Ռուսաստանի հիմնական նպատակը Անդրկովկասում ազդեցության գոտիների պահպանումն է, իսկ Հայաստանի համար հիմնական հարցը հետևյալն է՝ արդյոք Ռուսաստանը ապագայում Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանը չի օգտագործի որպես փոխանակման գործիք։
Հակոբ Մովսես
Armtimes‑ը զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է հայկական պետականության և հասարակական գիտակցությունը։ Մովսեսը խստորեն քննադատում է ընտրակաշառքն ու կոռուպցիան՝ դրանք որակելով որպես ազգը կործանող և պետությունը սպանող «ապականություն»: Զրույցի առանցքում ինքնիշխանության և բարոյական էթոսի գաղափարն է, որը պահանջում է հրաժարվել անցյալի վախերից ու կռապաշտական խորհրդանիշներից հանուն իրական, արժանապատիվ քաղաքացիական կեցվածքի: Մովսեսը շեշտում է, որ հայ ժողովուրդը պետք է դադարի մեղավորներ փնտրել և գիտակցի սեփական պատմական պատասխանատվությունը, նույնիսկ եթե դա ենթադրում է դժվարությունների հաղթահարում արտաքին ճնշումների պայմաններում: Վերջնական նպատակը ինքնուրույն սուբյեկտայնության ձևավորումն է, որտեղ պետական շահը գերակայում է օլիգարխիկ ազդեցությունների և քաղաքական մանիպուլյացիաների նկատմամբ:
Հակոբ Մովսեսը նշեց, որ ընտրակաշառքն ու քաղաքական կոռուպցիան նոր երևույթ չեն, այլ երկար պատմական արմատներ ունեն՝ սկսած դեռ խորհրդային շրջանից։ Նրա կարծիքով՝ պետության նկատմամբ վերաբերմունքը վերածվել էր առևտրի առարկայի, իսկ ձայն գնելը դարձել էր սովորական երևույթ։ Մովսեսը դիտարկեց, որ կոռուպցիան ոչ միայն կաշառք տալն է, այլ ամբողջ հասարակական համակարգի ապականումը, երբ տաղանդը ստորադասվում է, մշակույթը վերածվում է զվարճանքի, իսկ գիտությունը՝ միայն օգտակարության գործիքի։ Նա ընդգծեց, որ կոռուպցիան ազգակործան երևույթ է և հիշեցրեց, որ որոշ պետություններում, օրինակ՝ Չինաստանում, պետական կաշառակերությունը դիտվում է որպես պետության դեմ հանցագործություն։
Բանաստեղծը ասաց, որ վերջին տարիներին Հայաստանում կոռուպցիան այլևս պետական մտածողության հիմք չէ, նույնիսկ եթե ամբողջությամբ վերացած չէ։ Նրա խոսքով՝ նախկինում պետական պաշտոնյան ասոցացվում էր կաշառակերության հետ, մինչդեռ այժմ այդ պատկերացումը մասամբ փոխվել է։ Հակոբ Մովսեսը նշեց, որ ներկայիս ընտրությունները ոչ միայն իշխանության ընտրություն են, այլ ժողովրդի գիտակցության ընտրություն․ ժողովուրդը որոշում է՝ուզում է իրական պետությո՞ւն ունենալ, թեշարունակել ապրել կեղծ պետականության պայմաններում։

Մովսեսը կարծում է, որ Հայաստանի հասարակությունը կանգնած է խորքային ընտրության առաջ։ Նա ասաց, որ խնդիրը որևէ կուսակցության հաղթանակը չէ, այլ այն, թե ինչպիսի բարոյական և պետական կառուցվածք է ձևավորվելու։ Նրա դիտարկմամբ՝ հայ ժողովուրդը քաղաքական մեծ փորձ գուցե չունի, բայց ունի հսկայական մշակութային փորձ, և այժմ պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն է ստացել սեփական չափով ինքնուրույն կառուցելու իր հասարակությունն ու պետությունը։
Անդրադառնալով ընտրակաշառքին՝ Հակոբ Մովսեսը այն բնորոշեց որպես «քաղաքական մարմնավաճառություն»։ Նա նշեց, որ հասարակությունը հիվանդ է երկար դարերի ընթացքում կուտակված արատներով, և առաջին անհրաժեշտությունը դաժան ու անկեղծ ախտորոշումն է։ Բանաստեղծի կարծիքով՝ հայ ժողովուրդը դարավոր հիվանդություններ ունի՝ ներքին թշնամանք, վրեժխնդրություն, փոխադարձ անվստահություն և պետական մտածողության պակաս։ Նա նույնիսկ հարց բարձրացրեց, թե արդյոք պատմական պետական կորուստները՝ օրինակ Անիի անկումը, նույնպես նման բարոյահոգեբանական պատճառներով չեն պայմանավորված եղել։
Հակոբ Մովսեսը շեշտեց, որ հայերը մշտապես մեղավորներ են փնտրել, բայց չեն խոսել սեփական մեղքերի մասին։ Նրա համոզմամբ՝ եթե ժողովուրդը շարունակի միայն անհատներին մեղադրել, իսկ սեփական թերությունները չընդունի, ապա նույն սխալները կրկնվելու են։ Նա ասաց, որ ժողովրդի իրական ինքնությունը ոչ թե սիմվոլների, այլ բարոյական էթոսի մեջ է։ Մովսեսը քննադատեց «ազգային ինքնություն» արտահայտության մակերեսային կիրառումը և ընդգծեց, որ ինքնությունը լեզու, կրոն կամ խորհրդանիշ ունենալը չէ, այլ այն բարոյական նկարագիրը, որի համար ժողովուրդը պատրաստ է ապրել ու պայքարել։
Բանաստեղծը անդրադարձավ նաև Արարատի թեմային՝ նշելով, որ Արարատը սուրբ է այնքանով, որքանով գոյություն ունի հայ ժողովուրդը։ Նրա խոսքով՝ լեռը ժողովրդի տերը չէ, այլ ժողովուրդն է Արարատի իմաստը ստեղծողը։ Հակոբ Մովսեսը ասաց, որ քաղաքական գործիչներն ու «ավանտյուրիստները» հաճախ սիմվոլները օգտագործում են ժողովրդին հուզական մթնոլորտի մեջ պահելու համար՝ առանց իրական պետական նպատակների։
Քաղաքական մշակույթի մասին խոսելիս Մովսեսը նշեց, որ վերջին տարիներին փոխվել է իշխանության ընկալումը։ Նրա կարծիքով՝ ժամանակակից Հայաստանը դարձել է ավելի ժողովրդավարական, որովհետև քաղաքացին կարող է մոտենալ երկրի ղեկավարին, վիճել, հարցեր տալ ու արտահայտել անհամաձայնությունը։ Նա դիտարկեց, որ նախկինում նման բան գրեթե անհնար էր պատկերացնել։ Միաժամանակ բանաստեղծը նկատեց, որ երբեմն քաղաքական բանավեճերի մակարդակը ցածր է, և կցանկանար, որ իշխանությունները չիջնեն հակառակորդների թելադրած լեզվամակարդակին։
Օլիգարխիայի վերաբերյալ Հակոբ Մովսեսը ասաց, որ փողը վաղուց դարձել է իշխանության լծակ։ Նրա խոսքով՝ եվրոպացիները կարողացել են փողին ինտելեկտուալ արժեք հաղորդել, մինչդեռ հայկական կապիտալը հիմնականում ձևավորվել է որպես առևտրային ու վաշխառու կապիտալ։ Նա նշեց, որ Հայաստանի անկախության առաջին տարիներին թույլ չտրվեց ձևավորել ինտելեկտուալ ազդեցություն ունեցող տնտեսական շերտ, ինչի հետևանքով մեծահարուստները սկսեցին տիրապետել նաև քաղաքականությանը։ Մովսեսը քննադատեց այն մոտեցումը, երբ բիզնեսի ներկայացուցիչներին զանգվածաբար ներգրավում են պետական կառավարման մեջ՝ ասելով, որ հասարակության յուրաքանչյուր շերտ պետք է զբաղվի իր գործառույթով։
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին խոսելիս Հակոբ Մովսեսը ասաց, որ որևէ պետություն չի կարող Հայաստանին «դուրս հանել» որևէ միությունից։ Նրա կարծիքով՝ նման հայտարարությունները քաղաքական ճնշման և ահաբեկման ձև են։ Միաժամանակ նա նշեց, որ Ռուսաստանի հիմնական նպատակը Անդրկովկասում ազդեցության գոտիների պահպանումն է, իսկ Հայաստանի համար հիմնական հարցը հետևյալն է՝ արդյոք Ռուսաստանը ապագայում Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանը չի օգտագործի որպես փոխանակման գործիք։

Մովսեսը անդրադարձավ նաև հասարակության մեջ տարածվող վախերին՝ կապված Թուրքիայի, Ադրբեջանի, գազի կամ տնտեսական ճնշումների հետ։ Նա կարծում է, որ այդ վախերը հաճախ քաղաքական մանիպուլյացիայի գործիք են։ Նրա խոսքով՝ ժողովուրդները երբեմն ստիպված են դժվարություններ հաղթահարել սեփական անկախությունն ու պետականությունը պահպանելու համար, և եթե Հայաստանը մշտապես կախված մնա արտաքին ճնշումներից, երբեք չի ձևավորվի որպես լիարժեք ինքնուրույն պետություն։ Ինչ վերաբերում է 300 հազար ադրբեջանցու՝ Հայաստան գալու խոսույթին, ապա Մովսեսը նշեց, որ 300 հազար ադրբեջանցի կգան Հայաստան՝ եթե Մեղրին դրվի ռուսական ազդեցության ներքո։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
