21.4 C
Yerevan

Հայաստա­նի Դիվերսիֆի­կացված Գործընկերությունները․Հնարավորություններ Եվ Ռիսկեր Մասնատվող Աշխարհա­քա­ղա­քա­կան Կարգում

Հայաստա­նի ներկա­յիս քաղա­քա­կա­նությունը նպա­տա­կաուղղված է ռազմա­վա­րա­կան ինքնա­վա­րության ընդլայնմա­նը, անվտանգության խոցե­լիություննե­րի նվա­զեցմա­նը և տնտե­սա­կան, տեխնո­լո­գիա­կան ու անվտանգության գործընկե­րություննե­րի դիվերսիֆի­կացմա­նը՝ առա­վել մասնատված միջազգա­յին միջա­վայրում։

Սոսի Թաթիկյան

Մաս 1‑ին

2020 թվա­կա­նի պատե­րազմից և դրան հաջորդած Հայաստան-Ռուսաստան անվտանգության հարա­բե­րություննե­րի վատթա­րա­ցումից հետո Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նությունը ենթարկվել է խորքա­յին վերա­փոխման։ Երկի­րը աստի­ճա­նա­բար անցել է անվտանգության կախվա­ծության վրա հիմնված մոդե­լից դեպի բազմա­զան գործընկե­րություննե­րի ռազմա­վա­րություն՝ ընդգրկե­լով մի քանի աշխարհա­քա­ղա­քա­կան տարածքներ։ Այս տեղա­շարժը արտա­ցո­լում է ինչպես տարա­ծաշրջա­նա­յին միջա­վայրի կառուցվածքա­յին փոփո­խություննե­րը, այնպես էլ ավե­լի մասնատված միջազգա­յին կարգում Հայաստա­նի՝ ավե­լի մեծ ռազմա­վա­րա­կան ինքնա­վա­րության ձգտումը։  

Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան ներգրավվա­ծությունն այժմ ընդգրկում է մի շարք աշխարհա­քա­ղա­քա­կան հարթակներ։ Դրանք ներա­ռում են ռազմա­վա­րա­կան գործընկե­րություն Միացյալ Նահանգնե­րի հետ, ռազմա­վա­րա­կան օրա­կարգ Եվրո­պա­կան միության հետ, խորացված երկկողմ գործընկե­րություններ Եվրո­պա­յում՝ Ֆրանսիա­յի, Նիդեռլանդնե­րի, Գերմա­նիա­յի, Լյուքսեմբուրգի, Լեհաստա­նի, Հունաստա­նի, Կիպրո­սի և Միացյալ Թագա­վո­րության հետ, տարա­ծաշրջա­նում՝ Վրաստա­նի և Իրա­նի, Ասիա­յում՝ Հնդկաստա­նի, Չինաստա­նի և Ղազախստա­նի հետ, ինչպես նաև շարունակվող կապեր Ռուսաստա­նի և Եվրա­սիա­կան տնտե­սա­կան միության հետ։

Կախվա­ծությունից դեպի ռազմա­վա­րա­կան դիվերսիֆի­կա­ցում 

Տասնամյակներ շարունակ Հայաստա­նը հենվում էր Ռուսաստա­նի վրա որպես անվտանգության հիմնա­կան երաշխա­վոր՝ պահպա­նե­լով համե­մա­տա­բար սահմա­նա­փակ ներգրավվա­ծություն այլ միջազգա­յին դերա­կա­տարնե­րի հետ։ 2022 թվա­կա­նից այդ մոդե­լը աստի­ճա­նա­բար փոխա­րինվել է նոր մոտեցմամբ, որը 2025 թվա­կա­նի հունվա­րին պաշտո­նա­պես ձևա­կերպվեց որպես «հավա­սա­րակշռված և հավա­սա­րակշռող» արտա­քին քաղա­քա­կա­նություն և արտա­հայտվեց տարբեր դերա­կա­տարնե­րի հետ ռազմա­վա­րա­կան գործընկե­րություննե­րի դիվերսիֆի­կացմամբ։

Մեծ տերություննե­րի միջև ռազմա­վա­րա­կան մրցակցությամբ պայմա­նա­վորված աշխարհա­քա­ղա­քա­կան միջա­վայրում փոքր պետություննե­րը փորձում են պահպա­նել դիվա­նա­գի­տա­կան մանևրե­լու հնա­րա­վո­րությունը՝ չկապվե­լով կոշտ դաշինքա­յին կառուցվածքնե­րի հետ։ Արտա­քին գործընկե­րություննե­րի դիվերսիֆի­կա­ցումը դարձել է նման ռազմա­վա­րություննե­րից մեկը։

Հայաստա­նի համար այս տեղա­շարժը արա­գացրեց մի քանի զարգա­ցումներ։ 2020 թվա­կա­նի պատե­րազմից հետո Ռուսաստա­նի անվտանգության երաշխիքնե­րի թուլա­ցումը հիմնա­րար հարցադրումներ առա­ջացրեց Հայաստա­նի ավանդա­կան անվտանգության համա­կարգի կայունության վերա­բերյալ։ Ադրբե­ջա­նի աճող ռազմա­կան գերա­զանցությունը և ավե­լի ճնշող դիվա­նա­գի­տությունը ստեղծե­ցին զսպման ուժե­ղացման հրա­տապ անհրա­ժեշտություն՝ ավե­լի լայն միջազգա­յին ներգրավվա­ծության միջո­ցով։ Միևնույն ժամա­նակ, մեծ տերություննե­րի միջև մրցակցության սրումը բացեց նոր դիվա­նա­գի­տա­կան և տնտե­սա­կան հնա­րա­վո­րություններ՝ Հայաստա­նի արտա­քին հարա­բե­րություննե­րը ընդլայնե­լու համար։

Այս պայմաննե­րում Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նությունը սկսեց վերա­փոխվել ճգնա­ժա­մա­յին արձա­գանքման մոդե­լից դեպի ավե­լի նպա­տա­կա­յին փորձ՝ կառուցե­լու ռազմա­վա­րա­կան գործընկե­րություննե­րի ցանց, որը համա­տեղ կարող է ուժե­ղացնել երկրի դիմադրո­ղա­կա­նությունը։ Նպա­տա­կը մեկ դաշինքը մյուսով փոխա­րի­նե­լը չէ, այլ գործընկերնե­րի շրջա­նա­կի ընդլայնումը։

Բազմա­կողմ հավա­սա­րակշռում՝ որպես արտա­քին քաղա­քա­կա­նության ռազմա­վա­րություն

Ձևա­վորվող այս կառուցվածքը գնա­լով նմանվում է բազմա­հա­վա­սա­րակշռման (multi-alignment) ռազմա­վա­րության։ Ի տարբե­րություն «բազմա­վեկտոր» արտա­քին քաղա­քա­կա­նության նախկին գաղա­փա­րի, որը սովո­րա­բար ենթադրում է մի քանի մեծ տերություննե­րի հետ հավա­սա­րակշռված հարա­բե­րություններ՝ պահպա­նե­լով անվտանգության գերիշխող հենա­րա­նը, բազմա­հա­վա­սա­րակշռումը ներա­ռում է միտումնա­վոր կերպով բազմա­թիվ ռազմա­վա­րա­կան գործընկե­րություննե­րի զարգա­ցում աշխարհա­քա­ղա­քա­կան, ինստի­տուցիո­նալ և տնտե­սա­կան ոլորտնե­րում։ Սա ոչ միայն մրցա­կից տերություննե­րի միջև հավա­սա­րակշռում է, այլ անվտանգության, տեխնո­լո­գիա­յի, տնտե­սության և դիվա­նա­գի­տության ոլորտնե­րում համա­գործակցության զուգա­հեռ ուղղություննե­րի ձևա­վո­րում՝ մեկ արտա­քին դերա­կա­տա­րից կառուցվածքա­յին կախվա­ծությունը նվա­զեցնե­լու և ռազմա­վա­րա­կան ինքնա­վա­րությունը մեծացնե­լու նպա­տա­կով։

Հայաստա­նի մոտե­ցումը տարբերվում է նաև փոքր պետություննե­րի արտա­քին քաղա­քա­կա­նությունը նկա­րագրող այլ հասկա­ցություննե­րից։ Այն չի ներկա­յացնում պարզ աշխարհա­քա­ղա­քա­կան շրջա­դարձ դեպի Արևմուտք կամ Արև­ելք, որը ենթադրում է մի բլո­կից դեպի մյուսը վճռա­կան վերա­կողմնո­րո­շում։ Այն նաև դասա­կան իմաստով «hedging»( ռիսկե­րի հավա­սա­րակշռման ռազմա­վա­րություն) չէ, երբ պետություննե­րը միտումնա­վոր անո­րոշ դիրքա­վո­րում են պահպա­նում մրցա­կից տերություննե­րի միջև՝ լիարժեք պարտա­վո­րություննե­րից խուսա­փե­լու համար։

Փոխա­րե­նը, Հայաստա­նի ներկա­յիս քաղա­քա­կա­նությունը նպա­տա­կաուղղված է ռազմա­վա­րա­կան ինքնա­վա­րության ընդլայնմա­նը, անվտանգության խոցե­լիություննե­րի նվա­զեցմա­նը և տնտե­սա­կան, տեխնո­լո­գիա­կան ու անվտանգության գործընկե­րություննե­րի դիվերսիֆի­կացմա­նը՝ առա­վել մասնատված միջազգա­յին միջա­վայրում։ Մրցակցող աշխարհա­քա­ղա­քա­կան տարածքնե­րի խաչմե­րուկում գտնվող փոքր պետության համար դիվերսիֆի­կա­ցումը դառնում է անո­րո­շությունը կառա­վա­րե­լու և դիվա­նա­գի­տա­կան մանևրի հնա­րա­վո­րությունը պահպա­նե­լու գործնա­կան միջոց։

Տարբե­րակված գործընկե­րություններ

Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան և խորացված գործընկե­րություննե­րի ընդլայնվող ցանցը էակա­նո­րեն տարբերվում է խորությամբ, ծավա­լով և աշխարհա­քա­ղա­քա­կան կշռով։ Ոչ բոլոր գործընկե­րություններն ունեն նույն ռազմա­վա­րա­կան արժե­քը․ որոշնե­րը ձևա­կերպված են հայտա­րա­րություննե­րով կամ ինստի­տուցիո­նալ շրջա­նակնե­րով, սակայն ունեն սահմա­նա­փակ գործնա­կան ազդե­ցություն, մինչդեռ մյուսները՝նույնիսկ ավե­լի քիչ ձևա­կերպված լինե­լով, զգա­լի դեր են խաղում Հայաստա­նի անվտանգության, տեխնո­լո­գիա­կան զարգացման կամ դիվա­նա­գի­տա­կան դիրքա­վորման մեջ։ Գործնա­կա­նում գործընկե­րության ռազմա­վա­րա­կաննշա­նա­կությունը կախված է ոչ այնքան պաշտո­նա­կան ձևա­կերպումից, որքան համա­գործակցության ծավա­լից, քաղա­քա­կան հանձնա­ռության մակարդա­կից և տրա­մադրվող հնա­րա­վո­րություննե­րից։

Արդյունքում, Հայաստա­նի արտա­քին գործընկե­րություննե­րը ձևա­վո­րում են բազմա­շերտ կառուցվածք, որտեղ տարբեր հարա­բե­րություններ կատա­րում են տարբեր գործա­ռույթներ՝ պաշտպա­նա­կան համա­գործակցությունից և տեխնո­լո­գիա­կան արդիա­կա­նա­ցումից մինչև կառա­վարման բարե­փո­խումներ և տնտե­սա­կան ինտեգրում։  

Արևմտյան ռազմա­վա­րա­կան գործընկե­րություններ

2024 թվա­կա­նին բազմա­թիվ վերլուծա­բաններ Հայաստա­նի՝ արևմտյան դերա­կա­տարնե­րի հետ համա­գործակցության ընդլայնումը մեկնա­բա­նե­ցին որպես աշխարհա­քա­ղա­քա­կան շրջա­դարձ դեպի Արևմուտք։ Սակայն հետա­գա զարգա­ցումնե­րը այդ մեկնա­բա­նությունը մասամբ կասկա­ծի տակ դրե­ցին։ Հայաստա­նը շարունա­կեց պահպա­նել և ընդլայնել հարա­բե­րություննե­րը նաև ոչ արևմտյան գործընկերնե­րի հետ, մինչդեռ ընդհա­նուր աշխարհա­քա­ղա­քա­կան միջա­վայրը դարձավ ավե­լի մասնատված։ Մասնա­վո­րա­պես, ԱՄՆ‑ի և ԵՄ‑ի միջև աճող լարվա­ծությունը ցույց տվեց տարա­ծաշրջա­նում ամբողջո­վին համա­հունչ արևմտյան ռազմա­վա­րա­կան շրջա­նա­կի բացա­կա­յությունը։

Բայդե­նի վարչա­կազմի ժամա­նակ ձևա­վորված ԱՄՆ-ԵՄ համա­տեղ հարթա­կը Հայաստա­նի հարցով այլևս չի գործում որպես ակտիվ ձևա­չափ։ Այնուա­մե­նայնիվ, Վաշինգտո­նի և Բրյուսե­լի միջև տարա­ձայնություննե­րի պայմաննե­րում այս փուլում տեսա­նե­լի ռազմա­վա­րա­կան տարբե­րություն չկա նրանց մոտե­ցումնե­րում Հայաստա­նի կամ Հարա­վա­յին Կովկա­սի նկատմամբ։ Գործնա­կա­նում նրանց քաղա­քա­կա­նություննե­րը շարունա­կում են լրացնել միմյանց, իսկ տեղում ոչ ֆորմալ համա­կարգումը օգնել է խուսա­փել մրցակցությունից։ ԱՄՆ‑ը, ԵՄ‑ն և Ֆրանսիան ունեն կարև­որ նախագծեր Հայաստա­նում, այդ թվում՝ Սյունի­քում, և կարև­որ է ապա­հո­վել դրանց համադրումը։  

Միևնույն ժամա­նակ, եթե ԱՄՆ‑ի և եվրո­պա­կանհիմնա­կան գործընկերնե­րի՝ հատկա­պես Ֆրանսիա­յի և ԵՄ‑ի միջև լարվա­ծությունն ավե­լի խորա­նա, Հայաստա­նի համար այդ զուգա­հեռ գործընկե­րություննե­րը կարող են դառնալ ավե­լի դժվար կառա­վա­րե­լի։

Միացյալ Նահանգներ անսպա­սե­լի ռազմա­վա­րա­կան ներգրա­վում

Հայաստան-ԱՄՆ հարա­բե­րություննե­րի խորա­ցումը ռազմա­վա­րա­կան գործընկե­րության խարտիա­յի միջո­ցով կարև­որ քայլ էր դիվերսիֆի­կացման ռազմա­վա­րության մեջ։ Երկկողմ համա­գործակցությունը ընդլայնվել է պաշտպա­նա­կան և անվտանգության ոլորտնե­րում, ներառյալ ռազմա­կան հետա­խուզա­կան անօ­դա­չու սարքե­րի փոխանցումը և համա­տեղ զորա­վարժություննե­րը, խաղաղ նպա­տակնե­րով միջուկա­յին էներգիա­յի օգտա­գործումը՝ փոքր մոդուլա­յին ռեակտորնե­րի աջակցությամբ, ինչպես նաև առա­ջա­տար տեխնո­լո­գիա­նե­րի ոլորտում համա­գործակցությունը՝ արհեստա­կան բանա­կա­նություն և բարձր արտադրո­ղա­կա­նության հաշվարկներ։

Ամե­րիկյան ներգրավվա­ծությունը կարև­որ դեր է ունե­ցել նաև տարա­ծաշրջա­նում անմի­ջա­կան անվտանգության ռիսկե­րի նվա­զեցման գործում։ Ըստ հաղորդումնե­րի՝ ԱՄՆ դիվա­նա­գի­տա­կան ջանքե­րը նպաստել են 2025 թվա­կա­նի գարուն-ամառ ամիսնե­րին Ադրբե­ջա­նի կողմից նոր ռազմա­կան գործո­ղություննե­րի կանխմա­նը։ Դրան հաջորդել է Վաշինգտո­նի գագաթնա­ժո­ղո­վը, որտեղ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձևա­վորվել է Հայաստան–Ադրբեջան խաղա­ղության չավարտված շրջա­նակ և մեկնարկել է TRIPP կապակցման նախա­ձեռնությունը։ Այն նախա­տե­սում է տրանսպորտա­յին ենթա­կա­ռուցվածքներ Հայաստա­նի միջո­ցով և ուղղված է տարա­ծաշրջա­նա­յին տնտե­սա­կան ինտեգրմա­նը և հակա­մարտություննե­րի մեղմմա­նը։

Միևնույն ժամա­նակ, ԱՄՆ ներգրավվա­ծությունը Հարա­վա­յին Կովկա­սում պայմա­նա­վորված է նաև Թուրքիա­յի, Ադրբե­ջա­նի և Իրա­նի հետ Վաշինգտո­նի հարա­բե­րություննե­րով։

Եվրո­պա­կան միություն անցում նոր ռազմա­վա­րա­կան օրա­կարգի

Եվրո­պա­կան միությունը Հայաստա­նի արտա­քին գործընկե­րություննե­րի ևս մեկ առանցքա­յին սյուն է։ Համա­գործակցությունը սկզբում զարգա­ցավ Համա­պարփակ և ընդլայնված գործընկե­րության համա­ձայնագրի շրջա­նա­կում, որը սահմա­նեց ինստի­տուցիո­նալ բարե­փո­խումնե­րի, ԵՄ չափա­նիշնե­րին մոտարկման և տնտե­սա­կան համա­գործակցության խորացման հիմք։ Ժամա­նա­կի ընթացքում համա­գործակցությունը դուրս եկավ տեխնի­կա­կան շրջա­նակնե­րից՝ ընդգրկե­լով քաղա­քա­կան երկխո­սություն և երկա­րա­ժամկետ տնտե­սա­կան ինտեգրում եվրո­պա­կան շուկա­նե­րի հետ։

ԵՄ‑ն նաև ձևա­վո­րել է սահմա­նա­փակ, բայց կարև­որ անվտանգության դեր։ 2021–2022 թվա­կաննե­րին Ադրբե­ջա­նի ռազմա­կան գործո­ղություննե­րից հետո Հայաստա­նում տեղա­կայվեց ԵՄ դիտորդա­կան առա­քե­լությունը, որը նպաստում է սահմա­նա­յին կայունությա­նը և ծառա­յում է որպես քաղա­քա­կան վստա­հության և փափուկ զսպման գործիք։ Եվրո­պա­կան խաղա­ղության հիմնադրա­մի միջո­ցով ԵՄ‑ն տրա­մադրել է ոչ մահա­բեր աջակցություն Հայաստա­նի պաշտպա­նության ոլորտին՝ ընդլայնե­լով անվտանգության բաղադրի­չը։ ԵՄ‑ն նաև հանձնա­ռություն է ստանձնել ուժե­ղացնե­լու Հայաստա­նի դիմադրո­ղա­կա­նությունը հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րի նկատմամբ։

Հայաստա­նի՝ ԵՄ ինտեգրման ձգտումնե­րի հստա­կե­ցումը ամրապնդել է հարա­բե­րություննե­րի քաղա­քա­կան և հասա­րա­կա­կան բաղադրի­չը։ 2025 թվա­կա­նի դեկտեմբե­րից հարա­բե­րություննե­րը բարձրացվել են նոր մակարդա­կի՝ ԵՄ–Հայաստան ռազմա­վա­րա­կան օրա­կարգի ընդունմամբ, որը կառուցվածքա­յին հիմք է տալիս բազմաբնույթ համա­գործակցության խորացման համար։ Այն ներա­ռում է քաղա­քա­կան երկխո­սության ընդլայնում և ավե­լի համա­կարգված անվտանգության երկխո­սություն։ Վիզա­նե­րի ազա­տա­կա­նացման ծրագրի մեկնարկը ևս ցույց է տալիս հարա­բե­րություննե­րի խորա­ցումը։ 2026 թվա­կա­նի մայի­սին Երև­ա­նում Եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնքի ութե­րորդ հանդիպման անցկա­ցումը նույնպես ընդգծում է Հայաստա­նի աճող քաղա­քա­կան ներգրավվա­ծությունը Եվրո­պա­յի հետ։

Այս բոլոր զարգա­ցումնե­րը միա­սին ԵՄ-ինդիրքա­վո­րում են որպես բազմա­չափ գործընկեր Հայաստա­նի համար՝ համադրե­լով ինստի­տուցիո­նալ փոխա­կերպումը, տնտե­սա­կան ինտեգրումը և անվտանգության միջա­վայրի ամրապնդմա­նը նպաստող գործոննե­րը։

Սոսի Թաթիկյան

Աղբյուրը՝

(շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ