Վարչապետի հանրային աջակցությունը շարունակում է բարձր մնալ, և դրա պատճառներից մեկն ընդդիմության թուլությունն է։
Յուրի Մովսեսյան
FactorTV‑ն զրուցել է Ռեստարտ հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանի հետ։Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի նախընտրական լարված մթնոլորտը՝ կենտրոնանալով քաղաքական հետապնդումների, վարչական ռեսուրսի չարաշահման և արտաքին ուժերի ազդեցության վրա։ Զրույցի ընթացքում քննարկվում է Արթուր Օսիպյանի կալանավորումը, որը որակվում է որպես քաղաքական դրդապատճառներով իրականացված գործողություն՝ ուղղված ընդդիմադիր խոսքը լռեցնելուն։ Հատուկ անդրադարձ է կատարվում Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշին և նրա կողմից ռազմական տեխնիկայի ցուցադրմանը, ինչը դիտարկվում է որպես քարոզչական նպատակներով պետական լծակների անթույլատրելի կիրառում։ Մովսեսյանը նաև տարբերակում է Արևմուտքի ժողովրդավարական աջակցությունը Ռուսաստանի հիբրիդային միջամտությունից, միաժամանակ մատնանշելով ներկայիս ընդդիմության թուլությունն ու արհեստական բնույթը։

Յուրի Մովսեսյանը նշեց, որ ինքը կասկածի տակ չի դնում իրավապահ համակարգի այն պնդումը, թե Արթուր Օսիպյանի գործողությունները կարող էին գնահատվել որպես հանրության դեմ ուղղված արարք, սակայն, նրա կարծիքով, նույնիսկ եթե դա դիտարկվի որպես խուլիգանություն, ընտրված խափանման միջոցը անհամաչափ է։ Նա ասաց, որ տեսանյութը դիտելիս քաղաքական հարթության վրա դժվար է դա ընկալել որպես խուլիգանություն։
Մովսեսյանի դիտարկմամբ՝ նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսույթում ևս եղել են արտահայտություններ, որոնք այլ պայմաններում կարող էին գնահատվել ոչ թե որպես քաղաքական խոսք, այլ որպես ընդդիմադիրներին ոչ իրավական ճանապարհով պատժելու ակնարկ։ Նրա խոսքով՝ վարչապետի կողմից օգտագործված «սատկացնել» ձևակերպումը նույնպես կարող էր ընկալվել որպես ատելության կամ բռնության խոսույթ, սակայն ինքը երկու կողմերի արտահայտություններն էլ դիտարկում է քաղաքական խոսույթի շրջանակում։ Արթուր Օսիպյանի կողմից օգտագործված «բմբլահան անել» արտահայտությունը ևս փոխաբերական իմաստ ունի և չի կարող բառացի ընկալվել։ Նա ընդգծեց, որ Օսիպյանը տարիներ շարունակ զբաղվել է կոռուպցիոն դեպքերի բացահայտմամբ և նրան չի կարելի ներկայացնել որպես «նախկին» կամ «թալանչի»։
Յուրի Մովսեսյանի խոսքով՝ խնդիրը քաղաքական նպատակահարմարության մեջ է, քանի որ, ըստ նրա, քաղաքական մեծամասնությունը շարունակում է իրավապահ համակարգի վրա ազդեցություն ունենալ։ Նա հայտարարեց, որ Հայաստանում արդեն կա քաղբանտարկյալի երևույթ, և Արթուր Օսիպյանի գործը հենց այդ օրինակներից է։ Մովսեսյանը նշեց, որ իշխանության ներկայացուցիչներն անգամ խուսափում են հստակ ասել՝ Օսիպյանը հանցագործություն արե՞լ է, թե՞ ոչ, ինչը, նրա գնահատմամբ, ցույց է տալիս գործի վիճահարույց բնույթը։

Նա նաև դիտարկեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ կոշտ բառապաշարով բանավիճելը, հատկապես Ղարաբաղի թեմայով, կարող է ընկալվել որպես «կարմիր գիծ» անցնել, ինչի հետևանքով մարդը կարող է հայտնվել քրեական հետապնդման տակ։
Յուրի Մովսեսյանը նշեց, որ վարչապետի վարքագծի վերաբերյալ երկու բացատրություն կա՝ կամ նա հախուռն բնավորության տեր մարդ է և որոշ քայլեր անում է էմոցիոնալ վիճակում, կամ ամեն ինչ անում է գիտակցված՝ որոշակի ուղերձներ փոխանցելու համար։ Նրա կարծիքով՝ երկու տարբերակներն էլ մտահոգիչ են Հայաստանի նման փխրուն ժողովրդավարության պայմաններում։
Մովսեսյանը հիշատակեց նաև մետրոյում արցախցի կնոջ հետ կապված միջադեպը՝ նշելով, որ դժվար է հասկանալ՝ դա գիտակցված թիրախավորում էր, թե պահի ազդեցության արդյունք։ Նա ընդգծեց, որ նման պահվածքը, անկախ պատճառներից, խնդրահարույց է։
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցին՝ Յուրի Մովսեսյանը հայտարարեց, որ չի կիսում այն տեսակետը, թե Նիկոլ Փաշինյանը վարկանիշ չունի։ Ըստ նրա՝ վարչապետի հանրային աջակցությունը շարունակում է բարձր մնալ, և դրա պատճառներից մեկն ընդդիմության թուլությունն է։
Մովսեսյանի գնահատմամբ՝ Ռուբիոյի այցը կարող է ունենալ նախընտրական ֆոն, սակայն դա չի նշանակում Հայաստանի ներքին գործերին միջամտություն։ Նա ասաց, որ տարբեր արտաքին ուժեր կարող են աջակցել Փաշինյանի արտաքին քաղաքականությանը, և դա նորմալ երևույթ է։ Նրա խոսքով՝ միջամտությունը սկսվում է այն ժամանակ, երբ աջակցությունը վերածվում է ընտրական գործընթացների վրա ազդելու գործիքի։
Յուրի Մովսեսյանը համեմատեց արևմտյան և ռուսական ազդեցությունները՝ նշելով, որ արևմտյան ծրագրերը հիմնականում ուղղված են Հայաստանի դիմակայունության բարձրացմանը, մինչդեռ Ռուսաստանը, նրա խոսքով, օգտագործում է ապատեղեկատվություն և «ֆեյքերի ֆաբրիկաներ»՝ հանրային տրամադրությունների վրա ազդելու համար։
Նա ընդգծեց, որ արևմտյան աջակցությամբ իրականացվող ծրագրերը նպատակ ունեն օգնել ընտրողներին գիտակցված որոշումներ կայացնել, ոչ թե ուղղորդել նրանց որևէ քաղաքական ուժի օգտին։ Մովսեսյանը օրինակ բերեց իրենց կազմակերպության կողմից իրականացվող երիտասարդական հավաքները, որտեղ, ըստ նրա, բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հարթակ է տրամադրվում ընտրողների հետ հանդիպելու համար։

Խոսելով ընտրական գործընթացների մասին՝ Յուրի Մովսեսյանը նշեց, որ Հայաստանում կան պրոֆեսիոնալ դիտորդական առաքելություններ, որոնք փաստահեն կերպով արձանագրում են խախտումները, այդ թվում՝ իշխող ուժի կողմից։ Նա շեշտեց, որ ընդդիմության մի մասը հաճախ չափազանցված ձևակերպումներ է օգտագործում՝ հայտարարելով, թե «ընտրությունները կեղծված են», առանց բավարար փաստական հիմքի։
Մովսեսյանը անդրադարձավ նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցմանը՝ նշելով, որ, թեև սոցիոլոգիական հարցումները դոգմա չեն, IRI‑ի ուսումնասիրությունները սովորաբար մոտ են լինում իրական տրամադրություններին։ Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը վերջին շրջանում աճել է, իսկ ընդդիմադիր հիմնական ուժերը լուրջ խնդիրներ ունեն։
Նա ասաց, որ ընդդիմության գլխավոր թերություններից մեկը բացասական քարոզչության վրա կենտրոնանալն է։ Մովսեսյանի խոսքով՝ հատկապես Սամվել Կարապետյանի թիմը մշտապես փորձում է վախի մթնոլորտ ստեղծել՝ խոսելով «300 հազար ադրբեջանցիների գալու» մասին և նման քարոզչությամբ մոբիլիզացնել ընտրողներին։
Յուրի Մովսեսյանը նշեց, որ ընդդիմադիր հիմնական ուժերը չեն դիմանում այն քաղաքական տեմպին, որը թելադրում է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը երկար տարիների փորձ ունի թե՛ որպես ընդդիմադիր, թե՛ որպես իշխանություն, մինչդեռ մյուս ուժերը սովոր են եղել այլ քաղաքական մշակույթի։
Նա նաև կարծիք հայտնեց, որ որոշ ընդդիմադիր ուժեր արհեստական են ձևավորվել և մեծապես կապված են ռուսական ազդեցության հետ։ Մովսեսյանի գնահատմամբ՝ այդ ուժերը հաճախ չեն կարողանում թաքցնել իրենց կախվածությունը արտաքին կենտրոններից, ինչը թուլացնում է նրանց քաղաքական արդյունավետությունը։

Վերջում Յուրի Մովսեսյանը կանխատեսեց, որ հաջորդ խորհրդարանում ընդդիմադիր ուժերի թիվը կարող է ավելանալ, սակայն դրանք կլինեն ավելի մասնատված և թույլ, քան 2021 թվականին։ Նա նաև չբացառեց, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժը կարող է ընդհանրապես չհաղթահարել անցողիկ շեմը։ 8 տարի հետո, Փաշինյանի վարկանիշի բացառիկ բարձրացումը գլխավորաբար այսօրվա ընդդիմության «շնորհն» է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
