Հայաստան

Եկեղեցում Ներքին Ռեֆորմներն Են Պետք

Հայ Առաքելական եկեղեցին՝ լինելով ծայրահեղ պահպանողական կառույց, երբեք չի ընդունել հեղափոխական փոփոխությունները, և նրա համար անընդունելի է ժողովրդավարական իշխանության կողմից վերահսկողության կամ հաշվետվողականության պահանջը։

Լևոն Բարսեղյան

1inTV-ն զրուցել է  Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայ Առաքելական Եկեղեցու ներսում առկա լարվածությունն ու եկեղեցու և Հայաստանի իշխանությունների միջև աճող հակամարտության վրա։

Լևոն Բարսեղյանը նշեց, որ հավանաբար շուտով որոշ համալսարաններում կարելի կլինի բացել «մայր աթոռագիտության ամբիոն», քանի որ տեղի ունեցող իրադարձությունները այդքան խորն են դարձել։ Նա ասաց, որ Փաշինյանը կարծես նպատակաուղղված որոշ մարդկանց տանում է այդ ուղղությամբ, թեև ինքն անձամբ չի հասկանում՝ ինչու է վարչապետը նման կերպ զբաղվում եկեղեցական հարցերով։ Հայ առաքելական եկեղեցու ներսում վաղուց կան դժգոհություններ գործող կաթողիկոսի նկատմամբ, և դա նոր բան չէ՝ նման լարումներ միշտ էլ եղել են եկեղեցու պատմության մեջ։ Ասաց, որ որոշ հոգևորականներ կաթողիկոսին չեն համարում արժանի իր պաշտոնին և կարծում են, որ նա չի կարողանում ճիշտ առաջնորդել եկեղեցին։

Բարսեղյանը կարծիք հայտնեց, որ հոգևոր խորհրդի վերջին նախաձեռնությունները՝ կարգալույծ արված հոգևորականների հարցերով, ցույց են տալիս, որ լարվածությունն ավելանում է, և այս անգամ այն դժվար թե հնարավոր լինի մարել գործող կաթողիկոսի օգտին։ Եզրակացրեց, որ եկեղեցին, ամենայն հավանականությամբ, կանգնած է ներքին բարեփոխման անհրաժեշտության առաջ։ Վարչապետի կողմից պատարագների մասնակցությունը կարելի է դիտարկել նաև որպես ընտրություններից առաջ ոչ պաշտոնական քարոզարշավի մաս։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր տեղ, որտեղ ներկայանում է վարչապետը, անմիջապես դառնում է քաղաքական իրադարձություն, և դրանից առաջանում են նոր լարումներ եկեղեցու ու իշխանությունների միջև։ Հայ առաքելական եկեղեցին՝ լինելով ծայրահեղ պահպանողական կառույց, երբեք չի ընդունել հեղափոխական փոփոխությունները, և նրա համար անընդունելի է ժողովրդավարական իշխանության կողմից վերահսկողության կամ հաշվետվողականության պահանջը։

Բարսեղյանը ասաց, որ եկեղեցին պետք է լինի հարկատու և հաշվետու պետության առաջ՝ ինչպես բոլոր մյուս կառույցները։ Ընդգծեց, որ եկեղեցին ունի հարյուրավոր անշարժ գույքեր, սակայն չի վճարում հարկեր, ինչը անարդար է հասարակ քաղաքացիների հանդեպ։ Նրա կարծիքով՝ պետությունը չափազանց հանդուրժող է եկեղեցու նկատմամբ։ Եկեղեցին պետք է պարտադիր օգտագործի ՀԴՄ-ներ, արձանագրի իր բոլոր ֆինանսական գործարքները, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել արդարության մասին։Բարսեղյանը անդրադարձավ նաև կաթողիկոսի եղբոր՝ Պուտինի կողմից պարգևատրվելուն՝ ասելով, որ դա ակնհայտորեն քաղաքական ուղերձ էր։ Ըստ նրա՝ այդ մակարդակի պարգևատրումները երբեք պատահական չեն լինում և միշտ նախապես համաձայնեցվում են։Հոգևորականները ընդհանրապես չպետք է պետական պարգևներ ընդունեն, քանի որ դա հակասում է նրանց կոչմանը․ «Աստծո ծառաները չպետք է ընդունեն աշխարհիկ իշխանության պարգևներ»։ Իրեն հասած տեղեկություններով՝ Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմին հայերի հավաքագրման գործընթացներում, և այդ պատճառով նրա պարգևատրումը ունի ոչ միայն կրոնական, այլև քաղաքական բնույթ։ Այս ամենը վկայում է հայ առաքելական եկեղեցու՝ ռուսական ուղղափառության հետ սերտաճման վտանգավոր միտումների մասին։ Նա հիշեցրեց, որ Ռուսաստանում Եզրասի առաջնորդած թեմը գրանցված է «հայ առաքելական սուրբ ուղղափառ եկեղեցի» անվամբ, ինչը փաստում է ռուսական եկեղեցու հետ կառույցային հարակցման գործընթացի մասին։ Սա ոչ միայն կրոնական, այլև ազգային ինքնության հարց է, և եթե նման միտումները շարունակվեն, ապա հայ եկեղեցին կարող է աստիճանաբար կորցնել իր ինքնուրույնությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *