Հայաստանի ներկայիս քաղաքականությունը նպատակաուղղված է ռազմավարական ինքնավարության ընդլայնմանը, անվտանգության խոցելիությունների նվազեցմանը և տնտեսական, տեխնոլոգիական ու անվտանգության գործընկերությունների դիվերսիֆիկացմանը՝ առավել մասնատված միջազգային միջավայրում։
Սոսի Թաթիկյան
Մաս 1‑ին
2020 թվականի պատերազմից և դրան հաջորդած Հայաստան-Ռուսաստան անվտանգության հարաբերությունների վատթարացումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը ենթարկվել է խորքային վերափոխման։ Երկիրը աստիճանաբար անցել է անվտանգության կախվածության վրա հիմնված մոդելից դեպի բազմազան գործընկերությունների ռազմավարություն՝ ընդգրկելով մի քանի աշխարհաքաղաքական տարածքներ։ Այս տեղաշարժը արտացոլում է ինչպես տարածաշրջանային միջավայրի կառուցվածքային փոփոխությունները, այնպես էլ ավելի մասնատված միջազգային կարգում Հայաստանի՝ ավելի մեծ ռազմավարական ինքնավարության ձգտումը։
Հայաստանի դիվանագիտական ներգրավվածությունն այժմ ընդգրկում է մի շարք աշխարհաքաղաքական հարթակներ։ Դրանք ներառում են ռազմավարական գործընկերություն Միացյալ Նահանգների հետ, ռազմավարական օրակարգ Եվրոպական միության հետ, խորացված երկկողմ գործընկերություններ Եվրոպայում՝ Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Լեհաստանի, Հունաստանի, Կիպրոսի և Միացյալ Թագավորության հետ, տարածաշրջանում՝ Վրաստանի և Իրանի, Ասիայում՝ Հնդկաստանի, Չինաստանի և Ղազախստանի հետ, ինչպես նաև շարունակվող կապեր Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության հետ։
Կախվածությունից դեպի ռազմավարական դիվերսիֆիկացում
Տասնամյակներ շարունակ Հայաստանը հենվում էր Ռուսաստանի վրա որպես անվտանգության հիմնական երաշխավոր՝ պահպանելով համեմատաբար սահմանափակ ներգրավվածություն այլ միջազգային դերակատարների հետ։ 2022 թվականից այդ մոդելը աստիճանաբար փոխարինվել է նոր մոտեցմամբ, որը 2025 թվականի հունվարին պաշտոնապես ձևակերպվեց որպես «հավասարակշռված և հավասարակշռող» արտաքին քաղաքականություն և արտահայտվեց տարբեր դերակատարների հետ ռազմավարական գործընկերությունների դիվերսիֆիկացմամբ։
Մեծ տերությունների միջև ռազմավարական մրցակցությամբ պայմանավորված աշխարհաքաղաքական միջավայրում փոքր պետությունները փորձում են պահպանել դիվանագիտական մանևրելու հնարավորությունը՝ չկապվելով կոշտ դաշինքային կառուցվածքների հետ։ Արտաքին գործընկերությունների դիվերսիֆիկացումը դարձել է նման ռազմավարություններից մեկը։
Հայաստանի համար այս տեղաշարժը արագացրեց մի քանի զարգացումներ։ 2020 թվականի պատերազմից հետո Ռուսաստանի անվտանգության երաշխիքների թուլացումը հիմնարար հարցադրումներ առաջացրեց Հայաստանի ավանդական անվտանգության համակարգի կայունության վերաբերյալ։ Ադրբեջանի աճող ռազմական գերազանցությունը և ավելի ճնշող դիվանագիտությունը ստեղծեցին զսպման ուժեղացման հրատապ անհրաժեշտություն՝ ավելի լայն միջազգային ներգրավվածության միջոցով։ Միևնույն ժամանակ, մեծ տերությունների միջև մրցակցության սրումը բացեց նոր դիվանագիտական և տնտեսական հնարավորություններ՝ Հայաստանի արտաքին հարաբերությունները ընդլայնելու համար։
Այս պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքականությունը սկսեց վերափոխվել ճգնաժամային արձագանքման մոդելից դեպի ավելի նպատակային փորձ՝ կառուցելու ռազմավարական գործընկերությունների ցանց, որը համատեղ կարող է ուժեղացնել երկրի դիմադրողականությունը։ Նպատակը մեկ դաշինքը մյուսով փոխարինելը չէ, այլ գործընկերների շրջանակի ընդլայնումը։
Բազմակողմ հավասարակշռում՝ որպես արտաքին քաղաքականության ռազմավարություն
Ձևավորվող այս կառուցվածքը գնալով նմանվում է բազմահավասարակշռման (multi-alignment) ռազմավարության։ Ի տարբերություն «բազմավեկտոր» արտաքին քաղաքականության նախկին գաղափարի, որը սովորաբար ենթադրում է մի քանի մեծ տերությունների հետ հավասարակշռված հարաբերություններ՝ պահպանելով անվտանգության գերիշխող հենարանը, բազմահավասարակշռումը ներառում է միտումնավոր կերպով բազմաթիվ ռազմավարական գործընկերությունների զարգացում աշխարհաքաղաքական, ինստիտուցիոնալ և տնտեսական ոլորտներում։ Սա ոչ միայն մրցակից տերությունների միջև հավասարակշռում է, այլ անվտանգության, տեխնոլոգիայի, տնտեսության և դիվանագիտության ոլորտներում համագործակցության զուգահեռ ուղղությունների ձևավորում՝ մեկ արտաքին դերակատարից կառուցվածքային կախվածությունը նվազեցնելու և ռազմավարական ինքնավարությունը մեծացնելու նպատակով։
Հայաստանի մոտեցումը տարբերվում է նաև փոքր պետությունների արտաքին քաղաքականությունը նկարագրող այլ հասկացություններից։ Այն չի ներկայացնում պարզ աշխարհաքաղաքական շրջադարձ դեպի Արևմուտք կամ Արևելք, որը ենթադրում է մի բլոկից դեպի մյուսը վճռական վերակողմնորոշում։ Այն նաև դասական իմաստով «hedging»( ռիսկերի հավասարակշռման ռազմավարություն) չէ, երբ պետությունները միտումնավոր անորոշ դիրքավորում են պահպանում մրցակից տերությունների միջև՝ լիարժեք պարտավորություններից խուսափելու համար։
Փոխարենը, Հայաստանի ներկայիս քաղաքականությունը նպատակաուղղված է ռազմավարական ինքնավարության ընդլայնմանը, անվտանգության խոցելիությունների նվազեցմանը և տնտեսական, տեխնոլոգիական ու անվտանգության գործընկերությունների դիվերսիֆիկացմանը՝ առավել մասնատված միջազգային միջավայրում։ Մրցակցող աշխարհաքաղաքական տարածքների խաչմերուկում գտնվող փոքր պետության համար դիվերսիֆիկացումը դառնում է անորոշությունը կառավարելու և դիվանագիտական մանևրի հնարավորությունը պահպանելու գործնական միջոց։
Տարբերակված գործընկերություններ
Հայաստանի ռազմավարական և խորացված գործընկերությունների ընդլայնվող ցանցը էականորեն տարբերվում է խորությամբ, ծավալով և աշխարհաքաղաքական կշռով։ Ոչ բոլոր գործընկերություններն ունեն նույն ռազմավարական արժեքը․ որոշները ձևակերպված են հայտարարություններով կամ ինստիտուցիոնալ շրջանակներով, սակայն ունեն սահմանափակ գործնական ազդեցություն, մինչդեռ մյուսները՝նույնիսկ ավելի քիչ ձևակերպված լինելով, զգալի դեր են խաղում Հայաստանի անվտանգության, տեխնոլոգիական զարգացման կամ դիվանագիտական դիրքավորման մեջ։ Գործնականում գործընկերության ռազմավարականնշանակությունը կախված է ոչ այնքան պաշտոնական ձևակերպումից, որքան համագործակցության ծավալից, քաղաքական հանձնառության մակարդակից և տրամադրվող հնարավորություններից։
Արդյունքում, Հայաստանի արտաքին գործընկերությունները ձևավորում են բազմաշերտ կառուցվածք, որտեղ տարբեր հարաբերություններ կատարում են տարբեր գործառույթներ՝ պաշտպանական համագործակցությունից և տեխնոլոգիական արդիականացումից մինչև կառավարման բարեփոխումներ և տնտեսական ինտեգրում։
Արևմտյան ռազմավարական գործընկերություններ
2024 թվականին բազմաթիվ վերլուծաբաններ Հայաստանի՝ արևմտյան դերակատարների հետ համագործակցության ընդլայնումը մեկնաբանեցին որպես աշխարհաքաղաքական շրջադարձ դեպի Արևմուտք։ Սակայն հետագա զարգացումները այդ մեկնաբանությունը մասամբ կասկածի տակ դրեցին։ Հայաստանը շարունակեց պահպանել և ընդլայնել հարաբերությունները նաև ոչ արևմտյան գործընկերների հետ, մինչդեռ ընդհանուր աշխարհաքաղաքական միջավայրը դարձավ ավելի մասնատված։ Մասնավորապես, ԱՄՆ‑ի և ԵՄ‑ի միջև աճող լարվածությունը ցույց տվեց տարածաշրջանում ամբողջովին համահունչ արևմտյան ռազմավարական շրջանակի բացակայությունը։
Բայդենի վարչակազմի ժամանակ ձևավորված ԱՄՆ-ԵՄ համատեղ հարթակը Հայաստանի հարցով այլևս չի գործում որպես ակտիվ ձևաչափ։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնի և Բրյուսելի միջև տարաձայնությունների պայմաններում այս փուլում տեսանելի ռազմավարական տարբերություն չկա նրանց մոտեցումներում Հայաստանի կամ Հարավային Կովկասի նկատմամբ։ Գործնականում նրանց քաղաքականությունները շարունակում են լրացնել միմյանց, իսկ տեղում ոչ ֆորմալ համակարգումը օգնել է խուսափել մրցակցությունից։ ԱՄՆ‑ը, ԵՄ‑ն և Ֆրանսիան ունեն կարևոր նախագծեր Հայաստանում, այդ թվում՝ Սյունիքում, և կարևոր է ապահովել դրանց համադրումը։
Միևնույն ժամանակ, եթե ԱՄՆ‑ի և եվրոպականհիմնական գործընկերների՝ հատկապես Ֆրանսիայի և ԵՄ‑ի միջև լարվածությունն ավելի խորանա, Հայաստանի համար այդ զուգահեռ գործընկերությունները կարող են դառնալ ավելի դժվար կառավարելի։
Միացյալ Նահանգներ․ անսպասելի ռազմավարական ներգրավում
Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացումը ռազմավարական գործընկերության խարտիայի միջոցով կարևոր քայլ էր դիվերսիֆիկացման ռազմավարության մեջ։ Երկկողմ համագործակցությունը ընդլայնվել է պաշտպանական և անվտանգության ոլորտներում, ներառյալ ռազմական հետախուզական անօդաչու սարքերի փոխանցումը և համատեղ զորավարժությունները, խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործումը՝ փոքր մոդուլային ռեակտորների աջակցությամբ, ինչպես նաև առաջատար տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը՝ արհեստական բանականություն և բարձր արտադրողականության հաշվարկներ։
Ամերիկյան ներգրավվածությունը կարևոր դեր է ունեցել նաև տարածաշրջանում անմիջական անվտանգության ռիսկերի նվազեցման գործում։ Ըստ հաղորդումների՝ ԱՄՆ դիվանագիտական ջանքերը նպաստել են 2025 թվականի գարուն-ամառ ամիսներին Ադրբեջանի կողմից նոր ռազմական գործողությունների կանխմանը։ Դրան հաջորդել է Վաշինգտոնի գագաթնաժողովը, որտեղ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձևավորվել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության չավարտված շրջանակ և մեկնարկել է TRIPP կապակցման նախաձեռնությունը։ Այն նախատեսում է տրանսպորտային ենթակառուցվածքներ Հայաստանի միջոցով և ուղղված է տարածաշրջանային տնտեսական ինտեգրմանը և հակամարտությունների մեղմմանը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ ներգրավվածությունը Հարավային Կովկասում պայմանավորված է նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի հետ Վաշինգտոնի հարաբերություններով։
Եվրոպական միություն․ անցում նոր ռազմավարական օրակարգի
Եվրոպական միությունը Հայաստանի արտաքին գործընկերությունների ևս մեկ առանցքային սյուն է։ Համագործակցությունը սկզբում զարգացավ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում, որը սահմանեց ինստիտուցիոնալ բարեփոխումների, ԵՄ չափանիշներին մոտարկման և տնտեսական համագործակցության խորացման հիմք։ Ժամանակի ընթացքում համագործակցությունը դուրս եկավ տեխնիկական շրջանակներից՝ ընդգրկելով քաղաքական երկխոսություն և երկարաժամկետ տնտեսական ինտեգրում եվրոպական շուկաների հետ։
ԵՄ‑ն նաև ձևավորել է սահմանափակ, բայց կարևոր անվտանգության դեր։ 2021–2022 թվականներին Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Հայաստանում տեղակայվեց ԵՄ դիտորդական առաքելությունը, որը նպաստում է սահմանային կայունությանը և ծառայում է որպես քաղաքական վստահության և փափուկ զսպման գործիք։ Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով ԵՄ‑ն տրամադրել է ոչ մահաբեր աջակցություն Հայաստանի պաշտպանության ոլորտին՝ ընդլայնելով անվտանգության բաղադրիչը։ ԵՄ‑ն նաև հանձնառություն է ստանձնել ուժեղացնելու Հայաստանի դիմադրողականությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ։
Հայաստանի՝ ԵՄ ինտեգրման ձգտումների հստակեցումը ամրապնդել է հարաբերությունների քաղաքական և հասարակական բաղադրիչը։ 2025 թվականի դեկտեմբերից հարաբերությունները բարձրացվել են նոր մակարդակի՝ ԵՄ–Հայաստան ռազմավարական օրակարգի ընդունմամբ, որը կառուցվածքային հիմք է տալիս բազմաբնույթ համագործակցության խորացման համար։ Այն ներառում է քաղաքական երկխոսության ընդլայնում և ավելի համակարգված անվտանգության երկխոսություն։ Վիզաների ազատականացման ծրագրի մեկնարկը ևս ցույց է տալիս հարաբերությունների խորացումը։ 2026 թվականի մայիսին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ հանդիպման անցկացումը նույնպես ընդգծում է Հայաստանի աճող քաղաքական ներգրավվածությունը Եվրոպայի հետ։
Այս բոլոր զարգացումները միասին ԵՄ-ինդիրքավորում են որպես բազմաչափ գործընկեր Հայաստանի համար՝ համադրելով ինստիտուցիոնալ փոխակերպումը, տնտեսական ինտեգրումը և անվտանգության միջավայրի ամրապնդմանը նպաստող գործոնները։

Սոսի Թաթիկյան
Աղբյուրը՝
(շարունակելի)
