Բաքվում դատապարտված Զաբոլոտսկիխը եւ Վալիտովը Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններից նույնիսկ իրավաբանական օգնություն չեն ստացել։
Վահրամ Աթանեսյան
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը մայիսի 13-ին ավարտել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Իգոր Զաբոլոտսկիխի եւ Իլնուր Վալիտովի գործով քննությունը։ Նրանք մեղադրվել են կիբերհանցագործության ճանապարհով ձեռք բերած 98 հազար մանաթը օրինականացնելու մեջ։Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել եւ դատապարտել երեք տարվա ազատազրկման։
Զաբոլոտսկիխը եւ Վալիտովը Բաքվոում ձերբակալվել են շուրջ մեկ տարի առաջ՝ ՌԴ մոտ երկու տասնյակ այլ քաղաքացիների հետ։ Այդ ձերբակալությունները հաջորդել են Ռուսաստանում մի խումբ էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ հարուցված գործերին։ Նույն շրջանում ձերբակալվել են նաեւ «Սպուտնիկ Ազերբայջանի» մենեջեր Կարտավիխը եւ գլխավոր խմբագիր Յակովլեւը։
Վերջին երկուսը անցյալ տարեվերջին բանտից փոխադրվել են տնային կալանքի, ապա վերադարձել Ռուսաստան։ Այդ համաձայնությունը ձեռք է բերվել անցած հոկտեմբերին տեղի ունեցած Պուտին-Ալիեւը հանդիպման արդյունքում։

Նույն օրը, երբ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը երեք տարվա ազատազրկման է ենթարկել Զաբոլոտսկիխին եւ Վալիտովին, Ռուսաստանի պետական դուման օրենք է ընդունել, որով նախագահ Պուտինին թույլատրվում է արտասահմանում կալանավորված ՌԴ քաղաքացիների «իրավունքների պաշտպանության նպատակով օգտագործել զինված ուժերը»։
Պետական դումայի խոսնակ Վոլոդինը օրենքի ընդունումը հիմնավորել է նրանով, որ «արեւմտյան երկրները խախտում են ՄԱԿ‑ի Կանոնադրությունը եւ միջազգային կոնվենցիաները, ուստի Ռուսաստանը իր քաղաքացիներին պաշտպանելու համար զինված ուժեր կիրառելու իրավունք ունի»։
Բաքվում դատապարտված Զաբոլոտսկիխը եւ Վալիտովը Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններից նույնիսկ իրավաբանական օգնություն չեն ստացել։ Նրանք եւ մյուս կալանավորվածները, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մասնագետներ են, Ադրբեջան են տեղափոխվել Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով եւ խուսափել են զորակոչից։
Ռուսաստանում նրանք համարվում են «դասալիք դավաճաններ» եւ զրկված են պետական պաշտպանությունից եւ միջազգային մարդասիրական կազմակերպությունների աջակցությունից։

Այդպես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ստալինն է աջակցությունից զրկել խորհրդային միլիոնավոր ռազմագերիներին։ Նույն օրը Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել, որով ուկրաինական պատերազմին մասնակցած վարձկանները կարող են ՌԴ քաղաքացիություն ստանալ։
Վահրամ Աթանեսյան
