Քաղաքական ուժերը պետք է խուսափեն ատելության ու վիրավորական բառապաշարի տարածումից և պահպանեն քաղաքակիրթ խոսույթը։ Հասարակության դիմակայունությունը բարձրացնելու համար կարևոր է չտրվել զանգվածային էմոցիաներին, քանի որ այդ դեպքում մարդիկ կորցնում են սթափ գնահատելու ունակությունը։
Աղասի Թադևոսյան
FactorTV‑ն զրուցել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի նախընտրական լարված մթնոլորտը։ Թադևոսյանը շեշտում է արտաքին ուժերի կողմից ուղղորդվող հիբրիդային պատերազմի առկայությունը։ Ըստ բանախոսի, ընդդիմադիր որոշ շրջանակներ և ռուսաստանյան ազդեցության գործակալները միտումնավոր սադրանքների ու ագրեսիվ հռետորաբանության միջոցով փորձում են ապակայունացնել երկիրը և սրել ներհասարակական պառակտումը՝ հատկապես օգտագործելով արցախցի-հայաստանցի զգայուն թեման։ Թադևոսյանը կոչ է անում իշխանություններին չտրվել պրովոկացիաներին և հրաժարվել կոշտ բառապաշարից, որպեսզի հասարակությունը պահպանի սթափ դատողությունն ու դիմակայունությունը հոգեբանական հարձակումների նկատմամբ։
Աղասի Թադևոսյանը նշեց, որ ստեղծված իրավիճակը կապում է նախընտրական մթնոլորտը ապակայունացնելու փորձերի հետ։ Նրա դիտարկմամբ՝ հատկապես այն ընդդիմադիր ուժերն են շահագրգռված լարվածության մեծացմամբ, որոնք ձգտում են խորհրդարանում ազդեցիկ ներկայություն ունենալ։ Թադևոսյանը կարծում է, որ տարբեր միջադեպերը՝ դիմակավորված անձանց տեսանյութերից մինչև արցախցի կնոջ մասնակցությամբ բախումը, ուղղված են արցախցի-հայաստանցի հակադրության խորացմանը։ Այդ դեպքերում կարևոր չէ նույնիսկ քննարկվող բովանդակությունը, որովհետև խոսքի որակից արդեն երևում է, որ նպատակը հույզերի սրումն ու մթնոլորտի թեժացումն է։ Նա ընդգծեց, որ սա դիտարկում է որպես կազմակերպված գործընթաց, որտեղ օգտագործվում են տարբեր կերպարներ ու թեմաներ՝ հանրային լարվածություն ստեղծելու համար։
Մարդաբանը նշեց, որ իշխանության քարոզարշավներում, երբ արտաքին միջամտություններ կամ սադրանքներ չեն լինում, ընդհանուր մթնոլորտը հաճախ ավելի խաղաղ և դրական է լինում։ Նրա խոսքով՝ հատկապես երեխաների մասնակցությունը քարոզարշավներին հետաքրքիր մարդաբանական երևույթ է, որը հետագայում արժե ուսումնասիրել։ Միաժամանակ նա քննադատեց կազմակերպված ձևով երեխաների ներգրավման դեպքերը՝ նշելով, որ հասարակությունը պետք է ավելի ազատ արտահայտվի, առանց «կուլտմասավիկ»((մշակութային) աշխատանքների կազմակերպիչ)մեթոդների։
Թադևոսյանը կարծում է, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա արտաքին ազդեցություն կա, հատկապես՝ ռուսական ուղղությամբ։ Նա անդրադարձավ հրապարակված փաստաթղթերին ու հայտարարություններին՝ նշելով, որ Ռուսաստանի իշխանական շրջանակներից հնչող ուղերձները, ըստ իրեն, նպատակ ունեն ազդելու հայկական ընտրական գործընթացների վրա։ Մասնագետի խոսքով՝ տարբեր քաղաքական ուժերի գործողություններ հաճախ համընկնում են այդ արտաքին խոսույթների հետ։
Աղասի Թադևոսյանը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքները ցանկալի չեն, սակայն նաև նկատեց, որ քաղաքական առաջնորդները մշտապես բախվում են սադրանքների։ Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ Փաշինյանը կարողացել է զսպվածություն պահպանել, սակայն որոշ իրավիճակներում՝ հատկապես բռնության կամ ահաբեկման ենթատեքստ ունեցող տեսանյութերից հետո, հնարավոր է՝ էմոցիոնալ արձագանքն ավելի ուժեղ լինի։ Քաղաքական գործիչները, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաները, պետք է պատրաստ լինեն տարբեր սադրանքների և չտրվեն հուզական արձագանքների։ Միաժամանակ նա ընդգծեց, որ հասարակությունը նույնպես պետք է տարբերակի իրական դժգոհությունն ու այն փորձերը, երբ մարդկանց ցավն ու հույզերը կարող են օգտագործվել քաղաքական նպատակներով։Արցախցի քաղաքացիների դժգոհությունն ու մեղադրանքները բնական են, որովհետև մարդիկ ծանր կորուստներ են ունեցել, սակայն վտանգավոր է, երբ այդ ցավը վերածվում է հասարակության ներսում թշնամանքի գործիքի։ Նա նշեց, որ հաճախ տարբեր թեմաներ ու օրակարգեր ակտիվացվում են շատ կոնկրետ ժամանակահատվածներում, ինչը, ըստ նրա, պատահական չէ։ Առաջիկայում փորձերը շարունակվելու են՝ վախի, քաոսի և ապակայունության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։ Նրա կարծիքով՝ Արցախի թեման շարունակում է մնալ ամենազգայուն և շահարկվող թեմաներից մեկը։

Մարդաբանը կոչ արեց հասարակությանը զգոն լինել և չտրվել վախի մթնոլորտին։ Նա ընդգծեց, որ բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ում դեմ է ուղղված, անընդունելի է։ Թադևոսյանը նաև նշեց, որ քաղաքական ուժերը պետք է խուսափեն ատելության ու վիրավորական բառապաշարի տարածումից և պահպանեն քաղաքակիրթ խոսույթը։ Հասարակության դիմակայունությունը բարձրացնելու համար կարևոր է չտրվել զանգվածային էմոցիաներին, քանի որ այդ դեպքում մարդիկ կորցնում են սթափ գնահատելու ունակությունը։ Նա կարծում է, որ հիբրիդային պատերազմի մասին խոսելը պետք չէ անլուրջ վերաբերմունքի արժանացնել, որովհետև հենց այդպիսի թերագնահատումն էլ կարող է դառնալ ազդեցության գործիք։
Վերջում Թադևոսյանը կոչ արեց թե՛ հասարակությանը, թե՛ քաղաքական ուժերին նպաստել ավելի հանգիստ ու բանական մթնոլորտի ձևավորմանը, որպեսզի հանրությունը կարողանա սթափ գնահատել տեղի ունեցող գործընթացներն ու չդառնա սադրանքների զոհ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
