Պետական նախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումից հետո երկրորդ արտառոց իրադարձությունն արտաքին գործերի նախարարի պաշտոնից Դավիթ Բաբայանի հեռացումն էր: ԼՂ կարգավորման, քառասունչորսօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հարցերում Դավիթ Բաբայանը կոշտ քաղաքական գծի կողմնակից էր եւ գաղափարական առումով սերտորեն հարում էր ՀՅԴ-ին:
Վահրամ Աթանեսյան
Մաս 86-րդ
Արցախի պետական նախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի կայացրած առաջին որոշումներից մեկով կառավարության տասնմեկ անդամներին ինը համաժամանակյա կարգով դարձավ «ժամանակավոր պաշտոնակատար»:
Ստեղծված ծանր իրավիճակում քաղաքական անորոշությունը տեւեց ավելի քան մեկ ամիս: Իշխանության «կողասրահներից» հանրությանը հայտնի դարձավ, որ նախարարների պաշտոնում նշանակումներ կատարելու համար Վարդանյանը խորհրդատվությունների մեջ է ինչպես նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի, այնպես էլ Ազգային ժողովի ՀՅԴ, «Արդարություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունների ղեկավարների հետ: Այդ օրերին հայաստանյան «Ժողովուրդ» օրաթերթը գրեց, որ գործադիր իշխանության կազմավորելու համար Ռուբեն Վարդանյանը «թիմ չունի»:
Ստեփանակերտում ակնհայտ էր, որ Վարդանյանը չափազանց բացասական է տրամադրված Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ: Պետական նախարարի պաշտոնում նշանակվելուց մոտ մեկ ամիս հետո նա հասավ Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությանը, Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեց Սամվել Շահրամանյանը: Նա ԱԱԾ կադրային սպա էր, հասել էր գեներալ-մայորի կոչման, այնուհետեւ նշանակվել ռազմա-հայրենասիրական դաստիարակության եւ սպորտի նախարար:
Ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Երեւանի որոշակի շրջանակներում դիտարկվել է, որ կառավարությունում Ռուբեն Վարդանյանի կազմակերպած կադրային ջարդից զերծ է մնացել ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: Նա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիգորի Սարկիսովի որդին է: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության բաժինը, աշխատել հարկային մարմիններում՝ հասնելով ՊԵԿ Ներքին վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին:
Կարեն Սարգսյանը 2014թ.-ին տեղափոխվել է Ստեփանակերտ եւ Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվել Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, ապա՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետ: Քաղաքական շրջանակներում այդ փուլում տպավորություն կար, որ Կարեն Սարգսյանը «նախագահի պաշտոնում փոխարինելու է Բակո Սահակյանին»,- բայց նա 2020-ի նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրվեց:
Կարեն Սարգսյանը ներքին գործերի նախարար է նշանակվել քառասունչորսօրյա պատերազմից հետո՝ 2021 թվականի հունվարին, եւ միակն է, որ պաշտոնում մնացել է մինչեւ Արցախի բռնատեղահանությունը:
Պետական նախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումից հետո երկրորդ արտառոց իրադարձությունն արտաքին գործերի նախարարի պաշտոնից Դավիթ Բաբայանի հեռացումն էր: ԼՂ կարգավորման, քառասունչորսօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հարցերում Դավիթ Բաբայանը կոշտ քաղաքական գծի կողմնակից էր եւ գաղափարական առումով սերտորեն հարում էր ՀՅԴ-ին: Բաբայանի փոխարեն արտաքին գործերի նշանակվեց Սերգեյ Ղազարյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Երեւանում Արցախի մշտական ներկայացուցչի պաշտոնը: Քաղաքական կյանքն Ստեփանակերտում գրեթե լիովին դադարեց:
(Շարունակելի)
