Էմանուել Մակրոնը դարձել է Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետության գլխավոր դերակատարներից մեկը, իսկ եվրոպացի դիտորդների ներկայությունը Հայաստանում հնարավոր չէր լինի առանց Ֆրանսիայի ակտիվ ներգրավվածության։ Ֆրանսիան ներգրավվելու է Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում, այդ թվում՝ թունելաշինության և ռազմական համագործակցության ոլորտներում։
Արսեն Խառատյան
Noyan Tapan TV. Special Programs‑ը զրուցել է Ազգագրագետ, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի արտաքին քաղաքականության դեպի արևմուտք կտրուկ շրջադարձը և դրան հաջորդող լարվածությունը Ռուսաստանի հետ։ Արսեն Խառատյանը քննարկում է Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ չմասնակցել Մոսկվայի մայիսյան շքերթին, ինչը դիտարկվում է որպես ինքնիշխանության ամրապնդման և Կրեմլից հեռանալու հերթական քայլ։ Զրույցի առանցքում են նաև Երևանում տեղի ունեցած միջազգային համաժողովները, որոնք Հայաստանը դարձրին եվրոպական քաղաքականության կենտրոն, նպաստելով Վրաստանի և Ուկրաինայի հետ կապերի սերտացմանը։ Հատուկ շեշտադրվում է Ֆրանսիայի և Եվրամիության ռազմավարական աջակցությունը, որն ուղղված է երկրի դիմակայունության բարձրացմանը և տարածաշրջանային նոր ենթակառուցվածքների զարգացմանը։ Փորձ է արվում հասկանալ, թե որքանով է Հայաստանը պատրաստ ինստիտուցիոնալ ժողովրդավարության երկարատև գործընթացին՝ չնայած Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից եկող մարտահրավերներին։
Արսեն Խառատյան նշեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 9‑ին Մոսկվայում չմասնակցելու որոշումը, ըստ ամենայնի, վաղուց էր փոխանցվել ռուսական կողմին։ Նրա կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները վերջին տարիներին սովորել են Ռուսաստանի հետ աշխատելու որոշակի մեխանիզմներ, և նման որոշումները նախապես հաղորդվում են՝ հիմնավորված պատճառաբանություններով։ Խարատյանը դիտարկեց, որ այս տարվա շքերթն ինքնին խորհրդանշական ու ոչ լիարժեք էր, քանի որ նույնիսկ ռազմական տեխնիկայի ցուցադրությունից էին հրաժարվել՝ անվտանգության պատճառաբանությամբ, ինչը, ըստ նրա, նաև Ուկրաինայի դեմ պատերազմի հետևանք է։
Արսեն Խառատյանը հիշեցրեց, որ վերջին Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպման ընթացքում առաջին անգամ հանրությունը բաց տեքստով տեսավ լարված խոսակցություն, որը նախկինում տեղի էր ունենում փակ դռների հետևում։ Նա ընդգծեց, որ Ռուսաստանը դեռևս չի կարողանում էական հաջողություններ գրանցել Ուկրաինայի պատերազմում, և դա արտացոլվում է նաև քաղաքական ու խորհրդանշական քայլերում։Խառատյանը կարևորեց Հայաստանում անցկացված եվրոպական քաղաքական համայնքի հավաքը, Էմանուել Մակրոնի պետական այցը և Հայաստան-Եվրամիություն ձևաչափով հանդիպումը՝ նշելով, որ Հայաստանը մի քանի օրով դարձել էր միջազգային քաղաքական ուշադրության կենտրոն։ Նրա խոսքով՝ Երևանը վերածվել էր հարթակի, որտեղ նույնիսկ հակասություններ ունեցող երկրները կարողանում էին շփվել։ Նա առանձնահատուկ ընդգծեց, որ Վրաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև շփումը կարևոր ձեռքբերում էր, քանի որ վերջին երկու տարիներին նման շփումներ գրեթե չէին եղել։
Եվրոպական քաղաքական համայնքը նոր ձևաչափ է, որը ստեղծվել է Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ և միավորում է ոչ միայն Եվրամիության անդամներին, այլ նաև այն պետություններին, որոնք ռազմավարական առումով կարևոր են Եվրոպայի համար։ Նա շեշտեց, որ Հայաստանը ներկայում Եվրամիության հետ ամենաակտիվ քաղաքական երկխոսություն ունեցող երկրներից մեկն է Հարավային Կովկասում։Արևելագետը նշեց, որ եվրոպական օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում ենթակառուցվածքների և կապուղիների վերականգնումը։ Նրա խոսքով՝ խոսքը Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապելու ռազմավարության մասին է, որտեղ կարևոր դեր ունեն Հարավային Կովկասն ու «միջին միջանցքը»։ Խառատյանը հիշեցրեց, որ Եվրամիությունը վերջին տարիներին մեծ ներդրումներ է խոստացել Կենտրոնական Ասիայի և տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման համար։

Կոնֆլիկտաբանը նշեց նաև, որ Եվրամիությունը չի ցանկանում մեկուսացնել Վրաստանին՝ նույնիսկ ներկայիս լարված հարաբերությունների պայմաններում։ Նրա համոզմամբ՝ Եվրամիությունը տարածաշրջանը դիտարկում է որպես միասնական տնտեսական և ենթակառուցվածքային տարածք։
Խառատյանը կարևորեց նաև Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգը՝ ընդգծելով վիզաների ազատականացման գործընթացը և նոր եվրոպական առաքելության տեղակայումը Հայաստանում։ Նա նշեց, որ դեռ պարզ չէ, թե այդ աջակցությունը կոնկրետ ինչ ձևեր կստանա՝ սահմանային անվտանգության, քաղաքացիական հասարակության, մամուլի, թե քաղաքական ինստիտուտների զարգացման ուղղությամբ։
Անդրադառնալով Սվետլանա Տիխանովսկայաի մասնակցությանը՝ Խառատյանը նշեց, որ Եվրոպան արդեն մտածում է ոչ միայն ֆիզիկական աշխարհագրության, այլ նաև արժեքային և քաղաքական աշխարհագրության տրամաբանությամբ։ Նրա խոսքով՝ Եվրոպայի քաղաքական համայնքը ձևավորվում է ընդհանուր արժեքների շուրջ, և այդ շրջանակում են դիտարկվում նաև Ուկրաինան, Մոլդովան ու Բելառուսի ընդդիմությունը։
Էմանուել Մակրոնը դարձել է Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետության գլխավոր դերակատարներից մեկը, իսկ եվրոպացի դիտորդների ներկայությունը Հայաստանում հնարավոր չէր լինի առանց Ֆրանսիայի ակտիվ ներգրավվածության։ Նա նաև շեշտեց, որ Ֆրանսիան ներգրավվելու է Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում, այդ թվում՝ թունելաշինության և ռազմական համագործակցության ոլորտներում։Խառատյանի գնահատմամբ՝ Հայաստանը ներկայում Արևմուտքում դիտարկվում է որպես կարևոր և հեռանկարային գործընկեր, և դա մեծապես կապված է գործող իշխանությունների քաղաքականության հետ։ Միաժամանակ նա զգուշացրեց, որ Հայաստանը դեռևս կայացած ժողովրդավարություն չէ, քանի որ շատ գործընթացներ պայմանավորված են ոչ թե ինստիտուտներով, այլ քաղաքական կամքով։
Անդրադառնալով ընդդիմության այն պնդումներին, թե Նիկոլ Փաշինյանը կարող է դառնալ երկրորդ Բիձինա Իվանիշվիլի, Խառատյանը նման համեմատությունը անհամոզիչ համարեց։ Նրա խոսքով՝ Իվանիշվիլին ռուսաստանյան օլիգարխ է, մինչդեռ Փաշինյանի պարագայում իրավիճակն այլ է։ Նա ավելի տրամաբանական համարեց համեմատությունը Սերժ Սարգսյանի հետ, որը տարիներ շարունակ բանակցում էր Եվրամիության հետ, սակայն հետո կտրուկ փոխեց քաղաքական ուղղությունը։
Անդրադառնալով Ադրբեջանի արձագանքներին՝ Խառատյանը նշեց, որ Իլհամ Ալիևը փորձում է փակել Արցախի թեման և միջազգային հարթակներում օրինականացնել իր գործողությունները։ Նա կարևոր համարեց այն փաստը, որ եվրոպական կառույցները շարունակեցին բարձրացնել արցախահայության իրավունքների, գերիների և մշակութային ժառանգության հարցերը՝ չնայած Ադրբեջանի ճնշումներին։ Խառատյանի խոսքով՝ Ադրբեջանը ցանկանում է ունենալ Եվրամիության հետ նույն մակարդակի հարաբերություններ, ինչ Հայաստանը, սակայն եվրոպական կառույցներում աճում է դժգոհությունը Բաքվի վարքագծից։ Նա ընդգծեց, որ եվրոպացի պաշտոնյաների արձագանքը Ալիևի քննադատություններին ցույց տվեց՝ Եվրոպայում կան ուժեր, որոնք պատրաստ չեն ընդունել Ադրբեջանի ճնշումները։

Վերջում Արսեն Խառատյանը նշեց, որ Ռուսաստանը փաստացի ստիպված է հաշվի նստել նոր իրողությունների հետ։ Նրա կարծիքով՝ Մոսկվայի համեմատաբար մեղմ արձագանքը Հայաստանի արտաքին քաղաքական ակտիվությանը ցույց է տալիս կամ Ռուսաստանի թուլությունը, կամ այն, որ Ռուսաստանը պարզապես հարմարվում է իրավիճակին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
