Հայաստան

Կարգալույծ Անելով Եկեղեցին Ինքն Իրեն Է Վնասում

Վերջին տասնամյակներում եկեղեցու դաշտ մտել են բիզնեսային, նույնիսկ քրեա–գողական տարրեր, ինչը խաթարել է վստահությունը։ Մեր հասարակությունը ծանր վիճակում է, սակայն իր կարծիքով այն ոչ թե հիվանդ է, այլ շփոթված։

Հակոբ Մովսես

1inTV-ն զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի հետ։ Զրույցի ընթացքում  քննարկվել է Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Գերագույն Հոգևոր Խորհրդի նիստի մեկնարկի և Եկեղեցու ներկայիս կառավարության հետ հակամարտության համատեքստում։

Հակոբ Մովսեսը նշեց, որ հասարակությունը տեղի ունեցողը հաճախ ընկալում է որպես պետություն–եկեղեցի հակամարտություն, սակայն դրա արմատները շատ ավելի խորն են։ Նա հիշեցրեց, որ եկեղեցին պատմության ընթացքում սովոր է եղել պետական գործառույթներ կատարել՝ դեռևս 12–13-րդ դարերից սկսած, և ռուսական կայսրության ժամանակներից մշտապես գտնվել է պետական ուշադրության կենտրոնում։ Եկեղեցին, ըստ նրա, դարերի ընթացքում ձևավորել է մի ավանդույթ, ըստ որի պետք է մասնակցի ժողովրդի քաղաքական կյանքին՝ կրոնական դրույթները վերածելով աշխարհիկ ձևերի։

Նա ընդգծեց, որ Եվրոպայում այդ աշխարհականացումը տեղի ունեցավ շատ ավելի վաղ, եկեղեցին առանձնացավ որպես հոգևոր կառույց, իսկ պետությունը՝ որպես աշխարհիկ իշխանություն, մինչդեռ մեզ մոտ այդ բաժանումը դեռևս տեղի չի ունեցել։ Մովսեսի խոսքով՝ վերջին 30 տարիների ընթացքում եկեղեցին հաճախ օգտագործվել է քաղաքական նպատակներով թե՛ դրսից, թե՛ ներսից։ Նրա կարծիքով՝ հակամարտության հիմնական պատճառը եկեղեցու իշխանական նկրտումներն են և տարբեր քաղաքական ուժերի կողմից օգտագործվելու հակումը։ Այս պայքարը երկար տևել չի կարող, քանի որ երկիրը գտնվում է այլ իրողության մեջ, իսկ եկեղեցին, որպես ժողովրդի և պետության օրգանիզմի մի մաս, չի կարող այդ օրգանիզմից դուրս մնալ։

Մովսեսը նաև արձագանքեց վերջին օրերի ներեկեղեցական հակասություններին՝ նշելով, որ «կարգալույծ անելն ինքնին հարցի լուծում չէ»։ Նրա խոսքով՝ եկեղեցին պետք է բացատրի, թե ինչ հիմքերով է հակամարտությունը սկսվել՝ տնտեսական, գաղափարական թե այլ պատճառներով։ Նա շեշտեց, որ ժողովրդի մեծ մասը հավատացյալ է և չի մոլորվի․ այս պայքարը, ըստ նրա, իրականում հանուն եկեղեցու է, որովհետև ժողովուրդը ցանկանում է ունենալ մաքուր, անբասիր եկեղեցի և հոգևորական, որի հանդեպ կզգա ակնածանք, ոչ թե կասկած։ Վերջին տասնամյակներում եկեղեցու դաշտ մտել են բիզնեսային, նույնիսկ քրեա–գողական տարրեր, ինչը խաթարել է վստահությունը։ Մեր հասարակությունը ծանր վիճակում է, սակայն իր կարծիքով այն ոչ թե հիվանդ է, այլ շփոթված։ Նա ընդգծեց, որ Հայաստանում դասական իմաստով «հասարակություն» հասկացությունը դեռևս ձևավորված չէ, որովհետև բացակայում է միջին խավը, որը կարող է հավասարակշռել հասարակական շերտերը։

Նա նշեց, որ հասարակության ինքնակարգավորման միակ ուղին լուսավորությունն է՝ ոչ թե էլեկտրական, այլ կրթական իմաստով․ քանի դեռ կրթական հեղափոխություն տեղի չի ունեցել, հասարակությունը կմնա քաոսային վիճակում։ Նրա խոսքով՝ պետք է ներդրվի դիսցիպլինար կրթություն, որովհետև միայն օրենքով կամ ուժով հասարակությունը հնարավոր չէ կարգավորել։Կրթական համակարգի հիմնական խնդիրն այն է, որ այն կառուցված է հին՝ խորհրդային արժեհամակարգերի վրա, մինչդեռ նոր իրականությունն այլ մտածողություն է պահանջում։ Նա հիշատակեց «մտածական անհամաչափություն» հասկացությունը՝ ընդգծելով, որ հասարակությունը գիտելիք ունի, որը չի համապատասխանում ներկա իրականությանը, և այդ անհամապատասխանությունը կարող է հաղթահարվել միայն կրթությամբ։

Ուսանողը, օրինակ, չպետք է ավարտի համալսարանը, եթե չի հասկացել պետականության մասին հիմնարար գաղափարները՝ օրինակ Հոբսի «Լևիաթան»-ը։ Կրթությունը, ըստ նրա, կօգնի, որ յուրաքանչյուր մարդ իր տեղում լինի, և այդ դեպքում ոչինչ վտանգավոր չէ․ «գողը բանտում ավելի քիչ վտանգավոր է, քան Ազգային ժողովում», — ընդգծեց նա։ Հայ ժողովուրդը բնույթով նիհիլիստ է, սակայն միևնույն ժամանակ նյութապաշտ․ «այս երկու հակասական վիճակից ծնվում է ֆրանկենշտեյնական մտածողություն»։ Նրա կարծիքով, դա պետք է հաղթահարվի կրթության և բարոյական արժեքների վերականգնմամբ, որովհետև հասարակությունը պետք է համոզված լինի, որ ազնիվ լինելը չի պատժվում։

Նա ամփոփեց, որ Հայաստանի զարգացման առաջնահերթությունը պետք է լինի կրթությունը։ «Մանկավարժական համալսարանը պետք է դառնա առաջին բուհը, պետությունը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի ուսուցչին։ Գյուղական ուսուցչի աշխատավարձը չպետք է լինի հազար դոլարից պակաս, և միայն այդպես է հնարավոր փոխել հասարակության դիմագիծը», — նշեց Մովսեսը։ «Գյուղերն այսօր խավարի մեջ են՝ ոչ թե լույսի, այլ մտքի բացակայության պատճառով», —եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *