեղինակած աշխատությունն էլ կոչվում է «Շիրվանի եւ Դաղստանի պատմություն»: Բայց Իլհամ Ալիեւի պատասխանը 1911թ.-ին տվել է երգահան-հրապարակախոս Ուզեիր Հաջիբեկովը, որ, ի դեպ, ծագումով լեզգի է: «Եթե մի արաբի հարցնես՝ ի՞նչ ազգության է պատկանում, կպատասխանի, որ արաբ է, դավանանքով՝ մուսուլման, խոսում է արաբերեն: Իսկ եթե մեզ մոտ հարցնես՝ ի՞նչ ազգություն ունես, կլսես այս պատասխանը՝ մուսուլման: Ի՞նչ հավատ ունես,-դարձյալ կստանաս «մուսուլման» պատասխանը: Ի՞նչ լեզվով ես խոսում,- էլի կասի՝ մուսուլմանական»: 

Ահա անցյալ դարասկզբի Կովկասի թաթարների ինքնության ստույգ բնութագիրը: Նրանք ոչ ազգություն են ճանաչել, ոչ՝ լեզու: Ինքնագիտակցվել են որպես մուսուլման, իսլամադավան հանրություն: Մարդկային այդ տեսակին «ադրբեջանցի» է անվանել Իոսիֆ Ստալինը: Անկախությունից ի վեր Բաքվում ազգային ինքնության շուրջ բանավեճը շարունակվում է: Թուրքական ինքնության պաշտոնական ճանաչում չկա: Դա սպառնալիք է, որովհետեւ ամբողջ աշխարհը թուրքերի հայրենիք է ճանաչում Թուրքեստանը: Նույնիսկ Էրդողանն է խոստովանում, որ Թուրքիայի ներկայիս տարածքում թուրքերը հայտնվել են հազար տարի առաջ: 

Եթե Ադրբեջանում թուրքական ինքնությունը պաշտոնական ճանաչում ստանա, ապա կհաստատվի, որ ներկայիս տարածքի թուրքախոս բնակչությունը եկվոր է, Կովկասում հայրենիք չունի: Արդյունքում հարկ կլինի վերադառնալ Ուզեիր Հաջիբեկովի բնութագրմանը.չկա ազգային ինքնություն, կան մարդիկ, որ խոսում են թուրքերեն, դավանում իսլամ: 

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *