Զոհերի «հինգ հազար» թիվը շրջանառվում է արդեն ավելի քան հինգ տարի։
Վահրամ Աթանեսյան
«Իմ հարցը հետևյալն է․ երբ այդ երիտասարդներին զորակոչել եք, ցուցակներ ունեցե՞լ եք, թե ոչ, մարդիկ անուն ազգանուն ունեցե՞լ են, թե ոչ, դագաղները, որ հետ են եկել, համարներով են եկել, հիմա ասում ենք՝ հրապարակեք, հարգեք այդ մարդկանց հերոսությունը, տպագրեք, մի հուշամատյան սարքեք, եթե մենք սխալվում ենք քանակի մեջ, ներողություն կխնդրենք»,- Վեդիում համակիրների հետ հանդիպմանը ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Զոհերի «հինգ հազար» թիվը շրջանառվում է արդեն ավելի քան հինգ տարի։ Իշխանությունները հերքում են եւ պնդում, որ հրապարակված թիվը իրական է։ Նման դեպքերում ի՞նչ պետք է անի ընդդիմությունը՝ շատ պարզ է։ Պետք է դիմի պաշտպանության նախարարությանը եւ պահանջի իրեն տրամադրել զորակոչված անձանց, կամավորների եւ զոհվածների ու անհետ կորածների անձնական տվյալները։
Որեւէ ընդդիմադիր գործիչ, այդ թվում եւ Ռոբերտ Քոչարյանը երբեւէ չի ասել, որ դիմել է ՊՆ եւ մերժում ստացել։ Բայց նույնիսկ եթե իսկությունը պարզելու հարցում բյուրոկրատական խոչընդոտներ հարուցվեն, ապա շահագրգիռ քաղաքական ուժերի, ՀԿ-երի եւ անձանց համար դժվար չէր անցած շուրջ վեց տարում պարզել քառասունչորսօրյա պատերազմում մեր մարդկային կորուստների իրական չափը։
Հայաստանը փոքր երկիր է, որտեղ, պատկերավոր ասած՝ «բոլորը բոլորին ճանաչում են»։ Զոհվածները հուղարկավորված են Եռաբլուր զինվորական պանթեոն, գրեթե բոլոր համայնքներն ունեն իրենց «եռաբլուրը»։ Պաշտպանության նախարարությունը զոհվածների ծնողներին, ընտանիքներին ֆինանսական վճարումներ է կատարել, նրանք հաշվառված են սոցիալական աջակցության պետական մարմիններում, բարեգործական կազմակերպություններում։
Ցանկության դեպքում ընդդիմադիր քաղաքական ուժը կամ հավաքական ընդդիմությունը կարող էր ստեղծել «Փաստերի ստուգման հարթակի» նման մի կառույց, որը ՊՆ-ից, «Եռաբլուր» զինվորական պանթեոնից, համայնքապետարաններից, սոցիալական աջակցության մարմիններից, բարեգործական հաստատություններից կհավաքեր զոհվածների եւ անհետ կորածների մասին ամբողջ տեղեկությունը, կբաղդատեր «հակասական» տվյալները եւ կպազեր իրական պատկերը, կհրապարակեր։
Ի վերջո, նույն «Հայաստան» դաշինքի տասնյակ քարոզչամիջոցներից մեկը շատ հանգիստ եւ առանց որեւէ ծախսի կարող էր սոցիալական մեդիայում էջ ստեղծել եւ դիմել Հայաստանի եւ Արցախի ամբողջ բնակչությանը՝ զոհվածների ծնողներին, ընտանիքներին՝ խնդրելով կորցրած հարազատի մասին տեղեկություն տրամադրել։
Այսինքն, երբ իշխանությունները «չեն ցանկանում» հուշամատյան ստեղծել, գործն իր վրա պետք է վերցնի ընդդիմությունը, հանրությունը։ Եթե, իհարկե, համոզված է, որ իշխանությունները «կեղծում են», եւ ինքը «կեղծիքը բացահայտելու» նպատակ ունի։ Նման նախաձեռնություն ոչ ոք, այդ թվում եւ Ռոբերտ Քոչարյանը չի ցուցաբերել, ինչից հետեւում է, որ կամ նա նման նպատակ չունի, կամ համոզված է, որ «փաստերի ստուգումը» պարտադրելու է, որ «ներողություն խնդրի»։
Վահրամ Աթանեսյան
