Քաղաքագիտական իմաստով Լեւոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունը, թերեւս, ուշագրավ է, բայց քաղաքական տեսակետից՝ չպահանջված։
Մուղնի
«Իլուր»-ի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի նախընտրական բանավեճի մասին, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է, որ այդ «բանավեճ կոչվող բեմադրությունը» իրեն բացարձակապես չի հուզում։ Նրան շատ ավելի «մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար»։
Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ ընդդիմադիր կուսակցության առաջնորդն է եւ եթե մտահոգված է հետընտրական իրադարձությունների «ճակատագրականությամբ», ուրեմն կանխատեսել է, որ Նիկոլ Փաշինյանը հաղթելու է։
Մնում է կռահել, թե ի՞նչ զարգացումներ կարող են «ճակատագրական լինել մեր երկրի համար»։ Տեսականորեն երկու սցենար կարելի է կանխապատկերել։ Առաջինը կարող է այն լինել, որ «ընդդիմությունը չճանաչի Փաշինյանի հաղթանակը եւ գեներացնի փողոցային տեւական շարժում»։ Այս դեպքում Փաշինյանը չի գնա սահմանադրական հանրաքվեի, իսկ դա Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացման խոչընդոտ կդառնա՝ այստեղից ենթադրվող հետեւանքներով հանդերձ։
Երկրորդ դեպքում, Փաշինյանի հաղթանակը կարող է Ռուսաստանի կողմից կոշտ հակազդեցության տեղիք տալ եւ հանգեցնել միջպետական հարաբերությունների «ճակատագրական սրացման»։ Առաջին նախագահի խոսքի տոնայնությունից ենթադրվում է, որ նրա «մտահոգությունը» ավելի շատ երկրորդ սցենարի հավանականության մասին է։
Քաղաքագիտական իմաստով Լեւոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունը, թերեւս, ուշագրավ է, բայց քաղաքական տեսակետից՝ չպահանջված։ Սամվել Կարապետյանի շուրջ համախմբվելու նրա նախխաձեռնությունը մնացել է անպատասխան։ «Ուժեղ հայրենիքը» մերժել է համագործակցել ՀԱԿ‑ի հետ, ընդդիմության մյուս երկու ազդեցիկ բեւեռները՝ նույնպես։
Ներքաղաքական դասավարումներում ՀԱԿ‑ը լուրջ գործոն չէ, իսկ Տեր-Պետրոսյանի խորհրդատվության կարիքը ոչ ոք չի զգում։ Դա է վկայում փաստը, որ նրա կանխատեսումը արվել է լրատվական դաշտում որեւէ ազդեցություն չունցեղող «Իլուր»- ի համար։ Ցավալի է, որ առաջին նախագահը մնացել է կուսակցական կայքի հույսին, բայց դա է իրականությունը։ Եւ, իհարկե, այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության հաղթանակը բացառում է։
Մուղնի
Վերոնշյալ գրառումը Մեր Ուղինի‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
