Նրանց հիմնական նպատակը Հայաստանի եվրոպական և արևմտյան ուղղության արգելակումն է։ Այդ ուժերը դեմ են խաղաղության գործընթացին, ԱՄՆ‑ի և Եվրամիության հետ խորացող համագործակցությանը և տարածաշրջանային նոր հնարավորություններին։
Հովսեփ Խուրշուդյան
The Point Armenia‑ն զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի նախընտրական իրավիճակը՝ կենտրոնանալով ինքնիշխանության պահպանման և արտաքին քաղաքական վեկտորի ընտրության վրա։ Խուրշուդյանը զգուշացնում է ռուսական տնտեսական լծակների և քաղաքական միջամտությունների վտանգների մասին, որոնք նպատակ ունեն երկիրը պահել կախյալ վիճակում։ Որպես այլընտրանք՝ շեշտվում է արևմտյան ժողովրդավարական ուժերի դերը խորհրդարանում, ինչը հնարավորություն կտա իրականացնելու արմատական բարեփոխումներ և ամրապնդելու անվտանգությունը։ Զրույցը հորդորիում էքաղաքացիներին լինել զգոն, մերժել կեղղծ-արևմտամետ կերպարներին և գիտակցված քվեարկությամբ ապահովել Հայաստանի եվրոպական ապագան ու տնտեսական դիվերսիֆիկացիան։
Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ Հայաստանի արտաքին առևտրային և քաղաքական կախվածության հարցը երկար ժամանակ բարձրացվել է թե՛ քաղաքացիական հասարակության, թե՛ ժողովրդավարական ընդդիմադիր ուժերի կողմից։ Նրա խոսքով՝ միայն եվրոպական ինտեգրման գործընթացի վերաբերյալ օրենքի ընդունումից հետո պաշտոնապես հայտարարվեց տնտեսական կապերի դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին, սակայն նույնիսկ դրանից հետո բավարար քայլեր չեն իրականացվել։ Խուրշուդյանը կարծում է, որ մեկ տարվա ընթացքում հնարավոր էր զգալի աշխատանք կատարել, սակայն այդ ուղղությամբ լուրջ առաջընթաց չի արձանագրվել։
Նա դիտարկում է, որ պատճառներից մեկը պետական համակարգի մի շարք պաշտոնյաների՝ «հարմարավետ գոտուց» դուրս չգալու ցանկությունն է։ Հովսեփ Խուրշուդյանի գնահատմամբ՝ շատ պաշտոնյաներ կենտրոնացած են ընթացիկ ցուցանիշների պահպանման վրա և չեն առաջնորդվում երկարաժամկետ ռազմավարական նպատակներով։ Նրա խոսքով՝ ավելի հեշտ է շարունակել արդեն գոյություն ունեցող տնտեսական կապերը, նույնիսկ եթե դրանք ապագայում կարող են քաղաքական ճնշման գործիք դառնալ Հայաստանի դեմ։
Խուրշուդյանը նաև նշեց, որ պետական համակարգի տարբեր օղակներում կան անձինք, որոնք, ըստ նրա, սաբոտաժի են ենթարկել եվրոպական ինտեգրման գործընթացը։ Նա հիշեցրեց, որ եվրոպական ուղղությամբ նախաձեռնությունների դեմ քննադատություններ են հնչել ոչ միայն քաղաքական շրջանակներից, այլև որոշ հասարակական գործիչների կողմից։ Նրա գնահատմամբ՝ եվրոպական ինտեգրման ճանապարհին խոչընդոտները շատ են եղել և դեռևս շարունակելու են մնալ։
Հասարակական գործիչը դրական գնահատեց Եվրամիության աջակցությունը Հայաստանին՝ թե՛ ֆինանսական աջակցության, թե՛ հայկական ապրանքների համար շուկաների բացման տեսանկյունից։ Նա կարծում է, որ Եվրամիությունը ցույց է տալիս՝ այն երկրները, որոնք պայքարում են իրենց անկախության համար, կարող են գործընկերներ և դաշնակիցներ գտնել։
Խուրշուդյանը անդրադարձավ նաև ԱՄՆ քաղաքականությանը՝ նշելով, որ Վաշինգտոնի հնչեցրած հայտարարությունները կարևոր էին ոչ այնքան ներքաղաքական ազդեցության, որքան հնարավոր արտաքին սցենարները զսպելու տեսանկյունից։ Նրա կարծիքով՝ նման ուղերձներից հետո Ռուսաստանին ավելի դժվար կլիներ գնալ Հայաստանի նկատմամբ կոշտ գործողությունների կամ ռազմական էսկալացիայի ճանապարհով։
Նա համոզմունք հայտնեց, որ եթե հայ ընտրողները հստակ մերժեն ռուսամետ քաղաքական ուժերին և նրանց չտան բավարար աջակցություն, ապա այդ ուժերի ազդեցությունը կտրուկ կնվազի։ Խուրշուդյանի խոսքով՝ քաղաքացիները պետք է ակտիվ մասնակցեն ընտրություններին, բացատրեն իրենց շրջապատին, որ քվեարկության գաղտնիությունը հնարավոր չէ վերահսկել, և ընտրողներն ազատ են իրենց որոշումների մեջ։Ժողովրդավարական ուժերի կողմնակիցները պետք է ակտիվ քարոզչական աշխատանք տանեն հատկապես այն քաղաքացիների շրջանում, որոնք դեռևս չեն կողմնորոշվել։ Նրա կարծիքով՝ ընտրություններին մասնակցությունը և ժողովրդավարական ուժերի աջակցությունը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար։
Անդրադառնալով Ադրբեջանի թեմային՝ Խուրշուդյանը հայտարարեց, որ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին շրջանառվող թեզերը իրական հիմք չունեն։ Նա կարծում է, որ նման հայտարարությունները հիմնականում ուղղված են հասարակության մեջ վախի մթնոլորտ ձևավորելուն։ Նրա խոսքով՝ այդ քարոզչությունը նպատակ ունի ուժեղացնել ռուսամետ քաղաքական ուժերի դիրքերը։ Ադրբեջանի և Ռուսաստանի շահերը որոշ հարցերում կարող են համընկնել, մասնավորապես՝ Հայաստանի հասարակության վրա ճնշում գործադրելու և վախի մթնոլորտ ստեղծելու առումով։ Նա կարծում է, որ Հայաստանի ուժեղացումն ու ինքնուրույն զարգացումը ձեռնտու չէ ոչ Ռուսաստանին, ոչ էլ Ադրբեջանին։ Հայաստանի հասարակությունը պետք է հնարավորինս նվազագույն աջակցություն ցուցաբերի ռուսամետ ուժերին։ Նրա գնահատմամբ՝ եթե այդ ուժերը դուրս մնան խորհրդարանից, ապա ռուսական ազդեցությունը Հայաստանի քաղաքական համակարգում զգալիորեն կնվազի։
Խուրշուդյանը հիշեցրեց, որ Ադրբեջանում իշխանությունները տարիներ առաջ սահմանափակել են ռուսամետ քաղաքական ազդեցությունները։ Նա նկատեց, որ Ռուսաստանը, չունենալով ներքին ազդեցության լուրջ գործիքներ Ադրբեջանի նկատմամբ, ստիպված է եղել հարմարվել ստեղծված իրավիճակին։ Նրա կարծիքով՝ Հայաստանը ևս կարող է նման արդյունքի հասնել՝ նվազեցնելով ռուսական ազդեցությունը քաղաքական դաշտում։
Անդրադառնալով ռուսաստանաբնակ հայերի ակտիվությանը և ընտրական գործընթացներին՝ Խուրշուդյանը պնդեց, որ որոշ քաղաքական ուժեր օգտվում են արտաքին ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսներից։ Նա քննադատեց ընտրակաշառքների հնարավոր դրսևորումները և ընդգծեց, որ դրանք չեն կարող համարվել ժողովրդավարության արտահայտություն։
Խուրշուդյանը հիշեցրեց, որ իրենք վաղուց ենպահանջել որոշ կուսակցությունների մասնակցության վերանայում՝ ընտրական գործընթացների օրինականության հետ կապված մտահոգությունների պատճառով։ Միաժամանակ նա նկատեց, որ Հայաստանի օրենսդրությունում դեռևս առկա են բացեր, որոնք թույլ են տալիս նման իրավիճակների առաջացում։
Նրա կարծիքով՝ Ազգային ժողովում անհրաժեշտ է ունենալ ժողովրդավարական և արևմտամետ ընդդիմություն, որը կկարողանա ճնշում գործադրել իշխանությունների վրա և առաջ մղել անհրաժեշտ բարեփոխումները։ Հովսեփ Խուրշուդյանը շեշտեց, որ խորհրդարանական ներկայությունը շատ ավելի արդյունավետ գործիք է, քան արտախորհրդարանական պայքարը։
Խոսելով ռուսամետ քաղաքական ուժերի մասին՝ նա պնդեց, որ նրանց հիմնական նպատակը Հայաստանի եվրոպական և արևմտյան ուղղության արգելակումն է։ Նրա գնահատմամբ՝ այդ ուժերը դեմ են խաղաղության գործընթացին, ԱՄՆ‑ի և Եվրամիության հետ խորացող համագործակցությանը և տարածաշրջանային նոր հնարավորություններին։ Եթե խորհրդարանում մեծ ներկայացվածություն ստանան ռուսամետ ուժերը, ապա նրանք կդառնան «կշռաքար» Հայաստանի զարգացման ճանապարհին։ Նրա կարծիքով՝ դրանք կխոչընդոտեն տնտեսական, ռազմական և քաղաքական համագործակցության խորացմանը արևմտյան երկրների հետ։ Ռուսաստանն արդեն օգտագործել է Հայաստանի վրա ունեցած ճնշման բազմաթիվ լծակներ, մինչդեռ Հայաստանը դեռևս ունի բավական գործիքներ սեփական շահերը պաշտպանելու համար։ Խուրշուդյանի խոսքով՝ Հայաստանը կարող է վերանայել բազմաթիվ հարաբերություններ և պայմանավորվածություններ, եթե անհրաժեշտ լինի պաշտպանել իր ինքնիշխան շահերը։
Անդրադառնալով որոշ կուսակցությունների՝ արևմտամետ հռետորաբանությամբ հանդես գալուն՝ Խուրշուդյանը կարծիք հայտնեց, որ դրանց մի մասը իրականում փորձում է քողարկել ռուսամետ քաղաքականությունը։ Նա պնդեց, որ նման ուժերի նպատակը արևմտամետ ընտրազանգվածից ձայներ վերցնելն է և հետագայում դրանք ռուսամետ օրակարգի սպասարկմանը ծառայեցնելը։
Խուրշուդյանը կարևորեց ԱՄՆ‑ի և Եվրոպայի հետ կնքված համաձայնագրերը՝ նշելով, որ դրանք ոչ միայն քաղաքական հայտարարություններ են, այլ նաև կոնկրետ փաստաթղթեր։ Նրա խոսքով՝ հատկապես կարևոր նշանակություն ունեն ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությունները։ Հայաստանը սկսել է զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը, և այդ գործընթացը պետք է շարունակվի արևմտյան գործընկերների հետ համագործակցությամբ։ Խուրշուդյանի կարծիքով՝ գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների և պաշտպանական ոլորտների զարգացումը կարող է ապահովել Հայաստանի երկարաժամկետ առաջընթացը։
Ընտրություններից հետո հնարավոր լարվածությունների հիմնական նախապայմանը կլինի այն, թե որքան աջակցություն կստանան ռուսամետ ուժերը։ Նրա խոսքով՝ եթե հասարակությունը հստակ մերժի այդ ուժերին, ապա հետընտրական ապակայունացման հնարավորությունները զգալիորեն կնվազեն։

Ամփոփելով՝ Խուրշուդյանը կոչ արեց քաղաքացիներին անպայման մասնակցել ընտրություններին և աջակցել ժողովրդավարական ուժերին։ Նա հավելեց, որ անձամբ նախընտրում է, որպեսզի այդ ուժերը լինեն նաև ընդդիմադիր և արևմտամետ, քանի որ, իր համոզմամբ, հենց այդ ճանապարհն է առավել նպաստավոր Հայաստանի զարգացման և անկախության ամրապնդման համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
