Բազմաթիվ կարևոր հանքեր անցել են ռուսական վերահսկողության տակ։ ԱՄՆ‑ի հետ կնքվող նոր համաձայնագրերը կարող են աստիճանաբար հնարավորություն ստեղծել այդ խնդիրները լուծելու համար։
Ներսես Կոպալյան
1inTV‑ն զրուցել է ԱՄՆ Նևադայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագիտության դոկտոր Ներսես Կոպալյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների որակական նոր փուլը, որն առանձնանում է համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատմամբ։ Հիմնական շեշտադրումը կատարվում է Հայաստանի համար ամերիկյան սպառազինության և ռազմական տեխնոլոգիաների հասանելիության, ինչպես նաև տեղական ռազմարդյունաբերության զարգացմանը միտված գործնական քայլերի վրա։ Հարցազրույցը բացահայտում է, թե ինչպես է այս համագործակցությունն ամրապնդում երկրի դիմակայունությունը և անվտանգային ճարտարապետությունը՝ միաժամանակ նպաստելով տնտեսական և էներգետիկ դիվերսիֆիկացմանը։ Կոպալյանը դիտարկում է այս զարգացումները որպես ռուսական ազդեցությանը հակազդելու և Հայաստանը եվրոատլանտիկ համակարգին ավելի մոտեցնելու երկարաժամկետ ռազմավարության կարևորագույն բաղադրիչ։
Ներսես Կոպալյանը նշեց, որ «TRIPP»-ի շուրջ նախաստորագրված շրջանակային համաձայնագիրը հիմնականում տեխնիկական բնույթի փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս ավելի հստակ հասկանալ ծրագրի կառուցվածքը, զարգացման ընկերությունների դերաբաշխումը և այն մեխանիզմները, որոնց միջոցով Հայաստանը և Միացյալ Նահանգները համագործակցելու են ներդրումային ու տնտեսական ուղղություններով։ Նրա խոսքով՝ այժմ արդեն պարզ են դառնում այն կոնկրետ մանրամասները, որոնք նախկինում բացակայում էին, և մնացել է միայն վերջնական ստորագրությունը, որից հետո հնարավոր կլինի սկսել նախագծի գործնական իրականացումը։

Ներսես Կոպալյանը դիտարկեց, որ ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունն առավել կարևոր փաստաթուղթ է, քանի որ այն լրացնում է նախկին ռազմավարական օրակարգի բացերը։ Քաղաքագետը շեշտեց, որ նոր փաստաթղթով Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել Հայաստանին վաճառել զինտեխնիկա և զինամթերք, ինչը նախկինում նախատեսված չէր։ Նրա խոսքով՝ Հայաստանը հնարավորություն է ստանում օգտվել այն տեխնոլոգիաներից ու ռազմական գիտելիքներից, որոնք նախկինում հասանելի չէին։
Նոր օրակարգը ներառում է նաև Հայաստանի ռազմական արդյունաբերության զարգացմանն ուղղված ամերիկյան ներդրումներ և աջակցություն։ Սա կարևոր քայլ է Հայաստանի պաշտպանունակության և ռազմատեխնիկական ներուժի բարձրացման համար, քանի որ երկիրը կարող է օգտվել ամերիկյան գիտական և տեխնոլոգիական փորձից։ Նրա խոսքով՝ համագործակցությունը վերաբերում է նաև ռազմական կրթությանը և բանակի վերափոխմանը։
Ներսես Կոպալյանը շեշտեց, որ համապարփակ գործընկերության մեջ առանձնահատուկ տեղ ունի Հայաստանի դիմակայության կարողությունների զարգացումը։ Նա ասաց, որ եթե նախկինում ԱՄՆ աջակցությունը հիմնականում սահմանափակվում էր կիբերանվտանգությամբ, ապա այժմ խոսքը ամբողջ անվտանգության ճարտարապետության ձևավորման մասին է։ Քաղաքագետի գնահատմամբ՝ սա թույլ է տալու Հայաստանին ստեղծել ավելի ուժեղ զսպման մեխանիզմներ և ձեռք բերել այնպիսի կարողություններ, որոնք նախկինում անհասանելի էին։
Կոպալյանը նկատեց, որ ամերիկյան ներդրումները և ռազմական համագործակցությունը նաև քաղաքական ու անվտանգային նշանակություն ունեն։ Նրա խոսքով՝ եթե Միացյալ Նահանգները ներդրումներ է կատարում որևէ երկրի պաշտպանական և տնտեսական համակարգերում, ապա այդ երկրի անվտանգությունն արդեն առնչվում է նաև ամերիկյան շահերին։ Նա օրինակ բերեց Վիետնամը, Սաուդյան Արաբիան և Քաթարը՝ նշելով, որ նման ձևաչափեր ԱՄՆ‑ն կիրառում է այն երկրների նկատմամբ, որոնք դիտարկվում են որպես ապագա դաշնակիցներ։
Ներսես Կոպալյանը բացատրեց, որ Հայաստանը դեռ գտնվում է ամերիկյան տեխնոլոգիական սահմանափակումների «D» կատեգորիայում, սակայն նոր օրակարգը թույլ է տալու որոշ ոլորտներում օգտվել «B» մակարդակի հնարավորություններից։ Նրա խոսքով՝ դա կարևոր է հատկապես բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և ռազմական տեխնոլոգիաների հասանելիության տեսանկյունից։ Նա նշեց, որ Միացյալ Նահանգները խիստ չափանիշներ ունի, և վստահության մակարդակը կարևոր դեր է խաղում նման տեխնոլոգիաների փոխանցման հարցում։
Դոկտոր Կոպալյանը նաև անդրադարձավ Հայաստանի և ԱՄՆ‑ի միջև ստորագրված հուշագրին՝ կապված կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ մետաղների արդյունահանման ու մշակման ոլորտի հետ։ Նա ասաց, որ այդ թեմայով բանակցությունները սկսվել են մոտ մեկուկես տարի առաջ, քանի որ այդ ռեսուրսները կարևոր նշանակություն ունեն ամերիկյան բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համար։ Նրա խոսքով՝ Հայաստանի բնական պաշարները ռազմավարական հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն ԱՄՆ‑ի, այլ նաև արևմտյան մյուս գործընկերների համար։
Կոպալյանը քննադատեց նախկին իշխանությունների ժամանակ Հայաստանի հանքային ռեսուրսների կառավարման համակարգը՝ նշելով, որ բազմաթիվ կարևոր հանքեր անցել են ռուսական վերահսկողության տակ։ Նա կարծում է, որ ԱՄՆ‑ի հետ կնքվող նոր համաձայնագրերը կարող են աստիճանաբար հնարավորություն ստեղծել այդ խնդիրները լուծելու համար։
Ներսես Կոպալյանը դիտարկեց, որ ԱՄՆ‑ն և Եվրամիությունը Հայաստանի նկատմամբ ունեն փոխլրացնող մոտեցումներ, և այստեղ հակասություններ չկան։ Նրա խոսքով՝ եվրոպացիները վաղուց պատրաստ են եղել աջակցել, օրինակ, Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկմանը, իսկ այժմ այդ նախագիծը կարևոր տեղ է զբաղեցնում նաև ամերիկյան օրակարգում։ Նա նշեց, որ եվրաատլանտյան ինտեգրումը չի նշանակում ՆԱՏՕ‑ի անդամակցություն, և Հայաստանի հետ այդ հարցը երբեք գործնական մակարդակով չի քննարկվել։
Քաղաքագետը շեշտեց, որ ՆԱՏՕ‑ի թեման հիմնականում օգտագործվում է Ռուսաստանի կողմից՝ որպես հիբրիդային ազդեցության գործիք Հայաստանի դեմ։ Նրա խոսքով՝ Հայաստանը երբեք պաշտոնապես չի հայտարարել, թե ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին, իսկ նման պնդումները օգտագործվում են ներքին վախեր ստեղծելու նպատակով։
Ներսես Կոպալյանը անդրադարձավ նաև Կարս-Գյումրի երկաթուղու հարցին՝ նշելով, որ Ռուսաստանը փաստացի հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, բայց միաժամանակ խոչընդոտում է այլընտրանքային լուծումների իրականացմանը։ Նրա կարծիքով՝ Հայաստանը ստիպված է լինելու սեփական ուժերով լուծել ենթակառուցվածքային խնդիրները, եթե Ռուսաստանը շարունակի պահպանել ներկայիս մոտեցումը։
Կոպալյանը խոսեց նաև Ռուսաստանի հնարավոր տնտեսական ճնշումների մասին՝ կապված Հայաստանի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի հետ։ Նա ասաց, որ Մոսկվան կարող է փորձել տնտեսական խնդիրներ ստեղծել, սակայն լայնածավալ պատժամիջոցները, ըստ նրա, կհակասեն հենց Ռուսաստանի շահերին, քանի որ այդ քայլերը միայն կարագացնեն Հայաստանի ինտեգրումը արևմտյան շուկաներին և նոր գործընկերային համակարգերին։
Ներսես Կոպալյանը համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանը չի հավատում, թե 2026 թվականի ընտրությունների միջոցով կարող է իշխանափոխություն իրականացնել Հայաստանում։ Նրա գնահատմամբ՝ Մոսկվայի հիմնական նպատակը ոչ թե անմիջական իշխանափոխությունն է, այլ երկարատև անկայունության ստեղծումը, ժողովրդավարական համակարգի թուլացումը և հասարակության բևեռացումը։ Նա նշեց, որ Ռուսաստանը փորձում է օգտագործել սեփական պրոքսիներին և Հայաստանում գործող ազդեցության ցանցերը՝ ներքաղաքական լարվածություն պահպանելու համար։

Քաղաքագետը եզրափակեց, որ վերջին ամերիկյան այցն ու նոր ռազմավարական փաստաթղթերը փոխում են տարածաշրջանային դինամիկան և ուժեղացնում Հայաստանի դիմակայությունը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների ներգրավվածությունն արդեն ազդում է այն ռազմավարական հաշվարկների վրա, որոնք Ռուսաստանը մշակել էր Հայաստանի նկատմամբ առաջիկա տարիների համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
