Հայաստանի ընդդիմությանը ծառայող մամուլն ինչու՞ է ադրբեջանական այդ թեզը հանրայնացնում։ Որպեսզի ներշնչի, որ Ֆրանսիայի նախագահը «հեղինակազուրկ է, հետեւաբար նրա հետ ստորագրած փաստաթուղթը ոչ մի նշանակություն չունի»։
Մուղնի
Ադրբեջանական AzFront թելեգրամյան ալիքը, հղում անելով իր «լավատեղյակ աղբյուրներին», Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան պետական այցի կարեւորությունը ստվերելու ակնհայտ նպատակ է դրել, երբ գրել է, որ «Մակրոնը մտադիր է եղել հայ-թուրքական սահմանը հատել եւ ժամանել Անկարա, բայց Թուրքիայի նախագահ Էրդողանը, խորհրդակցելով Իլհամ Ալիեւի հետ, մերժել է»։
Ադրբեջանական նշված թելեգրամյան ալիքի այդ «տեղեկությունը» այնքան ոչ արժանահավատ է, որ նույնիսկ Բաքվի լուրջ, հիմնականում իշխանությունների տեսակետները տարածող լրատվամիջոցները այն տարածելու անհրաժեշտություն չեն տեսել։ Իսկ «Հրապարակ» օրաթերթը եւ մի քանի այլ «պատասխանատու» լրատվամիջոցներ ադրբեջանական թելեգրամյան ալիքի բացահայտ կեղծիքը տարածել են։ Ինչու՞։ Որովհետեւ սպասարկում են ընդդիմությանը, իսկ վերջինս ճգնում է արժեզրկել Ֆրանսիայի նախագահի այցը, հայ-ֆրանսիական ռազմավարական համագործակցության մասին Երեւանում ստորագրված համաձայնությունը։ Ի՞նչ նպատակով է ադրբեջանական թելեգրամյան ալիքը կեղծ տեղեկություն տարածել։ Ցույց տալ, որ Իլհամ Ալիեւը Մակրոնից «ավելի մեծ հեղինակություն ունի, կարողանում է փոխել Թուրքիայի նախագահի հետ նրա պայմանավորվածությունը»։
Հայաստանի ընդդիմությանը ծառայող մամուլն ինչու՞ է ադրբեջանական այդ թեզը հանրայնացնում։ Որպեսզի ներշնչի, որ Ֆրանսիայի նախագահը «հեղինակազուրկ է, հետեւաբար նրա հետ ստորագրած փաստաթուղթը ոչ մի նշանակություն չունի»։ Քարոզչական հնարքի բուն թիրախը Նիկոլ Փաշինյանն է։ Նույնը ադրբեջանական թելեգրամյան ալիքն է ակնարկել եւ «ամենակարող» ներկայացրել Իլհամ Ալիեւին։ Ստացվում է, որ Ադրբեջանի նախագահը ոչ թե աջակցում է Փաշինյանին, ինչպես նույն «Հրապարակն» է պնդում, այլ՝ գործում նրա դեմ։
Այսինքն, Ադրբեջանի նախագահը եւ Հայաստանի ընդդիմությունը մի սկզբունքային հարցում նույն քարոզչությունն են տանում՝ Ֆրանսիայի նախագահը «միջազգայնորեն հեղինակազրկված է, չի կարող Հայաստանի համար օգտակար որեւէ բան անել, նրա կողմից Փաշինյանին ցուցաբերած աջակցությունը ոչինչ չարժե»։
Հայ-ֆրանսիական հարաբերությունների կարեւորությունը թերագնահատելու եւ նսեմացնելու Ալիեւի ջանքերը հասկանալի են, բայց թե ինչու՞ հայաստանյան «պատասխանատու» մամուլը նույնն է քարոզում, մնում է ենթադրել։
Մուղնի
Վերոնշյալ գրառումը Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
