Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են վերանայման փուլում, սակայն Հայաստանը շահագրգռված չէ նոր թշնամիներ ձեռք բերելու հարցում։ Հայաստանը ցանկանում է ունենալ բնականոն հարաբերություններ Ռուսաստանի հետ, սակայն միաժամանակ իրականացնում է դիվերսիֆիկացիայի քաղաքականություն։
Թագուհի Ղազարյան
1inTV‑ն զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Զրույցի ըթնացքում քննարկվում է երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը, որում առանցքային տեղ է զբաղեցնում կրթական բարեփոխումների և նոր չափորոշիչների ներդրման կարևորությունը։ Քննարկվում են նաև տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման գործընթացը՝ շեշտադրելով սեփական ուժերին ապավինելու անհրաժեշտությունը։ Պատգամավորը պարզաբանում է, որ առաջիկա ընտրությունները պետք է դիտարկել ոչ թե որպես աշխարհաքաղաքական կողմնորոշման հանրաքվե, այլ որպես խաղաղության օրակարգի և սոցիալական բարեկեցության հաստատմանն ուղղված քվեարկություն։ Եզրափակելով՝ նա մատնանշում է պետության զարգացման ռազմավարական առաջնահերթությունները, այդ թվում՝ տնտեսության դիվերսիֆիկացումը և ենթակառուցվածքների արդիականացումը՝ որպես կայուն ինքնիշխանության նախապայման։
Թագուհի Ղազարյանը նշեց, որ հանրակրթության նոր չափորոշիչներում ներառված են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ հմտություններ, այդ թվում՝ երթևեկության կանոնները, մեդիագրագիտությունը, թվային անվտանգությունը և ֆինանսական գրագիտությունը։ Նրա խոսքով՝ երեխաները տարրական դասարաններից սկսած ստանում են նման գիտելիքներ, իսկ նոր չափորոշիչներով կրթություն ստացող աշակերտների և նախկին համակարգով կրթվածների միջև արդեն նկատելի տարբերություն կա։ Ֆինանսական գրագիտությունը ևս ներառված է կրթական ծրագրերում։ Նա առաջարկեց ուսումնասիրել հրապարակված չափորոշիչներն ու դասագրքերը, քանի որ դրանք բաց հասանելի են և հնարավորություն են տալիս տեսնելու, թե ինչ բովանդակություն է նախատեսված դպրոցներում։

Կրթական բարեփոխումների արդյունքները արդեն երևում են։ Նրա խոսքով՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ նոր չափորոշիչների ներդրումից հետո աշակերտների գիտելիքների մակարդակը բարելավվել է, և նախկինում առկա կրթական բացերի մի մասը սկսել է կրճատվել։
Խոսելով երեխաների անվտանգության մասին՝ պատգամավորը կարծիք հայտնեց, որ երեխաներին անհրաժեշտ է պաշտպանել ոչ միայն ճանապարհային կամ սոցիալական վտանգներից, այլև պատերազմներից ու ագրեսիայից։ Նա դիտարկեց, որ խաղաղությունը ներկայումս պետության կարևորագույն նպատակներից մեկն է, քանի որ խաղաղ պայմաններում սոցիալական և կրթական խնդիրների լուծումը դառնում է ավելի արդյունավետ։
Թագուհի Ղազարյանը նաև անդրադարձավ ժողովրդագրական խնդիրներին։ Նրա գնահատմամբ՝ 2019 թվականին արձանագրված ծնելիության աճը դրական ազդեցություն է ունեցել դպրոցների վրա, և բազմաթիվ համայնքներում երեխաների թիվն աճել է։ Նա հույս հայտնեց, որ խաղաղության և կայունության պայմաններում ծնելիության դրական միտումները կվերականգնվեն։
Պատգամավորը, անդրադառնալով պատմության դասագրքերի բովանդակությանը, նշեց, որ դրանց ստեղծման գործընթացը պետք է լինի մասնագիտական և անկախ քաղաքական միջամտություններից։ Նրա խոսքով՝ չափորոշիչները մշակվում են մասնագետների կողմից, դասագրքերը գրում են այլ մասնագետներ, իսկ գնահատումը կատարում են անկախ փորձագետներ։ Ղազարյանըշեշտեց, որ քաղաքական գործիչները չպետք է թելադրեն պատմական նարատիվները։ Նա կարևորեց քննադատական մտածողության ձևավորումը և նշեց, որ պատմության ուսուցման նպատակը ոչ թե նախապես տրված գաղափարներ փոխանցելն է, այլ աշակերտներին պատմական իրադարձությունները վերլուծելու կարողություն տալը։
Ազգային ժողովի պատգամավորը նաև անդրադարձավ դպրոցներում երբեմն տարածվող ծայրահեղ ազգակենտրոն պատկերացումներին։ Նա ընդունեց, որ նման երևույթներ կարող են լինել, սակայն դրանք միայն կրթական համակարգի խնդիր չեն, այլ հասարակական մտածողության մաս են կազմում։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է աշխատել ուսուցիչների հետ, որպեսզի երեխաները ճանաչեն նաև այլ ժողովուրդների ձեռքբերումներն ու կարողանան ավելի լայն հայացքով ընկալել աշխարհը։
Խոսելով բուհերի մասին՝ Թագուհի Ղազարյանը նշեց, որ բարձրագույն կրթությունը ներկայումս հետ է մնում հանրակրթական համակարգից։ Նրա գնահատմամբ՝ վերջին տարիներին հիմնական շեշտադրումը եղել է դպրոցների վրա, իսկ առաջիկա տարիներին ուշադրության կենտրոնում պետք է հայտնվեն բուհերը։ Նա նշեց, որ բնական գիտությունների ոլորտում արդեն նկատելի առաջընթաց կա․ եթե նախկինում ֆիզիկայի ևքիմիայի ուսուցիչների պակաս կար, ապա այժմիրավիճակը բարելավվում է։ Միաժամանակ, պատգամավորը համաձայնեց, որհասարակագիտական ոլորտներում լուրջ խնդիրներ կան, և այդ ուղղությամբ անհրաժեշտ է մշակել առանձին ռազմավարություն։
Ղազարյանը կարծիք հայտնեց, որ հասարակագիտական կրթության հիմնական խնդիրը քննադատական մտածողության պակասն է։ Նրա խոսքով՝ հաճախ կարելի է հանդիպել մասնագետների, որոնք ունեն նախապես ձևավորված դիրքորոշումներ և ամեն ինչ փորձում են հարմարեցնել դրանց, մինչդեռ կրթության նպատակը պետք է լինի անկախ վերլուծելու կարողության զարգացումը։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ պատգամավորը նշեց, որ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների հայտարարությունների հիմնական հասցեատերը, իր կարծիքով, ոչ թե Հայաստանի իշխանություններն են, այլ Հայաստանի հասարակությունն ու ընտրողները։ Նա դիտարկեց, որ այդ հայտարարություններով փորձ է արվում ազդել հանրային տրամադրությունների վրա։ Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են վերանայման փուլում, սակայն Հայաստանը շահագրգռված չէ նոր թշնամիներ ձեռք բերելու հարցում։ Նա շեշտեց, որ Հայաստանը ցանկանում է ունենալ բնականոն հարաբերություններ Ռուսաստանի հետ, սակայն միաժամանակ իրականացնում է դիվերսիֆիկացիայի քաղաքականություն։
Խոսելով Արցախի թեմայի շուրջ հնչող մեղադրանքների մասին՝ Ղազարյանը նշեց, որ հասարակության լայն շրջանակներում ինքը նման մեղադրանքներ չի տեսնում, այլ դրանք ավելի շատ շրջանառվում են որոշ քաղաքական և մեդիա շրջանակներում։ Նրա կարծիքով՝ մարդկանց հիմնական հիասթափությունը կապված է այն հանգամանքի հետ, որ իրենց սպասումները չեն արդարացել, և անվտանգության այն համակարգը, որի վրա հույս էին դրել, չի ապահովել ցանկալի արդյունքը։ Պատգամավորը դիտարկեց, որ Հայաստանի հասարակության գլխավոր դասը վերջին տարիների իրադարձություններից այն է, որ պետությունը պետք է առաջին հերթին հենվի սեփական ուժերի վրա։
Անդրադառնալով հայաստանցիների և արցախցիների միջև հարաբերություններին՝ Թագուհի Ղազարյանը նշեց, որ երկու կողմերում էլ կան վիրավորվածություններ։ Նրա խոսքով՝ Հայաստանի բնակիչների մի մասը համոզված է, որ տասնամյակներ շարունակ մեծ ռեսուրսներ, զոհեր և հնարավորություններ են ներդրել Արցախի պաշտպանության համար, իսկ արցախցիների մի մասը ցավ ու հիասթափություն է ապրում տեղի ունեցածի պատճառով։ Նա կարծում է, որ այդ փոխադարձ ցավը հաճախ օգտագործվում է քաղաքական նպատակներով։ Արցախցիների մեծամասնությունը չի նույնանում այն քաղաքական գործիչների հետ, որոնք ներկայանում են որպես նրանց միակ ներկայացուցիչներ։ Նա հիշեցրեց, որ Հայաստանում արդեն տասնյակ հազարավոր արցախցիներ ստացել են Հայաստանի քաղաքացիություն և ինտեգրվել հասարակությանը։
Խոսելով առաջիկա տարիների առաջնահերթությունների մասին՝ պատգամավորը հայտարարեց, որ ամենակարևոր նպատակը խաղաղության ինստիտուցիոնալացումն է։ Նրա խոսքով՝ խաղաղությունը հնարավոր կլինի ամրապնդել տնտեսության զարգացման, պետական ինստիտուտների ուժեղացման և արտաքին կապերի դիվերսիֆիկացման միջոցով։Հայաստանը վերջին տարիներին ակտիվորեն խորացնում է համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ, և այդ համագործակցությունը վերաբերում է ինչպես տնտեսությանը, այնպես էլ պետական կառավարման ու անվտանգության ոլորտներին։ Առաջիկա տարիների կարևոր խնդիրներից են նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը, խաղաղության պայմանագրի ստորագրումը և սահմանազատման գործընթացի շարունակությունը։
Վերջում պատգամավորը նշեց, որ ներքին քաղաքականության երկու գլխավոր ռազմավարական ուղղություններն են կրթության ոլորտի զարգացումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը։ Ղազարյանի գնահատմամբ՝ եթե այս երկու ուղղություններով հաջողվի առաջընթաց ապահովել, ապա հինգ տարի անց Հայաստանը կունենա զգալիորեն ավելի զարգացած և կայուն պետական համակարգ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
