Սա շատ նման է «Նիկոլն է կազմակերպել մարտի 1‑ը» ասվածին։ Բայց ավելի խորքային համեմատություն կա․ Ադրբեջանում պնդում են, որ Սումգայիթի ջարդերը հայերն են կազմակերպել, որպեսզի ցեղասպանվածի կերպար ստեղծեն եւ արդարացնեն իրենց տարածքային պահանջները։ Ահա թե որտեղից է գալիս ավանդույթը։
Վահրամ Աթանեսյան
Հանրայինի վերջին բանավեճում Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Լաչինի միջանցքի անխափան գործունեության պատասխանատուն Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն էր։ Ֆեյսբուքում այդ գնահատականը վիճարկել են ընդդիմության աջակից մի քանի փորձագետներ։ Նրանք համարում են, որ Փաշինյանը կամ նոյեմբերի 9‑ի «փաստաթուղթը չի կարդացել, կամ կարդացել է, բայց չի հասկացել»։ Վերագրումներից զերծ մնալու համար այդ փաստաթղթի՝ Լաչինի միջանցքին վերաբերող հատվածը մեջբերենք ռուսերեն բնագրով։ «Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу, остаётся под контролем миротворческого контингента Российской Федерации»։(Թարգմանություն՝ Լաչինի միջանցքը(5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի հետ կապը՝ ընդ չի ընդգրկելու Շուշի քաղաքը, մնում է ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո)։

Այս մեկ նախադասության մեջ երկու «գաղտնագիր» կա։ Առաջին․ Հայաստան-Լեռնային Ղարաբաղ հաղորդակցությունը «պետք է ապահովվի» Շուշի քաղաքը շրջանցող Լաչինի միջանցքով։ Երկրորդ, Լաչինի միջանցքը «գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կոնտրոլի ներքո»։ Ակադեմիկոս Արարատ Ղարիբյանի «Ռուս-հայերեն» բառարանը контроль բառի երեք թարգմանություն ունի՝ հսկողություն, վերահսկողություն, ստուգում։ Քանի որ տվյալ դեպքում խոսքը զորախմբի մասին է, ուրեմն կիրառելի է «վերահսկողություն» տարբերակը։ Այսինքն, Հայտարարության իմաստով Լաչինի միջանցքը «գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո»։
Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման մասին ՌԴ նախագահի հրամանագրում սահմանված է, որ խաղաղապահ զորախումը տեղաբաշխվում է շփման գծում եւ Լաչինի միջանցքի երկայնքով։ Երբ Լաչինի միջանցքը գտնվում է դրա երկայնքով տեղաբաշխված ՌԴ խաղաղապահ զորախմբի կոնտրոլի-վերահսկողության ներքո, այն ինչպե՞ս կարող է փակվել։ Կամ ռազմական ուժի կիրառմամբ խաղաղապահները պետք է դուրս մղվեն, կամ խաղաղապահները վերահսկողությունը պետք է հանձնեն այլ ուժի։

Երրորդ տարբերակ գոյություն ունի միայն Հայաստանի ընդդիմադիր մի քանի ուժերի երեւակայությունում․ «Լաչինի միջանցքը փակվել է Նիկոլ Փաշինյանի կողմից»։ Սա շատ նման է «Նիկոլն է կազմակերպել մարտի 1‑ը» ասվածին։ Բայց ավելի խորքային համեմատություն կա․ Ադրբեջանում պնդում են, որ Սումգայիթի ջարդերը հայերն են կազմակերպել, որպեսզի ցեղասպանվածի կերպար ստեղծեն եւ արդարացնեն իրենց տարածքային պահանջները։ Ահա թե որտեղից է գալիս ավանդույթը։
Վահրամ Աթանեսյան
